Ջերմուկում լարված է, պարբերաբար ծեծկռտուքներ են ծագում

Ջերմուկում լարված է, պարբերաբար ծեծկռտուքներ են ծագում

Մեզ զանգահարած գնդեվազցի կինը չներկայացավ, ասաց, որ վախի մթնոլորտ է, եւ չի ցանկանում իրեն հարվածի տակ դնել։

- Դեպքի ականատե՞ս եք, կարո՞ղ եք ներկայացնել՝ ինչ է եղել։

- Երեկ չէ, առաջին օրը գիշերը՝ ոչ սթափ, թե սթափ վիճակում, գիտակցաբար, թե անգիտակից՝ ցուցարարները հավաքված գոռացել են՝ «Ամուլսարը հանք չի դառնա», «Լիդիան, հեռացիր»։ Երկու մարդ էլ անցնելուց են եղել, ես չգիտեմ՝ իրենք «Լիդիանի» աշխատող են, թե կողմնակից, ադեկվատ, նեյտրալ մարդի՞կ են՝ չգիտեմ, ասել են՝ «գիշերվա ժամ է, մարդիկ քնած են, իրենց տներում հանգստանում են, փողոցներում ի՞նչ եք գոռում, գնացեք ձեր տները, ձեր քաղաքը, ձեր համայնքը։ Գնացեք ձեր տների դիմաց գոռգոռացեք»։ Նրանք էլ՝ «մենք ենք որոշում՝ ինչ պիտի անենք, ոնց վարվենք», «ում ինչ կուզենք, կանենք, մենք ենք երկրի տերը, ինչ պետք է, էն ենք անում, իշխանությունը մենք ենք»։ Ու տենց ծեծկռտուքը գնացել է։ Իրենք շատ են եղել, ընենց են ծեծել էդ երկուսին։ Պատկերացրեք՝ էս ագրեսիվ վիճակում ինչ կանեն էդ երկուսին։

- Ճանաչո՞ւմ եք ծեծողներին, բնապահպա՞ն են, ձեր գյուղի՞ց են, միգուցե սադրիչնե՞ր են։

- Ես չեմ ճանաչում իրենց, անուններով չգիտեմ։ Գիտեմ, որ համայնքի բնակիչ են։ Ըստ որում, ծեծվողներից մեկը՝ Ռուսաստանի քաղաքացի։ Ու նաեւ առաջին դեպքը չէ, որ ասենք՝ սարքեցին իրենց գլխին։ Սա առաջին դեպքը չէ, մի քանի ամիս առաջ նորից էլի մի դեպք եղավ։ Ամբողջ տարին էս վիճակն է եղել։ Եթե հանքին կողմ են, ուրեմն պետք է անպայման էդ մարդու հետեւից գնան։ Արդեն սարսափելի է, ընտանիքի տեր եմ, փոքր երեխա էլ ունեմ։ Նույնիսկ վախենում եմ էրեխուն դուրս թողնեմ։

- Որովհետեւ հանքին կո՞ղմ եք։

- Ահաբեկված եմ ես, մենք հանքին ադեկվատ մարդիկ ենք, մենք կողմ ենք, մենք նեյտրալ ենք, մենք վստահում ենք կառավարությանը, որովհետեւ ես մասնագետ չեմ, ես չեմ հասկանում ընդերքաբանությունից։ Դրա համար մենք ունենք կառավարություն, ոչ թե ունենք մի հատ հանցագործ ոհմակ, որ կարող ա էդ ամբողջը վերլուծի։ Ախր, իրենց մենակ տեսնեք՝ հերիք է, ձեր մոտ հարց կառաջանա՝ արդյոք իրենք բնապահպաննե՞ր են։ Ոնց որ գումարով ուղղորդված առաջադրանք կատարեն։ Եվ հիմա Ջերմուկ, Գնդեվազ շատ լարված իրավիճակ է։ Շատ լարված։ Հատկապես այն բանից հետո, երբ վարչապետն ասաց, որ եթե ջրերին վտանգ չի սպառնում, ուրեմն պետք է հնարավորություն տանք հանքը շահագործելու։ Այ, դրանից հետո իրենց ոխը, իրենց վրեժը հանում են էդ խաղաղ բնակիչներից։ Սա տեռոր ա։

ՀԳ․ ՀՀ ոստիկանությունից հաստատեցին տեղեկությունը ծեծկռտուքի մասով, սակայն, ի տարբերություն տիկնոջ, ըստ ոստիկանության հաղորդած տվյալների՝ «ծեծող» կողմից եղել է 3 մարդ։ Թեպետ ոստիկանությունից հայտնեցին նաեւ, որ ծեծվողներից երկուսը՝ մեկն ականջի վերքով, մյուսը՝ ձախ ակնակապիճի պատռվածքով, տեղափոխվել են հիվանդանոց։