Ո՞ւր անհետացան

Ո՞ւր անհետացան

Պրոֆեսիոնալիզմի ու կոմպետենտության այնպիսի գահավիժում է արձանագրվել մեր երկրում վերջին տարիներին, որ մեր առջեւ ծառացած խնդիրների լուծումը մնացել է ոչ պրոֆեսիոնալ մարդկանց, շարքային քաղաքացիների ուսերին։ Ապշել կարելի է՝ միանգամից ո՞ւր անհետացան մեր փորձառու զինվորականներն ու դիվանագետները, կառավարման մասնագետներն ու տարբեր ոլորտների գիտակները, լավ կրթություն ստացած, կյանքի փորձ, գիտելիքների պաշար, հարուստ կենսագրություն ունեցող անձինք, որոնք աշխատում էին, խնդիրներ էին լուծում, հաղթահարում էին ճգնաժամերն ու ելքեր էին փնտրում, իսկ հասարակությունը շարունակում էր իր գործով զբաղվել, իր առօրյա կյանքով ապրել։

Ողջ ազգն այսօր նստած՝ ռազմական գործ ու միջազգային իրավունք է ուսումնասիրում, բակերում ու խոհանոցներում քննարկում են, թե ինչ ելքեր կան ստեղծված իրավիճակից։ Տաքսիստները ոչ թե անհանգստանում են պատվերների բացակայությունից, այլ տնտեսությունը զարգացնելու առաջարկներ են մշակում, տնային տնտեսուհիները մտախոհ են ոչ թե կենցաղային խնդիրներ կարգավորելով, այլ քննարկում են, թե ինչպես հաղթահարել երկրում ստեղծված ճգնաժամը։ Բոլոր տղամարդիկ, եւ անգամ կանայք, քննարկում են, ուղիներ փնտրում, թե ինչ անել, ինչպես մեր երկրի սահմանները պաշտպանել եւ ագրեսորին մեր տարածքից դուրս շպրտել։

Կառավարումից, ռազմական գործից, կրթությունից ու առողջապահությունից, տնտեսությունից ու արտաքին հարաբերություններից շատ հեռու մարդիկ ստիպված են այս բոլոր հարցերը քննարկել, քանի որ պետությունը, պետական կառույցներն ու պաշտոնյաներն ունակ չեն այդ հարցերը լուծելու, եւ մարդիկ գիտակցում են, որ կարող են հույս դնել միայն իրենց վրա՝ սահմանն իրենք պետք է պաշտպանեն, տնտեսությունն իրենք զարգացնեն, թշնամուն իրենք վռնդեն։