Նախկինն այլևս չի լինի, չի լինի նաև այն, ինչ կա այսօր

Նախկինն այլևս չի լինի, չի լինի նաև այն, ինչ կա այսօր

Այո, նախկինն այլևս չի լինի՝ ինչպես սիրում է կրկնել ՀՀ վարչապետի պաշտոնից կառչած անձը: Չի լինի Ադրբեջանին հսղթած Հայաստանն իր Արցախով: Որի նախագահը մի ժամանակ վարչապետ Փաշինյանի համար ընդամենը մարզպետ էր: Չի լինի այն հայը, որ հպարտ-հպարտ շրջում էր աշխարհով մեկ: Չի լինի այն երկիրը, որի քաղաքացին չէր մտածում անվտանգության մասին: Չէր մտածում ճիշտ այնպես, ինչպես մարդն ընդհանրապես չի մտածում օդի մասին, որը շնչում է: Որովհետև օդի նման ապահովված էր նաև մեր երկրի անվտանգությունը: Այդ ամենը այլևս նախկինի պես չի լինի՝ եթե մենք շարունակենք հանդուժել «մեծարգո» Փաշինյան Նիկոլի վարչապետությունը: 
Բայց միաժամանակ չի լինի Հայաստանում հաստատված գավառական «բեսպրեդելը»: Ինչպես նաև հաստ վզին ոսկեղ շղթայով տառաճանաչ անգրագետների իշխանությունը: Չի լինի ընտրությունների ժամանակ 5 կամ 10 հազար դրամով ձայն գնելու կամ էլ շարքային քաղաքացիներին ահաբեկելու պրակտիկան: Չի լինի հովանավորչության ու կաշառակերության ճահի-ը, որ հաստատվել էր նախկինում: Չի լինի կեղծ հիվանդություն արձանագրելով՝ փողով բանակից ազատվելու պրակտիկան: Չեն լինի բազմաթիվ այլ ապօրինություններ ու անօրինություններ, որ առկա էին նախկինների օրոք: Եվ որոնք պատճառ հանդիսացան, որպեսզի զզվելով այդ ամենից՝ ժողովրդի մեծամասնությունը իշխանություն բերի նիկոլանման ազգային պատուհասին: 

Հայաստանում չի լինի նաև, ինչ առկա է այսօր: Չի լինի նախկինների օրոք խեղճացված հայր և որդի Ալիևներից Իլհամի կողմից խեղճացված Հայաստան: Չի լինի բարեկամներին համարյա թշնամի դարձրած, փոխարենը նոր բարեկամներ չշահած երկիրը: Չի լինի մարդկային զանգված, որն առաջնորդվում է ոչ թե հայրենասիրությամբ ու հայրենակիցների նկատմամբ բարօրությամբ, այլ թշնամանքով: Չի լինի «մարդը մարդուն թշնամի է» մտածողությամբ առաջնորդվող հասարակություն: Չի լինի «գործերս բանի նման չեն, իսկ հարևանս մեքենա առավ» դատողությամբ բնորոշվող հանրություն: Չի լինի «տունս մաքուր լինի՝ թքած բակի վրա» դատողությամբ առաջնորդվող հարևանություն: Չի լինի նման հասարակության մեջ իշխանության մաս կազմող բազմաթիվ անձանց ամբողջություն, որոնց դրդիչ ուժը ոչ թե նվիրյալ լինելն է, այլ փող կուտակելու ու իշխանական վայելքներին տրվելու ձգտումը: 

Չի լինի ժողովրդավարության անվան ներքո մեկ անձի բռնապետություն: Այն էլ կիսագրագետ, ինքնասիրահարված, ստի ու կեղծիքի մարմնավորում, թշնամու հանդեպ վախկոտ, սեփական երկրում քաջնազարյան (և այլն) անձի իշխանություն: Չի լինի ազգային անվտանգության փոխարեն ընդամենը մեկ անձի անվտանգությունն ապահովող ոստիկանապետություն: Չի լինի մարդկանց հիմարի տեղ դնող, մանիպուլյացիան պետական կառավարման մեխանիզմ դարձրած ղեկավարություն: Չի լինի գերեզմանաքարերի առաջ խոնարհվող, սակայն զոհվածների հարազատներին արհամարհող ղեկավարություն: Չի լինի հաղթանակած թշնամուց խաղաղություն մուրող ղեկավարություն: Չի լինի հայրենասիրությանն ու ազգային հերոսներին պատերազմ հայտարարած ղեկավարություն: Չի լինի իր հանցագործությունները չքաված թշնամուն թշնամի չհամարելու մտածողությամբ օժտված ղեկավարություն: Չի լինի երկրի անվտանգությունն ասֆալտ փռելով փոխհատուցող ղեկավարություն: Եվ այլն, և այլն…
Այդ ամենը չի լինի: Դրա փոխարեն կլինի մեր տեղն ու դերն այս մեծ աշխարհում արժանապատվորեն հաստատող իշխանություն: Կլինի մեր հպարտությունը վերգտնելու ու հանուն դրա ինքնազոհության գնալու պատրաստ իշխանություն: Եվ այդ դեպքում կվերահաստատվի Սպարապետի՝ «21-րդ դարը մերն է լինելու» պատգամը: Բայց այդ ամենն ի կատար ածելու համար պետք է կատարենք առաջին քայլը՝ իշխանությունից հեռացնենք Փաշինյան Նիկոլին:

Որպես վերջաբան. ինչ մնում է այսօր Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի կամուրջն Իլհամի հրամանով փակելուն, ապա դա չի անհանգստացնում Նիկոլին: Եվ նա չի վերադառնում Արմավիրի մարզից մայրաքաղաք ու չի հրավիրում Անվտանգության խորհրդի նիստ: Այն, ինչ Ստեփանակերտում արել է Արցախի նախագահը: Նիկոլի վարքը խիստ բնական է, քանի որ նրա համար նշված մարզում գյուղեգյուղ շրջելն ավելի կարևոր է, քան «ինչ-որ» կամրջի փակվելը: Ոչինչ, որ դրանով Արցախն ամբողջովին կտրվում է հայրենիքից: Ինձ էլ մնում է ավելացնելը, որ այդ անձն էլ ոնց ցույց տա, որ թքած ունի Արցախի ճակատագրի վրա: