Մատնագրերի դարաշրջանի մեկնարկը

Մատնագրերի դարաշրջանի մեկնարկը

Հայաստանում ժողովրդավարությունը մղոնանոց քայլերով առաջընթաց է ապրում: Չե՞ք հավատում՝ հետեւե՛ք քրեական գործերի հարուցման գործընթացին: Նույնիսկ անզեն աչքով է տեսանելի, որ հարուցվող քրգործերի քանակը նախկին ժամանակների համեմատ անգամներով ավելի է: Իսկ «նիկոլական ժողովրդավարությունը», առաջին հերթին, ինչո՞վ է բնորոշվում: Ճիշտ եք, հենց քրգործերի հարուցմամբ եւ դրանց քանակով: Չնայած առաջնային խնդիրը քանակ ապահովելն է, սակայն կարեւոր է նաեւ բովանդակության հարցը: Եվ ոչ միայն «ավանդական» գործերի քանակն է ավելանում, այլեւ անընդհատ նորանոր ոլորտներ են ընդգրկվում Քրեական օրենսգրքում: Դրանց ուղղվածությունը, բնականաբար, ոչ թե իրական արդարադատության իրականացման նպատակ է հետապնդում, այլ ունի հստակ արտահայտված «հեղափոխական» բնույթ: 
Իսկ ի՞նչն է այսօր կրում «հեղափոխական» բնույթ: Իհարկե, նախկինների, այո, հենց հատկապես նախկինների կոռուպցիոն դեպքերի քննությունը:  

Բայց կան նաեւ այնպիսի ոլորտներ, որոնք հաստատ դեմ են գնում ժողովրդավարության ոգուն: Բայց ենթադրում եմ, որ դրանք հարազատ են նիկոլական հեղափոխականությանը: Խոսքը վիրավորանքը քրեականացնելու գործընթացի մասին է, ինչը նախկինների կողմից հանվել էր արեւմտյան երկրների ու միջազգային կազմակերպությունների պահանջով: Եվ պաշտպանության տակ առնված անձը, բնականաբար, Փաշինյան Նիկոլն է: Այս օրերին արդեն քրգործեր են հարուցվում առաջին հերթին հենց վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի նկատմամբ վտանգավոր կամ նույնիսկ փիս-փիս խոսքեր ասելու կապակցությամբ: Եվ հետաքրքիրն այն է, որ նման հարցերով զբաղվում է այս կամ այն մակարդակի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժինը։ Պատկերացրի՞ք… Եվ դա՝ նիկոլական Հայաստանում, որտեղ խոսքի ազատությունը, ըստ Նիկոլի, աննախադեպ առաջընթաց է ապրել:

Ի դեպ, նոր պատժիչ դրույթներով Քրեական օրենսգրքի «հարստացումը» պատճառ դարձավ, որպեսզի վերակենդանանա ԽՍՀՄ ղեկավար Իոսիֆ Ստալինի օրոք ծաղկող մատնության երեւույթը: Հետստալինյան ժամանակաշրջանում այն աստիճանաբար վերացավ: Իսկ մեր օրերում սկսում է կրկին ծաղկում ապրել՝ վերածվելով «նիկոլական ժողովրդավարության» երկրորդ բնութագրիչ հատկանիշի: Նախկինների օրոք քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները փորձում էին դրա վրա կառուցել կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական բաղադրիչը: Այսինքն՝ մարդիկ կոռուպցիոն դեպքեր նկատելիս անանուն հաղորդագրություն էին ներկայացնելու քննչական կառույցներին: Սակայն պարզվեց, որ կոռուպցիոն դեպքերի փոխարեն մարդիկ համապատասխան օրգաններին (այդպես էին կոչվում Ստալինի ժամանակ քննչական կառույցները) են հայտնում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի վերաբերյալ այլոց անկեղծ խոսքերն ու գրառումները: 

Չմոռանանք, որ այդ նպատակով հատուկ բաժիններ են առանձնացված նաեւ քննչական մարմիններում: Այնպես որ, խաղաղության դարաշրջանը՝ չգիտեմ, բայց այսօր մենք վճռաբար մուտք ենք գործում մատնագրերի դարաշրջան:

Ավելի երիտասարդ ընթերցողներիս ասեմ, որ ստալինյան ժամանակաշրջանում խորհրդային քաղաքացիների մատնագրերի արդյունքում միլիոնավոր մարդիկ գնդակահարվեցին կամ հայտնվեցին սիբիրյան աքսորավայրերում՝ տեղի ծանր (աշխատանքային եւ կեցության) պայմաններում կնքելով իրենց մահկանացուն: Հայաստանյան «օրգանները», իհարկե, այլեւս չեն կարող մեծավ մասամբ անմեղ մարդկանց «գործուղել» ցրտաշունչ Սիբիր: Բայց կարող են հարվածել մարդկանց գրպանին կամ նույնիսկ ինչ-որ ժամանակով փակել նրանց բանտերում: Մերօրյա վարչակազմը գլուխ էր, չէ՞, գովում, որ այսօր շատ ավելի քիչ բանտարկյալներ ունենք, քան նախկինների ժամանակ էր: 

Բայց դա հեղափոխականության դիրքերից բացթողում էր, ինչը սկզբնապես չէր գիտակցվել եւ ինչը, «բարեբախտաբար», արդեն անցած փուլ է: Չէ՞ որ բանտերը կառուցվում են որոշակի նորմատիվներով, իսկ նորմատիվները մշակվում են, որպեսզի պահպանվեն իշխանության կողմից: