Քաղաքական խանդը վերջնականապես կկործանի Հայաստանը

Քաղաքական խանդը վերջնականապես կկործանի Հայաստանը

Ոչ մի տրամաբանության մեջ չի մտնում, թե հասարակությունն ինչպես հանդուրժեց անցած տարվա նոյեմբերի կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրած ղեկավարին ու վերընտրեց նրան: Դրա արմատները շատ խորն են, որին նորից չենք անդրադառնա. դա հասարակության մտածողության վրա երկար տարիների ներազդման արդյունք է: Հիմա արդեն վտանգված է ՀՀ ինքնիշխան տարածքը, իշխանության ակնհայտ համաձայնությամբ թշնամին կտոր-կտոր պոկում է Հայաստանից ու դիրքեր ամրապնդում, Փաշինյանը գուժում է, որ նոր փաստաթուղթ է ստորագրելու, ու դրա հեռանկարները մշուշոտ են: Այս իրավիճակում պետք է փողոցներն այնպես հեղեղվեին ցուցարարներով, որ ուժայինները չկարողանային այդ հեղեղի դեմն առնել, ու պետք է ուղղակի դուրս շպրտեին այս իշխանությանը կառավարության շենքից: Մինչդեռ ինչո՞վ ենք զբաղված մենք. ոմանք բակերում նարդի են խաղում կամ տաքսու մեջ բողոքելով են զբաղված, ոմանք Ֆեյսբուքում ստատուս գրելով են պայքարում: Իսկ այն մարդիկ, ովքեր ուզում են իրական պայքար մղել, շարժում ձեւավորել, թիրախավորվում են: Երբ «Հայաստան» դաշինքն է հանրահավաք անում, օդում հնչում են փաշինյանական երգերը՝ նախկինների թալանի մասին:

Ավելի հեռուն գնացողները Քոչարյանին մեղադրում են Պուտինին աջակցելու մեջ։ Ասում են՝ Քոչարյանը զբաղեցնում է հասարակության ընդդիմադիր հատվածին, որ այլ՝ իսկական ընդդիմություն չձեւավորվի: Դաշինքի դեմ պայքարում է նաեւ ՀՀԿ-ամերձ մի թեւ, որին չեն գոհացնում դաշինքի գործողությունները: Թեեւ նրանց դժգոհությունը դաշինքից ավելի խոր արմատներ ունի։ Դաշինքից էլ այս թեւին պիտակավորում են որպես հռոմեական խոհանոցի սեղանի տակից խոսողներ: «Փոխհրաձգությունը» երբեմն դադարում է «հրամանատարների» հրահանգով: 

ԱԺԲ-ն իրեն է համարում միակ ազգային ընդդիմադիր ուժը ու նույնպես չի հավանում ոչ մեկին, բացի իրենից, քանի որ ԱՄՆ ու ԵՄ դրոշների տակ պայքարում է ՌԴ-ի ու «Հայաստան» դաշինքի՝ Քոչարյանի դեմ՝ մոռանալով, որ Հայաստանում իշխանության ղեկին Փաշինյանն է: Նոյեմբերի 22-ին սկսվեցին բողոքի նոր ակցիաներ. «Ազատագրական շարժումը» 44 րոպեով փակեց Երեւանի փողոցները, պայքարում էին դեմարկացիայի ու դելիմիտացիայի փաստաթղթի ստորագրման դեմ եւ պահանջում՝ հստակ ասել, թե Ադրբեջանի հետ ինչ բանակցություններ են ընթանում։

Խաղաղ ակցիաների տասնյակ մասնակիցներ բերման ենթարկվեցին։ Առավոտյան, երբ նոր էին սկսվել ակցիաները, փակվել էին մայրաքաղաքի կենտրոնական փողոցները, համացանցում քոչարյանական թեւից սկսեցին թիրախավորվել ակցիայի կազմակերպիչները, թե Փաշինյանի պատվերով են ձեւական ակցիաներ անում, օտարերկրյա ուժեր են, քանի որ այնտեղ էր նաեւ Պավլիկ Մանուկյանը: Սակայն Պավլիկը վաղուց այլեւս «ծռերի» հետ չէ: Երեկոյան շարժման կազմում էին «Զարթոնք» եւ «5165» կուսակցությունները, ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, լրագրող Նաիրի Հոխիկյանը, երգիչ Արսեն Գրիգորյանը, «Կամք»-ից՝ Վահագն Չախալյանը եւ այլք։ 

Ինչպես տեսնում ենք, տարբեր մարդիկ, հասարակական-քաղաքական գործիչներ, որոնք չեն ասոցացվում ո՛չ նախկինների, ո՛չ էլ դրսի ուժերի հետ, կապ չունեն փաշինյանական երգի «հերոս» նախկինների հետ: Այս ակցիայի կազմակերպիչները պահանջում էին ոչ թե Փաշինյանի հրաժարականը, այլ՝ որ Փաշինյանը հրապարակի ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը: Այս պահանջը դուր չեկավ մյուս ընդդիմադիր ուժերին, այն հիմնավորմամբ, թե՝ ասենք թե հրապարակեց, դրանից ի՞նչ է փոխվելու: Այստեղ հարց է առաջանում․ իսկ որ դուք պահանջում եք Փաշինյանի հրաժարականը, դրանից ի՞նչ է փոխվում, Փաշինյանը հրաժարական տվե՞ց, երկիրը փրկվե՞ց: Որոշ ֆեյսբուքյան «քաղաքագետներ» էլ ընդհանրապես «Նիկոլ» են անվանում բոլոր տեսակի ակցիա անողներին: Նրանց հիմնավորումն այն է, որ Փաշինյանը հակասահմանադրական ճանապարհով է եկել իշխանության, հակասահմանադրական ճանապարհով էլ պետք է հեռանա՝ «ուժի զոռով»: Այն տպավորությունն է, թե ակցիա անողները խանգարում են տվյալ «քաղաքական գործչին»՝ Փաշինյանին հակասահմանադրական ճանապարհով հեռացնելու ծրագիրն իրականացնել: Հարցին, թե ինքն ինչ է անում այդ ուղղությամբ, տվյալ «քաղաքագետը» պատասխանում է, թե հնարավորություն չունի, որ ունենա՝ կանի…

Ստացվում է, որ Փաշինյանից դժգոհ եւ իրենց ընդդիմադիր համարող բոլոր ուժերն ու անհատները դժգոհ են բոլորից, ոչ ոք ոչ ոքի չի հավանում, չի վստահում: Արդյունքում ստացվում է, որ բոլորը «փչացնում» են բոլորին, բոլորը դառնում են դավադիր սեւ ուժերի պրոյեկտ, իշխանության խամաճիկ, դրածո ընդդիմություն: Եվ հասարակության մեջ կասկածներ են սերմանվում բոլորի նկատմամբ, ու մարդիկ ոչ մեկի ետեւից դուրս չեն գալիս: Դրանով իրականացվում է հենց իշխանության ցանկությունը՝ հասարակությանը պառակտելը… Մինչդեռ այսօրվա հրամայականն է, որ բոլորը համախմբվեն, անկախ նրանից՝ ռուսամե՞տ են, թե՞ արեւմտամետ, քոչարյանակա՞ն են, «միշիկակա՞ն», թե՞ «ծուռ»: Բոլորի նպատակը պետք է միասնական լինի՝ օր առաջ ազատվել այս աղետաբեր իշխանությունից եւ փրկել Արցախից մնացած հատվածն ու Հայաստանը: