Անտնօրեն վիճակ՝ «Յուքոմում»․«Տաշիրն» ու Գագիկ Խաչատրյանը դիմադրում են

Անտնօրեն  վիճակ՝ «Յուքոմում»․«Տաշիրն» ու Գագիկ Խաչատրյանը դիմադրում են

Բջջային կապի ծառայություններ մատուցող  ամենամեծ ընկերություններից մեկում՝«Յուքոմում» արտասովոր իրավիճակ է։ Պարզ չէ, թե ով է ընկերության գործադիր տնօրենը։ Հիշեցնենք, որ ընկերության նախկին տնօրեն Հայկ Եսայանն ազատման դիմում էր գրել, իսկ ապրիլի 16-ին ընկերության տնօրենների խորհրդի որոշմամբ նրա փոխարեն  գործադիր տնօրեն էր նշանակվել Արա Խաչատրյանը։ Սակայն դրան հետևել էր Հայկ Եսայանի եղբոր՝ տնօրենների խորհդի անդամ Ալեքսանդր Եսայանի հայտարարությունը, որը հայտնում էր, որ նիստն անցել է խախտումներով և հետևաբար՝ Արա Խաչատրյանը չի կարող պետռեգիստրում գրանցվել որպես գործադիր տնօրեն։ Ըստ այդմ՝ դա պետք է անցնի Արդարադատության նախարարությունով և առաջին լսումները նշանակված են ապրիլի 21-ին։ 

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ընկերության փաստաբան Գնել Մուղնեցյանը հայտարարեց, թե որևէ արտառոց բան չկա, կենդանի գործընթաց է։ Կոնֆլիկտը ծագել էր, ինչպես հայտնի է՝ «Յուքոմի» ու Beeline-ի միավորման շուրջ և դրա  շրջանակներում որոշվել էր միավորված օպերատորի գործադիր տնօրեն նշանակել Անդրեյ Պյատախինին, ինչին կտրականապես դեմ էին Հայկ և Ալեքսանդր Եսայանները, որոնցից մեկը ընկերությունում շուրջ 5 տոկոսի փայատեր է։ Հայկ Եսայանը օրեր առաջ տեսաուղերձում հայտնել էր, որ պատրաստ է ընկերության բաժնետոմսերի 94 տոկոսը գնել 22,1 միլիարդ դրամով։ Իսկ մնացած շուրջ 6 տոկոսը պատկանում են նրա եղբորը։ Ապա՝ Եսայան եղբայրները ավելացրել էին գումարային առաջարկը մինչև 68 միլիոն դոլարի։ Նրանց հետ ազատվելու դիմում էր գրել շուրջ 800 աշխատակից․ տնօրինությունը, մարդիկ ընկերության միջին օղակներից ու տեխնիկական անձնակազմը։ Գագիկ Խաչատրյանի ազգական հանդիսացող Եսայան եղբայրները հայտնել էին, որ չեն ցանկանում արտակարգ իրավիճակի այս պայմաններում անհարմարություններ ստեղծել բաժանորդների համար։ Սրան ի պատասխան՝ «Յուքոմ»-ի կառավարման խորհրդի անունից հաղորդագրություն էր տարածել Galaxy ընկերությունների խումբը, որը, հիշեցնենք, պատկանում է քրեկան հետապնդման  մեջ գտնվող Գագիկ Խաչատրյանի ընտանիքին: «Ազնիվ չէ բանակցային փուլում հանրային կարծիքի մանիպուլյացիաները կամ աշխատակիցների դիմումները որպես սպառնալիք օգտագործելը», - ասված էր այդ հաղորդագրությունում: Եսայան եղբայրներին հայտնել էին, որ տիրապետում են իրավիճակին և կարգավորման գործընթաց են նախաձեռնել։«Վստահ ենք, որ աշխատակիցները սթափ կդատեն իրավիճակը, իսկ նոր գլխավոր տնօրենը թիմի հետ համատեղ կապահովի բիզնեսի շարունակականությունը, ինչի համար նախատեսում ենք նոր ներդրումներ անել և հնարավորություններ ներգրավել։ Երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված, երբ կապը մարդկանց համար կենսական նշանակություն ունի, մեր պարտքն է շարունակել անխափան աշխատանքը՝ պահպանելով ողջամտությունը։ Ucom-ը կա և կմնա հայկական օպերատոր», - ասվում  էր հաղորդագրությունում:
Ի պատասխան՝ «Յուքոմ»-ի մամլո ծառայության էլեկտրոնային փոստից տարածված հաղորդագրությամբ խնդրել էին «չհավատալ հայտարարությանը» և պնդել էին, թե ընկերությունը «բաժնետերերի խորհուրդ» անվանումով կառավարման մարմին չունի: Դրան ի պատասխան էլ Galaxy Group-ից ուղարկել էին փաստաթղթերի պատճեններ:
Ահա այսպիսի խառը պատմություն՝ հայտնի անունների ու տարբեր կողմերի ներգրավմամբ։  Բանն այն է, որ ըստ օդում՝ կախված լուրերի՝ Եսայան եղբայրները իշխանության ներսից եկած հրահանագներով են անցել հարձակման, իսկ Գագիկ Խաչատրյանն ու  Սամվել Կարապետյանը, որը եւս սեփականատերերի թվում է, դիմադրում են։ <Յուքոմ> ընկերության հիմնական բաժնետերերն են՝  Գագիկ Խաչատրյանը, իր 29 տոկոսով փայաբաժնով, նրա որդիները՝ 11, 9 տոկոս բաժնեմասով, նրանց մյուս ազգականը՝ Արամ Խաչատրյանն իր 24․34 տոկոսով, մոտ 10,5 տոկոս բաժնետերն էլ ռուսասստնայան գործարար և ռուսական կապիտալով աշխատող <Ֆորա> բանկի սեփականատեր Սամվել Կարապետյանն է, մյուս 6 տոկոսը՝ նրա եղբայր Կարեն Կարապետյանի ազգական, ԱԺ նախկին պատգամավոր Սուրիկ Պողոսյանը։
Գնել Մուղնեցյանին հարց ուղղվեց,՝ Տնօրենների խորհրդի որոշման նախագի՞ծն է ավելի կարևոր, թե՞ Արդարադատության նախարության պետռեգիստրի գրանցումը։ Սա, փաստորեն, հակամարտության մեջ «կոնտր» փաստաթղթերի մասով է։ Ընկերության իրավաբանը նշեց, որ երկուսն էլ կարևոր են, իհարկե, համադրության մեջ։ Բայց նրա հայտարարությամբ՝ տնօրենի փոփոխության դեպքում նոր տնօրեն նշանակելու համար  իրավասու սուբյեկտը «Յուքոմ» ընկերության պարագայում  Տնօրենների խորհուրդն է։ Հարց լրագրողներից՝ լուրեր են շրջանառում, որ հին տնօրենները հայտարարել են, որ նոր տնօրենի նշանակման դեպքում կլինեն տեխնիկական խափանումներ, ինչը կառաջացնի բաժանորդների դժգոհությունը։ Եթե նման բան լինի, ո՞վ է դրա համար կրելու պատասպանատվութուն։ Ընկերության իրավաբանն, ի պատասխան, ասաց, որ նման տեղեկություն չունի։

ՀԳ Ավելի ուշ հայտարարությամբ հանդես եկավ Հայկ Եսայանը եւ ըստ էության, հայտարարեց, որ հեռանում են՝ նոր ընկերություն ստեղծելու ծրագրով։ Թե 85 դիմումատուներից քանիսը կհետեւեն նրանց, դեռ պարզ չէ։ Մեր տեղեկություններով, սեփականատերերը բանակցում են նրանց հետ եւ առաջարկել են կրկնապատկել աշխատավարձերը՝ եթե մնան։ Նրանց մեծ մասը հակված է մնալու, ինչով էլ թերեւս բացատրվում է Եսայանների նահանջը։