Արցախցի պապիկը խնդրում էր՝ պահեմ իր ձին, հետո լքեց Գյումրին․ Արցախցիները՝ Շիրակի մարզում

Արցախցի պապիկը խնդրում էր՝ պահեմ իր ձին, հետո լքեց Գյումրին․ Արցախցիները՝ Շիրակի մարզում

Իրենց հայրենիքից բռնի տեղահանված շուրջ 4000 արցախցի է այսօր ապաստանում Շիրակի մարզի գյուղաբնակ համայնքներում եւ մարզկենտրոն Գյումրիում : Եթե կացարանի հարցում գյուղաբնակներին տեղավորվել ինչ-որ տեղ հաջողվել է, ապա քաղաքում իրավիճակն այլ է, արցախցիներն  հիմնականում ժամանակավոր հյուրատներում են կամ վարձով բնակարաններում:

Այս օրերին Հանրապետության երկրորդ քաղաքում գործող մի շարք հասարակական, սոցիալական եւ այլ կառույցներ լծված էին արցախահայության բեռը փոքր-ինչ թեթևացնելու գործին:

Շիրակի մարզի ԲՀԿ կանանց խորհրդի նախագահ Հասմիկ Վիրաբյանի խոսքով՝ իրենք աշխատել են 24 ժամյա ռեժիմով:

 «Մեր գրասենյակի դռները չէին փակվում: Այդ օրերին ականատես եղանք մեր հայրենակիցների անասելի ողբերգությանը: Թե որքան արցունքներ տեսանք եւ պատմություններ լսեցինք, ինչ միջադեպերի ու դեպքերի ականատես եղանք, հենց այնպես պատմել չեմ կարող : Մտածում եմ՝ մի օր գուցե դրանք բոլորը մտապատկերիցս թղթին հանձնեմ»,- hraparak. am -ի հետ զրույցում ասում է Հասմիկ Վիրաբյանը՝ շարունակելով․ « Սոցիալական աջակցությւնն, այո, ամենակարևորն էր այդ պահին, եւ մեր կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երկու փուլով Շիրակի մարզ օգնություն հատկացրեց, հարյուրների հասնող ընտանիքների հատկացվեց սննդի, հիգենիայի պարագաներով բեռնված ծանրոցներ, թեև, ինչ խոսք, դրա կարիքը շատերը ունեին, բայց մենք առաջնահերթությունը տվեցինք բազմազավակ ընտանիքներին : Մեր կանանց խորհուրդը նույնպես անձնական միջոցներով հագուստներ եւ այլ իրեր է հավաքագրել, հատկացրել ենք մեր հայրենակիցներին: Մեզ առավել շատ դիմում են նաև գումար ստանալու խնդրանքով, ինչը, ցավոք, մենք չենք իրականացնում, բացատրում ենք մեր հայրենակիցներին, որ դա պետության գործառույթն է, եւ համապատասխան ծրագրեր են իրականացվում: Բայց պետք է ասեմ, որ մեր գրասենյակ այցելած  արցախցիներից ոմանք էլ ոչ թե դրամական կամ նյութական օգնություն են ակնկալել, այլ եկել են այստեղ զուտ զրուցելու, սրտները թեթևացնելու, իրենց ցավը անկեղծորեն մեզ հետ կիսելու, ապրումակցելու ցանկությամբ :  Իհարկե, եղել են նաև դեպքեր, երբ խնդիրները շատ տարբերվող են եղել: Այս օրերին հիմնական խնդիր է նաև կացարանների հարցը, քանի որ արդեն իսկ հյուրանոցներից եւ հյուրատներից տարբեր պատճառաբանությամբ  նրանց դուրս են հանում: Վերջերս մի քանի  ընտանիք դիմեցին մեզ նման խնդրով, եւ անձամբ կապվեցի Գյումրու քաղաքապետի հետ՝ խնդրելով լուծել ընտանիքին տեղավորելու հարցը : Նշեմ, որ Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը միանգամից արձագանքեց  եւ մի ընտանիքի այլ հյուրատուն տեղավորեց, մի քանիսի համար էլ հարմար բնակարաններ գտավ: Մի կին խնդրեց օգնել դստերը՝ այստեղ ուսումը շարունակի:  Երբ ուսումնական հաստատություններից մեկը համաձայնեց աղջկան տալ այդ հնարավորությունը, նա միանգամից հրաժարվեց, ասաց՝ այլևս սովորել չի ուզում: Սա նույնպես հոգեբանական լուրջ խնդիր է, որ առաջացել է  մեր արցախցի երիտասարդների մոտ, նրանց այս հարցում օգնել է պետք : Արցախցի մի պապիկ էր եկել մեզ մոտ, նա Ստեփանակերտից Հայաստան իր ձիով էր եկել, խնդրում էր այնպիսի կացարան հատկացնել իրեն, որտեղ հնարավորություն կունենար նաև ձիուն պահել, ինչը հյուրանոցում, բնականաբար, անհնար էր, խնդրում էր ինձ , որ իր ձին պահեմ, հետո լսեցի՝ հեռացել է Գյումրիից, ասացին՝ ձիով  մեկնել է Սյունիք: Երևի, նեղացավ մեզանից, լքեց Գյումրին, քանի որ ձին պահելու տեղ ու պայման չգտանք»: Շիրակի  մարզի ԲՀԿ կանանց խորհրդի նախագահը նկատում է, սակայն, որ արցախցի մեր հայրենակիցներն ամենևին էլ անշնորհակալ չեն, ինչպես երբեմն իր ականջին են շշուկներ հասնում․« Արցախից եկած մի բլոգեր  Գյումրիի համայնապատկերն էր տեսանկարել, իր էջում հրապարակում արել, թե՝ Գյումրիում արցախցուն մարդու տեղ չեն դնում, իսկապես շատ վիրավորական էր դա  , ես պիտի ասեմ, որ անկախ թերացումներից եւ դժգոհություններից, Գյումրին ամենակազմակերպ եւ հոգատար ձևով մոտեցավ խնդրին: Ի տարբերություն այդ բլոգերի, մեզ հայտնի արցախցի կին պատգամավորներից մեկը  այնքան ջերմ ու բարի խոսքեր էր հղել մեզ, որ  դա բավական էր բոլորի փոխարեն: Ինչևէ, ես նույնպես խնդրում եմ բոլորին՝ չտարանջատել արցախցուն գյումրեցուց ու մյուսներից: Արցախցին նա է, ով իր կենդանի մարմինը վահան դարձրեց բոլորիս համար » :