Համբարձում Մաթեւոսյանի հորեղբոր մասով ՔՊ-ն պետք է ներողություն խնդրի ՀՀ քաղաքացիներից

Համբարձում Մաթեւոսյանի հորեղբոր մասով ՔՊ-ն պետք է ներողություն խնդրի ՀՀ քաղաքացիներից

Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության անդամ Աղասի Մաթեւոսյանին ավագանու անդամի մանդատից զրկելու հարց ՔՊ խմբակցությունը դեռ չի քննարկում։ 

Այս մասին հայտարարել է խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը։ Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունը հաղորդել էր, որ փետրվարի 3-ին գյումրեցի մի քանի տղամարդ կողոպտել են ՌԴ 2 քաղաքացիների, վերցրել նրանց անձնագրերը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ձերբակալված, ապա կալանավորված չորս տղամարդկանցից մեկն Աղասի Մաթեւոսյանն է՝ նախկին փոխվարչապետի հորեղբայրը, ով վերջերս վարչապետի գլխավոր խորհրդական է նշանակվել։

Հանցանք կատարած անձանց մեղադրանք էր ներկայացվել ՀՀ ՔՕ 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (ավազակություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) եւ 456-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ հափշտակելը, շորթելը, ոչնչացնելը, վնասելը կամ թաքցնելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):

Նշենք նաեւ, որ երկու ամսով կալանավորված Աղասի Մաթեւոսյանը Հայաստանի նախկին փոխվարչապետ, վարչապետի նորանշանակ գլխավոր խորհրդական Համբարձում Մաթեւոսյանի հորեղբայրն է։ Եվ ահա, ուրեմն, Գյումրու ավագանու խմբակցության ղեկավարը հայտարարել է․ «ՏԻՄ օրենքով ավագանու անդամի լիազորությունները վաղաժամ դադարեցվում են, եթե նա դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով դատապարտվել է ազատազրկման։ Խմբակցությունն ունի նրան մանդատից զրկելու հնարավորություն, եթե վճռին չսպասելու քաղաքական որոշումը լինի, բայց առաջնորդվելու ենք օրենքի այս կետով։ Մենք հարգում ենք անմեղության կանխավարկածը»։

Ֆորմալ-իրավական առումով, իհարկե, Քնարիկ Հարությունյանը ճիշտ է։ Սակայն հանրային տրամադրությունների, քաղաքական, բարոյական եւ մի շարք այլ ասպեկտներով սա խայտառակ հայտարարություն է։ Նախ՝ որովհետեւ բավական խայտառակ դեպքի ու քրգործի շրջանակներում է մեղադրվում ավագանու անդամը, այն էլ՝ հանրապետության իշխող քաղաքական մեծամասնություն կազմող կուսակցության ավագանու խմբակցության անդամը, եւ սա արդեն իսկ հարվածում է Հայաստանի քաղաքական իշխանությանն ու «Քաղպայմանագիր» կուսակցությանը։

Հիշեցնենք․ Աղասի Մաթեւոսյանը նշանակված պաշտոնյա չէ, այլ՝ ընտրված, ու Գյումրու համայնքային ավագանու ՔՊ-ական խմբակցությունը եւ, առհասարակ, ՔՊ կուսակցությունը նաեւ պարտավորություն ունեն՝ բացատրություն տալու իրենց ընտրողներին, թե ինչպես է պատահել, որ բարոյապես անհուսալի անձը հայտնվել է իրենց ընտրացուցակում եւ ստացել ընտրովի ՏԻՄ մարմնի մանդատ։ Մանդատը, ի դեպ, չի պատկանում Աղասի Մաթեւոսյանին կամ նույնիսկ ՔՊ-ին, այլ շարքային ընտրողին, եւ այս առումով թե՛ տեղական, թե՛ կենտրոնական մակարդակով ՔՊ-ն պետք է ներողություն խնդրի Աղասի Մաթեւոսյանի համար։ Մյուս կողմից, Քնարիկ Հարությունյանը՝ որպես ՏԻՄ ավագանու ՔՊ-ական խմբակցության ղեկավար, պարտավորություն ունի՝ միջնորդելու ՔՊ կուսակցության ղեկավարության առաջ՝ ժամանակավորապես, մինչեւ վերոնշյալ քրեական գործի ավարտը, այսինքն՝ մինչեւ օրինական կերպով դատավճռի ուժի մեջ մտնելը, Աղասի Մաթեւոսյանի՝ որպես ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու կամ առկախելու վերաբերյալ։ Նման քայլ եթե արվի, դա կհամարվի զղջալու դրսեւորում, պատասխանատու վերաբերմունք ժողովրդի, ընտրողների հանդեպ։ 

Այլապես փարիսեցիություն կլինի, անկախ անմեղության կանխավարկածի սկզբունքը մեջբերելուց, զուտ օրենքի տառով առաջնորդվելը, որը կարող է էապես սասանել իշխող ՔՊ-ի հանդեպ հանրային առանց այն էլ սասանված վստահությունը։

Սա նույնն է, որ Դավիթ Սանասարյանի լիազորությունները ժամանակին չդադարեցվեին ՊՎԾ պետի պաշտոնում, կամ՝ Վահագն Վերմիշյանը շարունակեր մնալ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ՝ մինչեւ դատավճիռն ուժի մեջ մտնելը եւ այլն։