Փաշինյանը ռուս-ադրբեջանական պատերազմ է հրահրում

Փաշինյանը ռուս-ադրբեջանական պատերազմ է հրահրում

Կառավարության նիստում ոչ բարով վարչապետի արած հայտարարությունները Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի և ռուս խաղաղապահների անելիքների մասին, մեղմ ասած, որևէ առնչություն չունեն խնդրի հետ: Այն ինչ տեղի է ունենում Լաչինի միջանցքում, 2020թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրի հետևանք է կամ դրանից բխող հնարավորություն, որից օգտվում է կողմերից մեկը` տվյալ դեպքում Ադրբեջանը: Նիկոլ Փաշինյանը, արդեն կարելի է վստահաբար ասել, որ, ստորագրելով նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որոշակի պայմանավորվածություններ է ունեցել Ալիևի հետ, որոնք հետագայում ձևակերպվել են Վաշինգտոնի, Նյու Յորքի, Բրյուսելի և Պրահայի հանդիպումների ժամանակ: Սոչիում արդեն` Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանին կանգնեցրել են փաստի առաջ այն իմաստով, որ Հայաստանը Արցախը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս և այն դիտարկում է Ադրբեջանի կազմում` առանց ինքնորոշման իրավունքի: Ըստ էության Փաշինյանը սրանով արձակել է Ալիևի ձեռքերը` վարվել այնպես, ինչպես կվարվեր ցանկացած կենտրոնական իշխանություն` իր երկրի տարածքում անջատական նպատակներ հետապնդող միավորի հետ:

Փաշինյանը, ինչպես միշտ, փորձում է իրենից հեռացնել այս նոր խայտառակությունը և հայտարարություններ է անում, որոնք, ինչպես ասացի, կապ չունեն իրավիճակի հետ: Կներես, պարոն Փաշինյան, երբ արդեն պայմանավորվել ես Արևմուտքի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ, բայց Ռուսաստանին ես կոչ անում ապահովել Լաչինի միջանցքի գործունեությունը, մեղմ ասած, հիմարություն է, եթե չասեմ քաղաքական շանտղություն, որ կողքից բավականին ծիծաղելի է:

Բոլորն էլ հասկանում են, որ խաղաղարար առաքելությամբ որևէ տարածքում գտնվող որևէ պետության զինված ուժերը չեն կարող զինված պայքար սկսել անզեն ցուցարարների դեմ: Իսկ Լաչինում, անկախ այն հանգամանքից, թե ովքեր են փակել միջանցքը, այդ մարդիկ անզեն են և ոչ մի վտանգ չեն ներկայացնում խաղաղապահների կյանքի համար: Ռուսաստանին մնում է բանակցելը, ինչն էլ արվում է երկու տասնօրյակից ավելի: Ալիևը, միանշանակ, խորամանկ քայլի է դիմել` վստահաբար խորհրդատվություն ստանալով Արևմուտքից և Թուրքիայից: Մինչդեռ Փաշինյանի կոչը Ռուսաստանին ենթադրում է միջանցքի բացում ամեն կերպ, այդ թվում և ուժի կիրառմամբ: Այլ խոսքով` Փաշինյանը Ռուսաստանին դրդում է ագրեսիայի Ադրբեջանի դեմ, լավ իմանալով, որ առաջին իսկ կրակոցից հետո Ադրբեջանը ռուս խաղաղապահներից պահանջելու է լքել երկիրը:

Ի՞նչ կարող է անել Հայաստանն այս իրավիճակում: 2020թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրի կողմերից մեկը` Հայաստանը, պարտավոր է հայտարարել, որ մյուս կողմը` Ադրբեջանը, խախտել է պայմանագրը, և ինքն իրեն իրավունք է վերապահում ապահովել դրա կիրառությունը: Վերջում էլ պետք է ավելացնել` հետագա գործողությունների ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը: Այո, Բաքուն պետք է հստակ իմանա, որ Լաչինի միջանցքում հավաքված խառնամբողը կարող է շատ անսպասելի հարված ստանալ Հայաստանից, մի բան, որ չեն կարող անել ռուս խաղաղապահները: Եվ ինչո՞ւ միայն Լաչինի միջանցքում: Ի՞նչ վատ թիրախներ են Քարվաճառը Ադրբեջանին կապող ճանապարհները, Հայաստանի սահմանների մոտ ու սահմաններից ներս գտնվող ադրբեջանական զորամիավորումները:

Հայաստանը շատ բան կարող է անել Արցախի շրջափակումը բացելու ուղղությամբ, մեիայն թե դրա համար Հայաստանին նորմալ իշխանություն ու որոշում կայացնողներ են պետք: Թշնամու հետ լեզու թրջած, պայմանավորված պատերազմում կապիտուլացված, ամենահասարակ հարցերում երկու էշի գարի իրարից չջոկող կառավարությունից ի՞նչ սպասես: