Պարտքերի մարման ժամանակացույց են կազմել

Պարտքերի մարման ժամանակացույց են կազմել

Տեւական ժամանակ է՝ մի շարք հեռուստաընկերություններ, որոնք մեծ պարտքեր են կուտակել «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ին, կանգնած են հեռարձակումից զրկվելու վտանգի առաջ: Հայաստանի ողջ տարածքում սփռման համար յուրաքանչյուր հեռուստաընկերություն «վիշկային» տարեկան վճարում է 72 մլն դրամ, մայրաքաղաքային սփռման համար՝ մոտ 19 մլն 200 հազար դրամ, եւ եթե մայրաքաղաքայինները կարողանում են այդ գումարը վճարել, ապա համապետական սփռում ունեցողների համար դա ֆինանսական մեծ բեռ է:
Գաղտնիք չէ, որ հայկական հեռուստաշուկան փոքր է, մեզանում BBC եւ CNN չկան, մեր TV-ները չունեն մեծ եկամուտներ, եւ բոլորը սեփականատերերից վճարվող դոտացիաներով են գոյատեւում։

Հատկապես մեծ պարտքեր ունեն «Շանթ» հեռուստաընկերությունը, ATV-ն, Freenews-ը, «Դար 21»-ն ու «Ֆորտունա»-ն: ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը, օրեր առաջ անդրադառնալով այս թեմային, ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանցն առաջիկայում պատրաստվում է դադարեցնել որոշ հեռուստաընկերությունների հեռարձակումը։ «Համաձայն «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ընկերության եւ հեռուստաընկերությունների միջեւ կնքված պայմանագրերի՝ հեռարձակումը կարող է դադարեցվել, եթե հեռուստաընկերությունները չեն կատարում պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները: Պայմանագրային պարտավորությունները չկատարելու արդյունքում մի շարք հեռուստաընկերություններ կուտակել են պարտքեր։ Պարտքերի պատճառով ցերեկվա ժամերին 2 ժամով մեկ շաբաթ կդադարեցվի մի քանի հեռուստաընկերությունների հեռարձակումը․ այդ հեռուստաընկերություններն են՝ «Շանթ»-ը, ATV-ն, Freenews-ը, «Դար 21»-ը եւ «Ֆորտունա»-ն»,- հայտնել էր նա։

Մենք մեկնաբանություն խնդրեցինք «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մուշեղ Միլիտոնյանից: Նա ասաց, որ TV-ների հետ իրենք ընդհանուր հայտարարի են եկել, որոշվել է, որ հեռուստաընկերությունները նախատեսվածից շատ վճարումներ կատարեն, որ կարողանան շարունակել հեռարձակումը. «Հիմա փորձում են իրենց պարտքերը վճարել, որպեսզի այլ գործողությունների չանցնենք, մնացած հարցերով կարող է նախարարությունը խոսել, սակայն՝ ոչ մենք»: Հարցին, թե ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել, TV-ները կատարե՞լ են վճարումներ, եթե այո, ապա որքա՞ն, նա նշեց. «Դա առեւտրային պայմանագրի գաղտնիք է, սակայն կարող եմ ասել, որ ամեն ամիս որոշակի գումար են վճարում, որպեսզի պարտքերը մարվեն: Մեր վերջին հայտարարությունից հետո փորձում են վճարումներն առավել ինտենսիվ իրականացնել»: Բոլո՞րն են համաձայնել վճարումների այդ գրաֆիկին։ «Եթե չհամաձայնեին, չէին շարունակի եթեր հեռարձակվել: Մի ամիս շատ էին վճարում, մի ամիս՝ քիչ, մի ամիս էլ չէին վճարում, դրա համար էլ պարտքեր առաջացան, սակայն հիմա քանակի առումով որոշակի ավել գումար են վճարելու, որպեսզի մարվեն պարտքերը, ու շարունակեն իրենց աշխատանքը»,- նշեց Մուշեղ Միլիտոնյանը: