Ամեն ինչ խառնվել է՝ ունենք երգիչներ, որոնք սիրվել են, սակայն այսօր վատ պրոդուկտ են տալիս

Ամեն ինչ խառնվել է՝ ունենք երգիչներ, որոնք սիրվել են, սակայն այսօր վատ պրոդուկտ են տալիս

Երգիչ, երգահան Արսեն Գրիգորյանը 2018-ին հիմնադրել է Արսեն Գրիգորյանի երգարվեստի դպրոց-ստուդիան, որը հետագայում կոչվել է «Արսեն Գրիգորյանս ստուդիո»: Այս պահին դպրոցն ունի 30 աշակերտ: Ապրիլի 6-ին եւ 7-ին Արսեն Գրիգորյանի ստուդիայի ավելի քան 9 աշակերտ մասնակցել է Արթ մյուզիք ֆեստիվալին: Գրիգորյանը եւս ընդգրկված է եղել մրցույթի ժյուրիի կազմում, սակայն իր դպրոցի սաներին գնահատելու հնարավորություն չի ունեցել:

- Վերջին շրջանում Ձեզ տարբեր երաժշտական նախագծերում ենք տեսնում: Նաեւ Ձեզ նվիրել եք մանկավարժությանը: Ուսուցչի դերում լինելը գրավո՞ւմ է Ձեզ:

- Արթ մյուզիք միջազգային ֆեստիվալի շրջանակներում լսել ենք ավելի քան 100 պատանու: Բոլորը մեկը մյուսից լավն էին: Հրաշալի սերունդ ունենք: Ես պարզապես հիացած եմ: Ինչքան երեխաների տարիքը մեծանում էր, այնքան ավելի էր լրջանում ամեն ինչ: Այն ժյուրիի անդամը, որն ուներ աշակերտներ, չուներ իր աշակերտին գնահատելու հնարավորություն: Իմ երեխաներին ժյուրիի մնացյալ անդամները բավականին բարձր գնահատականների են արժանացրել, ինչի համար շատ ուրախ եմ: Սաներից Տիգրան Հունանյանի անունն եմ ուզում հնչեցնել։ Նա ունի մեկ տեսահոլովակ, այն ես ու Ավետ Բարսեղյանն ենք նվիրել իրեն: Տիգրանը միակն էր, ով արաժանացավ «Գրան պրի» մրցանակի: Անգամ այլ տարիքային խմբում «Գրան պրի» մրցանակ չի եղել: Տիգրանն ընդամենը 10 տարեկան պատանի է, տաղանդավոր ու արտիստիկ: Իմ դպրոցի համար նման սան ունենալը մեծ ձեռքբերում է: Այլ հրաշալի սաներ եւս ունեմ` Սամուել Եղիազարյանն ու Անուշ Խոշորյանն էլ զբաղեցրին պատվավոր առաջին հորիզոնականը՝ մրցելով իրենցից ավելի մեծ երգիչների հետ: Ունենք նաեւ երրորդ հորիզոնականը զբաղեցրած սաներ`Օհանյան Մարիան, Ավագյան Հայկը, Արզումանյան Արփին, Բաբայան Աննան եւ Լեւոնը՝ Միքայելյան:

- Կա՞ որեւէ չափանիշ, որով առաջնորդվում եք Ձեր սաներին ընտրելիս:

- Եթե զգում եմ, որ երեխան գոնե մի փոքր պոտենցիալ ունի, ապա անպայման մեկամսյա փորձաշրջան է անցնում, որն ավելի շատ կապված է լսողության հետ: Ինձ համար առաջին տեղում լսողությունն է: Ամեն մարդու Աստված մի շնորհ է տալիս: Մեկի մոտ կարող է ձայնն ուժեղ լինել, դիապազոնը` թույլ, մյուսի մոտ՝ հակառակը: Քանի որ վոկալ տեսական պարապմունքներ ենք իրականացնում, ձայնավարժություններ, մեկ երեխան կարող է իր վատ լսողության պատճառով խանգարել բոլորին: Ուստի լսողությունը շատ կարեւոր է: Եթե ես այն մանկավարժներից լինեի, որոնք գումարի դիմաց բոլորին ընդունում են դպրոց, ապա կարծում եմ՝ հարյուրավոր աշակերտներ կունենայի: Սա առաջին հերթին ինձ համար հոգեւոր աշխատանք է, հետո նոր` գումար վաստակելու միջոց: Շատ երեխաներ են եղել, որոնք փորձաշրջան են անցել ու այդպես էլ չեն ընդունվել: Եղել են նաեւ երեխաներ, որոնք ընդունվել, սակայն հասկացել են, որ երգն ու երաժշտությունն իրենցը չեն: «Շանթ» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Ազգային երգիչ» նախագիծն ինձ գերել է, ես ցանկանում եմ այդ մասին եւս խոսել: Այն մեգա նախագիծ է, որտեղ ես ընդգրկված եմ ժյուրիի կազմում: Շատ ուրախ եմ հեռուստաընկերության այդ որոշման համար: Նախագծին մասնակցում են հրաշալի երիտասարդներ` մեկը մյուսից տաղանդավոր:

- Խոսում ենք երգարվեստից, սակայն որոշ արվեստագետներ պնդում են, որ վերջին շրջանում, երբ երկրում ամեն բան իրար է խառնվել, արվեստի մասին մտածել, արվեստով զբաղվել չեն կարողանում, որովհետեւ ծանր հոգեկան ապրումներ ունեն: Ձեզ չի՞ խանգարում այս բարդ շրջանը:

- Հավատացեք, բարդ իրավիճակներն ամենաշատը մեզ` արվեստագետներիս են խանգարում: Ցանկացած պատերազմի եւ պանդեմիայի ժամանակ բոլորն աշխատում են, բացի մեզնից: Եթե մի քիչ թույլ գտնվեցիր եւ թողեցիր, որ ամեն ինչ մահանա, արվեստը կվերանա: Ես ունեմ երկար տարիների չարչարանքների արդյունքում ձեռք բերված նշաձող, ինչն էլ երեւի ինձ օգնում է: Մենք սգում ենք մեր ազգի հետ` ամեն վատ բանի համար, եւ ուրախանում ամեն մի լավ բանով: Հայ ազգն արվեստի ազգ է: Մեր երեխաները տաղանդավոր են, մեր ժողովուրդը սիրում է երաժշտություն: Առհասարակ, հայ ազգն արվեստասեր ազգ է, եւ հենց այդ պատճառով էլ մենք պետք է միշտ ստեղծագործենք:

- Օրինակ` պատերազմական իրադրությունն ազդո՞ւմ է երգչի բարոյահոգեբանական վիճակի վրա:

- Միշտ: Եթե չազդեր, ավելի շատ երգեր կգրվեին: Պրոդուկտ տալու հավեսն ավելի մեծ կլիներ: Վերջին շրջանում ես ավելի շատ իմ աշակերտներով եմ զբաղվում, փորձում եմ զարգացնել նրանց, հասցնել բարձր մակարդակի:

- Երգիչներին հաճախ մեղադրում են լռելու, չպայքարելու մեջ:

- Թող մեզ չխառնեն ոչ մի բանի մեջ:

- Ինչո՞ւ:

- Շատ հաճախ մեզ դիմում են տարբեր մարդիկ, օրինակ, ասում՝ այս զինվորը խնդիր ունի, խոսեք իր մասին, սթորի արեք, որպեսզի մարդիկ տեսնեն, օգնեն եւ այլն: Սիրելիներս, ես ուզում եմ ձեզ բացատրել, որ մենք ոչ մի բանով ձեզ օգտակար լինել չենք կարող: Դա կիսատ բան է լինելու: Նմանատիպ հարցերի դեպքում պետք է դիմել պետական մասշտաբով պատկան մարմիններին: Օրինակ` նույն զինվորի հետ կապված հարցերով պետք է զբաղվի պաշտպանության նախարարությունը: Ասում են՝ զինվորի նկարը տարածեք, հաշվեհամար գրեք, որ զինվորի համար գումար հավաքվի.... մենք պետություն ենք, մենք համապատասխան մարմիններ ունենք, պետք է նրանց դիմել: Մենք չենք կարող անվերջ օգնել: Շատ թարմ մի դեպք էլ պատմեմ. մի տղայի նկարն են ուղարկել, որն ունի սրտի խնդիր, խնդրում են, որ այդ տղայի նկարը տարածեմ, որ գումար հավաքվի.... դա ի՞նչ է տալու: Ավելի ճիշտ կլիներ նման դեպքերում դիմեին առողջապահության նախարարություն: Լավագույն բանը, որ ես կարող եմ անել, երգելն ու երգել սովորեցնելն է:

- Շատ երգիչ-երգչուհիների համացանցում թիրախավորում են՝ իշխանություններին քննադատելու համար: Գուցե սա տեսնելով՝ չե՞ք ցանկանում մտնել այդ ամենի մեջ:

- Ես աշխատում եմ այդ ամենի մեջ չլինել: Միշտ իմ աջը քաշած աշխատել եմ` բոլոր ժամանակներում: Շատ եմ սիրում իմ աշխատանքը, այն անում եմ մեծագույն սիրով: Առաջիկայում պատրաստվում ենք նոր մենահամերգի, զբաղվում եմ այդ հարցերով: Այլ ոլորտում ինձ չեմ տեսնում:

- Այսօր էկրաններին ինչ-որ անհասկանալի դեմքերի ենք տեսնում, որոնք, կարծես, երգարվեստի հետ կապ չունեն: Ինչո՞ւ է դաշտն այսպես փչացել:

- Որովհետեւ ամեն ինչ խառնվել է տեղերով: Ամեն մարդ կարող է անել այն, ինչ ցանկանում է, չկա վերահսկող մեխանիզմ: Ամեն ինչ շատ ազատ է դարձել, տեխնիկան էլ իր հերթին զարգացել է, եւ ամենաանտաղանդ մարդն այսօր կարողանում է ինչ-որ բան ստեղծել, անկախ նրանից՝ դա իր մոտ ստացվո՞ւմ է, թե՞ ոչ: Մենք տաղանդավոր երաժիշտներ, երգիչներ ու երգահաններ ունենք, բայց լավ երաժշտություն տվողների տոկոսը քիչ է: Ունենք երգիչներ, որոնք սիրվել են, սակայն այսօր վատ պրոդուկտ են տալիս, իսկ մարդիկ դա, այսպես ասած, ուտում են: Ուտում են, բայց չեն հասկանում՝ ինչ են ուտում եւ ինչի համար են ուտում:

- 2000-ականներից հետո լավ երգիչներ ասպարեզում քիչ ենք տեսնում: Ինչո՞ւ: Տաղանդավոր երգիչնե՞րն են պակասե՞լ, թե՞ պատճառն այլ է:

- Տաղանդավոր երգիչներ շատ կան: Ժամանակներն ու հետաքրքրություններն են այժմ փոխվել: Ինչ-որ մեկն ինչ-որ մի բան է անում` հաջողության է հասնում, մյուսներն էլ դա կրկնում են, սակայն հաճախ դա արվում է ոչ ճիշտ ու վատ ճանապարհով: Վատն էլ ունի աստիճան, ամեն վատ բանից հետո ավելի վատն ենք հաճախ տեսնում:

- Առաջիկայում ի՞նչ ծրագրեր` երգեր, տեսահոլովակներ եք պատրաստվում ներկայացնել:

- Դպրոցի հետ կապված երկու պրոյեկտի մասին եմ ուզում խոսել. մեկը կոչվում է  «Մամ ջան», որը ստեղծվել է իմ միջին խմբի 14 աշակերտների համար, մյուսը Երեւանի մասին է, դեռ անվերնագիր է, սակայն շատ լավ աշխատանք է: Մոտ ապագայում ներկայացնելու եմ մի երգ, որը հարսի գովքի մասին է: Մի երգ էլ կա` «Իմ քաղաքը», որը կրկին Երեւանի մասին է: Մի երգ էլ կա` «Դու», այն եւս առաջիկայում պատրաստ կլինի: Մի լավ պրոյեկտ էլ ունեմ` «Փառք տղաներին», որը նվիրվում է բոլոր կենդանի եւ հավերժի գրկում ապրող հերոսներին...