Միջազգային «նիկոլներ»

Միջազգային «նիկոլներ»

Եվրոպական խորհրդարանում Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոն, ըստ «Հրապարակի», օրերս հայտարարություն էր տարածել, կոչ անելով Ադրբեջանի կառավարությանը՝ գործի դնել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Լաչինի միջանցքի արգելափակումն անհապաղ դադարեցնելու ուղղությամբ։ Առաջին հայացքից նորմալ, նույնիսկ՝ հայամետ, հայտարարություն էր: Սակայն, ինչպես ասվում է, խնդիրը մանրամասների եւ «բոլոր անհրաժեշտ միջոցները գործադրելու» ձեւակերպման մեջ է: Որովհետեւ Ադրբեջանի կառավարությունը կարիք չունի գործադրելու միջոցների ինչ-որ խումբ: Ընդամենն անհրաժեշտ է երեք բառից բաղկացած Իլհամի մեկ նախադասությունը, այն է՝ «Բացել Լաչինի միջանցքը»: Եվ արգելափակումն էլ անհապաղ կդադարեցվի: Բայց ես չեմ կարծում, թե տիկին Ժելյանան դա չէր գիտակցում: Ինքն ընդամենը եվրոպական չինովնիկ է, որը գործում է ոչ թե արդարության, ազնվության եւ ճշմարտության սկզբունքներով, այլ «քաղաքակրթական» հինավուրց մեթոդով՝ «գայլերը կուշտ լինեն, եւ ոչխարներն էլ՝ կենդանի» ասացվածքի համաձայն, որը տվյալ դեպքում չի գործում:

«Լաչինի միջանցքի արգելափակմամբ լրջորեն մտահոգված» տիկինը դիմում է ոչ միայն Ադրբեջանի կառավարությանը, այլեւ Հայաստանին` «Լաչինի միջանցքի գործարկման առնչությամբ բոլոր մտահոգությունները լուծել երկխոսության եւ խորհրդակցությունների միջոցով` բոլոր ներգրավված կողմերի մասնակցությամբ»: Ի դեպ, այդ հարցում նա միայնակ չէ. այդպես է մտածում, օրինակ, Երեւանում գտնվող Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեն: Ֆրանսիացի լրագրողի հարցին, թե «բլոկադայի վիճակում կարո՞ղ են քաղաքական բանակցությունները շարունակվել», պատասխանել էր, որ ինքը հավատում է երկխոսությանը, եւ դրանից հրաժարվելու փոխարեն միշտ պետք է փորձել գտնել խաղաղ լուծում: Դժբախտաբար, տիկին Բրաուն-Պիվեն էլ միայնակ չէ: Այդպես են մտածում բոլորը: Այստեղ գիտակցում ես՝ «նիկոլների» պակաս աշխարհը չունի: Տեղական Նիկոլն արցախցիներին է դեմ տալիս Իլհամին, թե՝ բանակցեք, դրսեցիները՝ հայաստանցիներին: Չեմ կարծում, թե առաջինը կամ մյուսներն այնքան միամիտ են, որ չեն հասկանում, որ ո՛չ արցախցին կարող է երկխոսել Իլհամի հետ եւ ո՛չ էլ Հայաստանը՝ Ադրբեջանի: Որովհետեւ Նիկոլի շնորհիվ Իլհամը հաղթանակ է տարել պատերազմում ու արհամարհած ունի թե՛ արցախցիներին եւ թե՛ հայաստանցիներին:  

Հիշատակված 2 տիկիններն էլ ներկայացնում են ինստիտուցիոնալ՝ պետական կամ միջպետական կառույցներ․ մեկը՝ Ֆրանսիայի պառլամենտը, մյուսը՝ Եվրոպական խորհրդարանը: Երկու կառույցներն էլ, հայտարարություն անելուց բացի, ունեն Ադրբեջանի վրա ազդելու ուղղակի կամ անուղղակի այլ հնարավորություններ: Բայց բավարարվում են հայտարարությամբ՝ ճիշտ այնպես, ինչպես Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, որը թվիթերյան էջում Ադրբեջանին կրկին կոչ է արել՝ անհապաղ դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը: Բայց եթե Freedom House-ի առումով դա նորմալ պրակտիկա է, ապա չի կարող այդպիսին համարվել Եվրախորհրդարանի կամ արեւմտյան պետության առումով: Ինչը նշանակում է, որ Արեւմուտքը միտք չունի իրապես աջակցել Հայաստանին՝ հասնել Արցախի ապաշրջափակմանը: Դրա համար անհրաժեշտ են այլ գործիքներ՝ պատժամիջոցներ եւ սահմանափակումներ: Բայց դա գիտակցելու համար հաստատ չպետք է լինել ՀՀ վարչապետի պաշտոնին կառչած անձ: Եվ այլ հասցեներով բողոքներ հղելու փոխարեն կենտրոնանալ միայն Ռուսաստանի ուղղությամբ: Դա էլ բավարար չէ, հայտարարել, որ ռուսական ներկայությունը վտանգ է ներկայացնում Հայաստանի համար: 
Իհարկե, մի բարի պտուղ չէ նաեւ Ռուսաստանը: Սակայն պահպանում է միջնորդի կարգավիճակը եւ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով Թուրքիայի հետ սերտ հարաբերություններ պահպանելու խնդիր ունի: Իսկ արեւմտյան երկրները չունեն որեւէ պարտավորվածություն եւ կարող են հանգիստ երեւույթները կոչել իրենց անուններով: Եվ երկրորդ՝ Ադրբեջանից պահանջել «բնապահպանների» հեռացումը Լաչինի միջանցքից: Իսկ պահանջելն էլ ամրապնդել պատժամիջոցներով, ինչը չի արվում: