Անակնկալ՝ անակնկալի հետեւից

Անակնկալ՝ անակնկալի հետեւից

Մարզական կյանքը լեցուն է անկանխատեսելի միջադեպերով։ Մրցաշրջան 22-ն էլ հարուստ էր ամենաանսպասելի իրադարձություններով։ Վերջինը Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնությունն էր։ Բարի ավանդույթները գրեթե միշտ պահպանող մեր դյուցազուններն այս անգամ, ցավոք, չարդարացրին հույսերը. միայն երկու մարզիկ` 102 կիլոգրամ քաշային Սամվել Գասպարյանը եւ գերծանր քաշային Վարազդատ Լալայանը տեղ գրավեցին պատվո պատվանդանի երրորդ աստիճանին, դարձան բրոնզե մրցանակակիրներ, իսկ առավել մեծ հույսեր ներշնչող օլիմպիական կրկնակի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (նույնպես գերծանր քաշ) ընդհանրապես տհաճ անակնկալ մատուցեց՝ հայտնվելով իր համար անսովոր՝ 8-րդ տեղում։ Հիմնականում սա էր պատճառը, որ հայրենիք վերադառնալուն պես հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն անմիջապես հանդես եկավ հայտարարությամբ․ «Ծանրամարտի աշխարհի առաջնությունը ձախողվեց, եւ ես պատրաստ եմ հեռանալ հավաքականից…»։

Նման խոստովանությունը հանրապետական ֆեդերացիան, իհարկե, լուրջ չընդունեց եւ մերժեց նաեւ ծառայությունից հրաժարվելու նրա մտադրությունը։ Բայցեւայնպես, հաշվի չառնել մարզիկների ցուցանիշների վրա ազդած խոչընդոտները, չի կարելի։ Ինքներդ դատեք` ինչպե՞ս կարելի էր տարվա գլխավոր ստուգատեսին մեկնելուց առաջ մերժել ծանրորդների մտադրությունը՝ ուսումնական հավաք անցկացնել Ծաղկաձորում։ Փ. Ալավերդյանը դժգոհ էր նաեւ նրանից, որ տղաներին բարձրորակ սնունդ չի տրամադրվել։ Իսկ այն, ինչ պատահեց Սիմոն Մարտիրոսյանի հետ, միանգամայն անհասկանալի է ու տարօրինակ. պարզվեց, որ մեր ամենափորձառու մարզիկի առողջական վիճակը նորմալ մակարդակի չէր` վնասվածքներ ուներ, ողնաշարի ճողվածքներ։ Ճիշտ է, ապաքինվել էր, բայց, հավանաբար, ոչ լիարժեք։ Իրավիճակը հուշում էր` նրան կարելի էր փոխարինել մեկ այլ շնորհաշատ ծանրորդով` Գոռ Մինասյանով։ Մինչդեռ պարզվեց, որ վերջինիս մեր ֆեդերացիան աշխարհի առաջնությունից առաջ բարեկամաբար «փոխանցել» է Բահրեյնի հավաքականին։ Ո՞րն էր դրա պատճառը. բանն այն է, որ ազգային հավաքականի կազմում նույն քաշային կարգում, ըստ կանոնակարգի, իրավունք ունի հանդես գալ երկուսից ոչ ավելի մարզիկ։ Եվ ի՞նչ։ Արդյունքում, կարելի է ասել, ստացվեց զավեշտալի մի բան. վերը նշված մեդալակիր մեր մարզիկների ցուցանիշները Բոգոտայում ամենաբարձրը չէին, իսկ ահա մեկ այլ հայ ծանրորդի ելույթն արժանացավ արծաթե մեդալի, եւ դա Գոռ Մինասյանն էր, որի նվաճումներով այսօր հպարտանում են բահրեյնցի արաբները։ Հիշեցնենք, գյումրեցին երկամարտում գրանցեց 462 կիլոգրամ՝ 4 կիլոգրամով զիջելով գերծանր քաշային կարգում լավագույնը ճանաչված վրացի Լաշա Թալախաձեին։ Մնում է պարզել, թե ինչ «շահեցին» հայկական սպորտը եւ մարզիկին Բահրեյն «գործուղողներն» այս գործարքից։

Անցյալ տարեվերջին ամենաբարձր մակարդակներից՝ մեծ ոգեւորությամբ ու միանգամայն տեղին, հպարտանում էին, որ Հայաստանի մարզիկներն իրենց հիանալի են դրսեւորել, նվաճելով ռեկորդային թվով` 306 մեդալ, որոնցից 104-ը` ոսկեփայլ։ Երեւի կմտածեք՝ տարվա 10 լավագույն մարզիկներին ընտրելը հեշտ չէր լինելու, սակայն երբ ծանոթացա դափնեկիրների անուններին, զարմանք ապրեցի` եռանիշ թվով չեմպիոններից նախապատվությունը տվել էին միայն ութին։

Պարզվեց, որ չեմպիոնական ցուցանիշներին հավասարեցվել էին նաեւ բրոնզե մեդալակիրների արդյունքները։ Չգիտես ինչու, անտեսվել էր, օրինակ, շախմատիստ Մարիամ Մկրտչյանը, նա, ով սեպտեմբերին Ռումինիայի Մամայա քաղաքում անցկացված աշխարհի առաջնությունում հրաշալի հանդես եկավ՝ վստահ առավելության հասնելով 18-ամյա բոլոր տասնմեկ հասակակից իր ախոյանների նկատմամբ, բացառիկ ու բացարձակ արդյունքով հռչակվելով խոշորագույն ստուգատեսի հերոսուհի (ի դեպ, շախմատային պատմությանը հայտնի է հարյուր տոկոսանոց` սուպերարդյունքի եւս մեկ փաստ, ֆիքսված կես դար առաջ), նա, ով երկու ամիս հետո էլ իր անսովոր հաղթարշավը շարունակեց Անթալիայում անցկացված 18 տարեկանների Եվրոպայի առաջնությունում, եւ նոր հաջողության առիթով Թուրքիայում հանդիսավորությամբ հնչեց Հայաստանի օրհներգը։

Մի՞թե սրանք շարքային ցուցանիշներ էին, եւ արժանի չէր շնորհաշատ շախմատիստը, որ տեղ գրավեր լավագույն տասնյակում։ Կարող են պատճառաբանել` խնդիրը տարիքային առանձնահատկությունն է։ Հենց այդ տարիքում բացառիկ ու կրկնակի նվաճումները պետք է արժանանային նույնպես բացառիկ խրախուսանքի։ Թե չէ ստացվում է` մարզական ոսկեփայլ հրաշագործություններից ավելի բարձր են գնահատվել բրոնզեփայլ ու համեստ ցուցանիշները։
Ընդհանրապես, ճիշտ կլիներ հանրապետության 10 լավագույն մարզիկներին ներկայացնել ոչ թե քիչ բան ասող այբբենական կարգով, այլ ստացած պատասխան-միավորներով, որպեսզի, ինչպես ընդունված է, նաեւ հայտնի դառնար, թե ով է բոլորիս հետաքրքրող տարվա թիվ մեկ մարզիկը։
Ավաղ, սրանով էլ չեն սահմանափակվում տարօրինակ անակնկալները։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մասնագետներից եւ մրցումները լուսաբանողներից ստացված պատասխանների հիման վրա ի հայտ բերեց մարզիչների եւ ֆուտբոլիստների լավագույն եռյակները։ Ըստ այդմ, հանրապետության թիվ մեկ մարզիչ է ճանաչվել Եղիշե Մելիքյանը («Փյունիկ»), իսկ ֆուտբոլիստների լավագույն եռյակը կազմեցին. 1. Էդուարդ Սպերցյանը («Կրասնոդար», Ռուսաստան)` 76 միավոր, 2. Հենրիխ Մխիթարյանը («Ինտեր», Իտալիա)` 74, 3. Արտակ Դաշյանը («Փյունիկ», Հայաստան)` 20 միավոր։ Ձեզ, անշուշտ, կհետաքրքրեն երեք տեղերին տրված կոնկրետ պատասխանները՝ Հայաստանի առաջնության մասնակից 9 թիմերի (բացառությամբ «Փյունիկի») մարզիչների կողմից. Սպերցյան` 3-4-0, Մխիթարյան` 4-1-0, Դաշյան` 1-0-1, ԶԼՄ-ների կողմից. Սպերցյան` 5-8-0, Մխիթարյան` 8-3-2, Դաշյան` 1-1-6։

Ինչ վերաբերում է ընդհանրապես լավագույն եռյակի վերջնական ցուցանիշներին, ապա հարկ է խոստովանել, որ 19-ամյա Էդուարդ Սպերցյանն իր տեխնիկական արտակարգ ունակություններով, դիպուկ փոխանցումներով ու գրոհների ավարտական հարվածներով իրոք բացառիկ էր։ Դրա շնորհիվ կարողանում էր աշխուժություն մտցնել հավաքականի ելույթներում, թեեւ ճիշտ է եւ այն, որ մեր ազգային ընտրանին շատերին հիասթափեցրեց։ Տարվա գլխավոր ստուգատեսում` Եվրոպայի Ազգերի լիգայի մրցաշարում անցկացրած վեց խաղից հինգում կրեց պարտություններ՝ խփելով 4 գոլ եւ բաց թողնելով 17 գնդակ՝ հայտնվելով աղյուսակի ստորին հորիզոնականում։ Այնպես որ, Սպերցյանի խաղարվեստը գնահատողները հաստատ հաշվի են առել ոչ այնքան մեր հավաքականում, որքան «Կրասնոդարում» նրա տպավորիչ ելույթները։ Իսկ 33-ամյա Հենրիխ Մխիթարյանի հետ համեմատած՝ նա, բնականաբար, վարպետության հղկման կարիք ունի։ Էլ չեմ ասում, որ Հենոն մեծ հեղինակություն է վայելում աշխարհի եռակի չեմպիոն Իտալիայի ֆուտբոլասերների շրջանում, հարգված հայրենասեր է, առիթը բաց չի թողնում՝ Հայաստանի շահերը պաշտպանելու, եւ աշխարհի թիվ մեկ ֆուտբոլիստն է, ով ազատ տիրապետում է յոթ լեզուների, փաստ, որով հպարտանում ենք բոլորս։

Այնուամենայնիվ, ո՞ւմ մտքով կանցներ, որ մի օր նա ի լուր բոլորի կհայտարարի, որ հրաժարվում է հանդես գալ մեր ազգային հավաքականում։ 50-ական թվականներից սպորտ եմ քարոզում եւ առաջին անգամ զարմանքով ընթերցեցի նման բովանդակությամբ հայտարարություն։ Ճիշտ է, շուտով մամուլում տարածվեց, որ դա առնչվում է մեր ֆուտբոլի ֆեդերացիայում 17 տարի շարունակ որպես հավաքական թիմերի բաժնի վարիչ աշխատած մոր` Մարինա Թաշչյանի կողմից հնչեցված քննադատության հետ՝ առ այն, որ ֆեդերացիայի ղեկավար կազմի ընտրությունները եղել են անարդար։ Այս դիմակայությունն էր պատճառը, որ տիկին Թաշչյանը, անառողջ մթնոլորտից ելնելով, հրաժարվեց շարունակել աշխատանքը ֆեդերացիայում, սրան էլ հետեւեց նրա որդու արձագանքը։ Այդուհանդերձ, ֆեդերացիայի ղեկավարությունը շարունակում է հույսեր փայփայել, որ Հենրիխ Մխիթարյանը կփոխի իր որոշումը, մանավանդ որ ազգային հավաքականը նրա կարիքը շատ է զգում։ Ամեն ինչի պատասխանը կտա ժամանակը։

Միսակ Նազարյան