Սա կարող է լինել հոգեբանական ճնշում, քաղաքական, ռազմական կամ բոլորը՝ մեկում

Սա կարող է լինել հոգեբանական ճնշում, քաղաքական, ռազմական կամ բոլորը՝ մեկում

Վերջին շրջանում Հայաստանում նախապատերազմական տրամադրություններ են: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ Ադրբեջանը սահմանին զինտեխնիկա է կուտակել: Ռազմական փորձագետները եւս պնդում են, որ պատերազմից «հինգ է պակաս», սակայն Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի առյուծի բաժինը նվիրեց իր նախկին թիմակից, դերասան Հայկ Մարությանին: Նա նաեւ խոսեց Արցախի մասին, անդրադարձավ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած իր հարաբերություններին: Տպավորություն էր, թե Փաշինյանը ցանկանում էր վերջին մեկ շաբաթվա ընթացքում հնչեցված հակառուսական հայտարարությունները չեզոքացնել: Այս եւ այլ հարցերի մասին զրուցել ենք ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի հետ:

- Նիկոլ Փաշինյանը Հանրայինին հարցազրույց տվեց: Հայկական երկու պետությունները փաստացի վտանգված են, խոսվում է հնարավոր ռազմական էսկալացիայի մասին, սակայն վարչապետի հարցազրույցից այդ տպավորությունը չստեղծվեց, կարծես թե Հայաստանն այսօր չունի որեւէ մտահոգություն: Ըստ Ձեզ` ինչի՞ մասին էր Փաշինյանի հարցազրույցը:

- Փաշինյանի առաջին մեսիջն այն էր, որ Հայաստանը եւս մեկ անգամ հաստատում է, որ չի պատրաստվում երաշխավորել Արցախի անվտանգությունն ու, ըստ էության, խառնվել դրան: Երկրորդ մեսիջն այն էր, որ ինքն Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, իսկ ահա երրորդ գլխավոր մեսիջն էլ այն էր, որ ամենաքաղաքական հարցը չի պատրաստվում քաղաքականացնել, ինչն ուղղակի անընդունելի է, իսկական աբսուրդ: Նիկոլ Փաշինյանն ուղիղ տեքստով նշեց, որ Արցախում առկա ճգնաժամը պետք չէ քաղաքականացնել, եւ որ այն պարզապես հումանիտար խնդիր է: Այդ պատասխանը ցանկացած տեսանկյունից աբսուրդ է, հատկապես՝ քաղաքագիտական մտքի տեսանկյունից:

- Իսկ ո՞րն էր այդ հայտարարության նպատակը` ըստ Ձեզ:

- Նպատակն այն է, որ այդ ամենը շատ հարմար է իր իշխանության համար, այդքան մի բան: Արցախի շրջափակումը միայն հումանիտար խնդիր դիտարկել՝ նշանակում է Ադրբեջանի շահերից բխող տեսանկյուն ունենալ, որովհետեւ դա միմիայն Ադրբեջանի շահերից է բխում: Ադրբեջանն այս ողջ ընթացքում իր բոլոր ջանքերը ներդրել է, որպեսզի Արցախի հարցը դուրս մնա քաղաքական օրակարգից, իսկ ահա Նիկոլ Փաշինյանը փաստացի այսօր նույն մեսիջն է կրկնում:

- Հայաստանի սահմանին ադրբեջանական կողմը զինտեխնիկա է կուտակում: Թեեւ վերջին օրերին Ադրբեջանը որեւէ ուղղակի ագրեսիա չի ցուցաբերել, սակայն ի՞նչ կարող ենք սպասել: Կա՞ արդյոք լայնածավալ գործողությունների վտանգ:

- Եթե թշնամին սահմաններին կուտակումներ է անում, այդ թվում` Նախիջեւանի կողմից, դա նշանակում է, որ իրենք պատրաստվում են ճնշում գործադրել: Այն կարող է լինել հոգեբանական ճնշում, քաղաքական, ռազմական կամ բոլորը՝ մեկում: Իրանի կոշտ արձագանքը եւս դրա մասին էր փաստում, որ իրենք այդ բոլոր մարտահրավերներին պատրաստ են եւ հարկ եղած դեպքում իրենք էլ կոշտ կարձագանքեն: Տարածաշրջանում Հայաստանից բացի բոլորը պատրաստ են ռազմական էսկալացիայի: Հայաստանի իշխանություններն այսօր կենտրոնացած են իրենց ընտրարշավի վրա, իրենց համար առաջնահերթն այսօր Երեւանում քաղաքապետ ընտրելն է:

- Հնարավո՞ր է էսկալացիան լայնածավալ լինի, թե՞ ոչ` լոկալ բնույթ ունենա:

- Հստակ չեմ կարող ասել, սակայն, իմ դիտարկմամբ, իրավիճակը բավականին լարված է, եւ ամեն րոպե կարող է Ադրբեջանը նոր սադրանքի գնալ ու ավելի լայնածավալ գործողությունների դիմել:

- Նիկոլ Փաշինյանը նշում է, որ ինտենսիվ կապի մեջ է Վլադիմիր Պուտինի հետ: Տպավորություն է, թե փորձում է չեզոքացնել վերջին օրերի հակառուսական տրամադրությունները, որոնք, ի դեպ, իր կնոջ եւ թիմակիցների քայլերի արդյունքում են ձեւավորվել:

- Փաստացի, իր վերջին հարցազրույցի առաջին կեսը հենց դրան էր ուղղված: Ռուսական կողմի մտահոգությունները ցանկանում էր չեզոքացնել՝ ասելով, թե իրենց սխալ են հասկացել, եւ որ ոչ մի հակառուսական պրոցես էլ Հայաստանում չկա, ինչն իրականության հետ աղերս չունի, որովհետեւ հակառուսական տրամադրությունների կտրուկ աճը Հայաստանում ակնհայտ է բոլորի համար:

- Արցախը նոր նախագահ ունի: Սամվել Շահրամանյանի ընտրությունն արեւմտյան երկրները չճանաչեցին, իսկ Թուրքիան եւ Ադրբեջանը դատապարտեցին: Բայց Հայաստանը եւս, կարծես, չի ընդունում նորընտիր նախագահին, եւ անգամ իշխանավորներից որեւէ մեկը չի շնորհավորել Շահրամանյանին` նախագահ ընտրվելու կապակցությամբ: Ի՞նչն է խնդիրը` ըստ Ձեզ:

- Նիկոլ Փաշինյանը երեկ շատ պարզ արտահայտվեց, որ իրեն շատ հարմար էր աշխատել Արայիկ Հարությունյանի հետ, իսկ նոր նախագահին առանձնապես շնորհավորելու առիթ չի տեսնում, ի դեպ, հենց այդ կապակցությամբ ես շնորհավորում եմ Արցախի նորանշանակ նախագահ Սամվել Շահրամանյանին: