«Հրապարակ». Մարտունու ԲԿ-ի տնօրենն ազատվեց եւ նորից նշանակվեց

«Հրապարակ». Մարտունու ԲԿ-ի տնօրենն ազատվեց եւ նորից նշանակվեց

Փետրվարի 12-ին Մարտունու բժշկական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հրամանով ազատվել է պաշտոնից` իր դիմումի համաձայն, եւ հենց նույն օրն էլ մարզպետը նրան կրկին նշանակել է Մարտունու ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ 3 ամիս ժամկետով:

ԲԿ-ում մի շարք խախտումներ էին արձանագրվել։ Մեզ պատմեցին, որ խախտումները եղել են դեռ կորոնավիրուսի ժամանակ, բայց ԲԿ-ի անորակ վերանորոգումն է դարձել ազատման պատճառը: Անդրանիկ Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է ստացվել, որ մարզպետը 1 օրում ազատման եւ նշանակման որոշում է կայացրել։ «Չեմ կարող ասել, դա մարզպետի որոշումն է, դուք ճշտեք համապատասխան տեղերից: Մրցույթի ժամկետը վերջացել է, նոր մրցույթ պետք է հայտարարվի»: Աշխատանքից ազատումը կապվա՞ծ է ԲԿ-ի անորակ շինարարության հետ։ «Նոր շենք ա, կարան խնդիրներ առաջանան, եւ էնպես է, որ թեթեւ թերություններ կարող են առաջանալ, լուծումները տրվում են, եւ այն կազմակերպությունը, որը շինարարություն է արել, իրենց կողմից վերացվում են: Շինարարության որակի մասին գնահատական ես չեմ կարող տալ, շինարարությունն արվել է, եւ համապատասխան մարմինները ստորագրել են ավարտական ակտը, այս պահի դրությամբ թերություններ չունենք: Շինարարական աշխատանքներն իրականացրել է «Գեւորգյան-Ներսիսյան» ՍՊԸ-ն, թերությունների հետ կապված հարցերն իրենց ուղղեք»:

Հիշեցնենք, որ ԲԿ-ի բացմանը` 2023 թ. նոյեմբերի 4-ին, ներկա էր գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նոր կառուցված շենքը շահագործման էր հանձնվել բազմաթիվ թերություններով, եւ ԲԿ-ն միայն վերջերս է սկսել աշխատել։ Հատկանշական է, որ այդ թերությունների համար Փաշինյանը ոչ մեկին չպատժեց, միայն անաղմուկ` ազատեցին առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանին։ Իսկ Լոռիում եւ Արմավիրում կուժն ու կուլան կոտրվեց մարզպետների վրա: Ինչով էր Մարտունու ԲԿ-ն տարբերվում մյուս մարզերի դպրոցներից` ոչ ոք չհասկացավ: