Անդրանիկ Զորավարի արձանն այլեւս չի կարող գտնվել Ուջանում

Անդրանիկ Զորավարի արձանն այլեւս չի կարող գտնվել Ուջանում

Այնպես էր ստացվել, որ ՀՊՏՀ մարքեթինգի ամբիոնում երկու ուջանցի աս­պիրանտներ էին հայտնվել: Այդ ժամանակ ամբիոնի վարիչ էի: Կատակով, ասպի­րանտներ Նարեկ Ղուկասյանին և Գևորգ Պապոյանին ասացի. փոխարեն Արևմտյան Հայաստանը գրավեք՝ ի հիշատակ Զորավար Անդրանիկի, եկել ինչ-որ ամբիոն եք գրավել: Այն ժամանակ 2009-2010 թվականներին երկուսն էլ բավական պարկեշտ, հայրենասեր անձնավորություններ էին թվում: Ղուկասյան Նարեկի մասին ոչ մի վատ բան չեմ կարող ասել: Գուցե կանխազգալով այսպիսի զարգա­ցումները Հայաստանում, ընտանյոք հանդերձ տարիներ առաջ հանգրվանեց Կանադայում: 

2018 թվականին ես արդեն հեռացել էի ՀՀԿ-ից (չէի բարձրաձայնել, ինչպես ամեն մի քարտուղարուհի լրատվամիջոցներով հայտնում է, Հարգելի հայրե­նա­կիցներ, ես հեռանում եմ Պողոս Պողոսյանի քարտուղարի պաշ­տոնից…): 

Քարոզարշավի նախաշեմին, նախընտրական բուկլետներով ինձ է այցելում Գևորգ Պապոյանը: Նրան ասում եմ, քանի որ ես կրթական համակարգում եմ ու այսպես կոչված հեղափոխությունը ողջունում եմ, ուրեմն Արայիկ Հարությունյանին և Արարատ Միրզոյանին ասա, թե ինչ աջակցության կարիք ունեն: Նա ասաց, հա, պարոն Վարդանյան, բայց ահա իմ բուկլետները, խնդրում եմ աջակցեք: Էյֆորիան շատ մեծ էր: Տարածքի իմ մտերիմներին խորհուրդ տվեցի ընտրել երեքից մեկին, ով ում կամենում է: 

Հետո պարզ դարձավ, որ նա ոչ մեկին էլ չի փոխանցել իմ պատրաստա­կա­մության մասին: Անձամբ ես ընտրել եմ Արայիկ Հարությունյանին, առանց իր խնդրելու. որպես համակարգի աշխատակից: Բայց, անկախ զբաղեցրած բարձր պաշտոնից, որպես ընտրող նա չի էլ բարեհաճել ինձ ընդունել: Չի բարեհաճել ընդունել մի անձնավորության, ով պատիվ է ունեցել Հայաստանի Հանրապե­տության անունից հանդես գալու ՄԱԿ-ի առևտրի և տնտեսական զարգացման համա­ժողովներում, ով ճանապարհ է բացել Հայաստնաւոմ գիտելիքահենք տնտեսության գաղափարների ըմբռնման մակարդակի բարձրացման համար, ով վերապատ­րաստվել է ճապոնիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, ով ասպիրանտ է եղել Մոսկվայում, ով եղել Էկոնոմիկայի փոխնախարար և այլն և այլն:

Ավելի ուշ, երբ լքել էի այդ համակարգը, ինձ լուր հասավ, թե իբր ես իրենց դեմ եմ (Փաշինյանը ով կարդալու, սովորելու հետ սեր չունի ու հատուկ իր համար կազմակերպված, 2018 թ. նոյեմբերին Մարիոթ հոթելում կայացած համաժողովի “Ինչ անել” զեկույցների ժողովածուն չի ընթերցել, իմ մեղքը որն է): Այն ժամանակ՝ դեմ չէի: Այժմ, ավելի ցանկալի է թուրքերին տեսնել Երևանում, թեկուզև, ադրբեջանցիներին, քան իմքայլականներին: Թեպետ, թուրքերի Հայաստան հրավիրելու ու տնավորվելու առաջարկով արդեն իսկ հանդես են եկել իմքայ­լա­կանները. ադրբեջանցիները, ըստ էության, չեն ճանաչում խորհրդային Հայաստանի սահմանները:

Անդրանիկ Օզանյանն ի՞նչ կասեր այս պարագայում: Ինչպե՞ս կզգար նա, որ իր առաջին արձանը վեր է խոյացել Ուջանում, որտեղից Երևան եկած ու տնավորված Գևորգ Պապոյանը հարում է ապաքաղաքական այն ուժին, որը դեմ չէ Հայաստանի թուրքացմանը:
Ու, քանի որ Զորավար Անդրանիկն այլևս հայտնի պատճառներով չի կարող ճակատամարտ տալ, առավել ևս քարի մեջ մարմնավորված նրա արձանն ինքնուրույն չի կարող լքել այդ բնակավայրը, հայրենասերները, ազգի նվիրյալները պարտավոր են նրա արձանը տեղափոխել: Ցանկալի է այն վերատեղադրել Շուռնուխում:

Հ.Գ. Շատ ուջանցիների հետ եմ շփվել: Մի շատ հայենասեր պատմաբան էլ կար, ավաղ լուսահոգի՝ Գասպարը: Նա շատ էր պատմում Արևմտյան Հայաստանի մասին: Այցելել էր իր նախնիների հայրենիքը, նույնիսկ գտել բարեկամներ, բայց՝ քրդացած: Այդ ճամփորդությունից հետո նա աչքերում հաճախ էինք տեսնում արցունքներ…Պատմում էր Մշո դաշտավայրի մասին այնպես, ինչպես պատմել էր իմ մեծ տատը՝ Մարիամը. երկնքից մանանա էր ընկնում…

Հ.Գ. Ու այս խորապատկերին, ուջանցիները ջերմ ընդունելություն են կազ­մակերպել հողատուի համար: Զարմանալի է, զորավարի արձանն ինչպես չի պայթել: 

Հ.Գ. Ի դեպ, մի քայլ եմ արել, որն առաջացրել է իմ մտերիմ մարդկանց, չգիտեմ, տարակուսանքը, թե զարմանքը: Որոշել եմ, հեղափոխության, ավելի շուտ, Արայիկ Հարությունյանի տխմար կառավարման պատճառով ինձ հոգեհարազատ համալսարան վերադառնալ, որը լքել էի 2 տարի առաջ: Դոկտոր, պրոֆեսոր եմ, բայց դիմել եմ դասախոսի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին (թեպետ ընտրվելու հավանականությունը հավասար է 0-ի): Դոցենտի տեղեր էլ կային, բայց Գևորգ Պապոյանն ավելի արժանավոր է: Ի վերջո, նրա հանճարի արդյունքն է Քաղպայմանագրի տնտեսական ծրագիրը: Պապոյան գումարած Քերոբյան=Ճապոնիա: Ամեն ինչ այնքան է ապականվել, որակազրկվել ու այլասերվել:

Գագիկ Վարդանյան