Մի ամբողջ երկիր կորցրինք` վեր կենանք այսօր հոսանքի՞ց խոսենք

Մի ամբողջ երկիր կորցրինք` վեր կենանք այսօր հոսանքի՞ց խոսենք

«Մեջք-մեջքի տված, ձեռք-ձեռքից բռնած՝ ձեզ պետք է ապացուցենք, որ մենք ենք որոշողը»․ «Ոչ թալանին» շարժման լոզունգներից էր, որը 2015 թվականի հունիսին բազմահազարանոց միտինգներ էր հավաքում Ազատության հրապարակում: Պատճառը հոսանքը թանկացնելու իշխանությունների մտադրությունն էր: 2015 թվականի հունիսի 1-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց օգոստոսի 1-ից 7 դրամով բարձրացնել էլեկտրաէներգիայի գինը: Այս որոշումից 10 օր անց նախագահ Սերժ Սարգսյանը հայտնեց, որ «Ցանցերում» աուդիտ է սկսում, եւ կառավարությունը ժամանակավորապես իր վրա է վերցնում հոսանքի թանկացման սուբսիդավորումը: 

Այս երկու որոշումների արանքում զայրույթի, բողոքի, զանգվածային հուզմունքի բարձրավոլտն անցավ՝ ձգվելով Բաղրամյան պողոտայից մինչեւ Օպերա: Սկսվեց Հայաստանի ամենահզոր սոցիալական շարժումը՝ «Էլեկտրիկ Երեւանը»: Հունիսի 19-ից Հայաստանն աշխարհի հեղինակավոր լրատվամիջոցների օբյեկտիվում էր: Մարդիկ պահանջում էին չեղարկել թանկացման որոշումը եւ մինչեւ հունիսի 23-ը ժամանակ տվեցին իշխանությանը՝ չեղարկելու այն, եւ հունիսի 23-ի երեկոյան շարժվեցին դեպի արդեն փշալարապատ նախագահական: Այստեղ ցույցը դաժանաբար ցրվեց: 237 քաղաքացի բերման ենթարկվեց, երեկոյան ավելի մեծ բազմություն հավաքվեց, ոստիկանությունը նահանջեց, ցուցարարները պողոտան փակ պահեցին 14 օր: «Մենք լուցկու հետ խաղում էինք, չէինք ուզում` միամիտ կպավ»․ «Էլեկտրիկ Երեւանի» առաջնորդներից մեկի՝ Օպերայի բակում բոցաշունչ ելույթներ ունեցող Վաղինակ Շուշանյանի բնորոշումն է սա: 

Պատասխանելով հարցին, թե ինչու էլեկտրաէներգիայի թանկացման դեմ այսօր չկա շարժում, որը գոնե հեռավոր նմանություն կունենար «Էլեկտրիկ Երեւանի» հետ, նա ասաց. «Կարծում եմ՝ պատճառն անցած պատերազմն է: Մարդիկ սիրտ ու հավես չունեն ինչ-որ բանի դեմ պայքարելու»։ Նույն հարցն ուղղեցինք 2015 թվականի շարժման երկու այլ գործիչների եւս: Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից հոսանքը թանկացել է միջինը 4,7 դրամով:

Սուրեն Սահակյանը` «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամներից մեկը, ասում է. «Որովհետեւ ոչ մեկը չի լսում՝ մենք ինչ ենք ասում։ Հետաքրքիր է, թե մի երկու բառադի ոնց են պետական քարոզչական թեզեր սարքում։ Դրանցով Մաշտոցի պուրակի խնդիրը ծառ ու թուփի կռիվ էր, տրանսպորտի խնդիրը՝ 50 դրամի հարց, «Էլեկտրիկը»՝ 7 դրամի հարց։ Մաշտոցի պուրակի խնդիրը հանրային սեփականության հարց էր, ու եթե էդ հարցը չլիներ, Մաշտոցի պուրակ էլ չէր լինի։ Տրանսպորտն ու «Էլեկտրիկը» որոշումներ ընդունելու իրավունքի հարց էր։ Երկու դեպքում էլ վիճարկվում էր առանց հանրային քննարկումների որոշում կայացնելու պրակտիկան: Ձեր ասածը այսբերգի վերեւի երեւացող հատվածն էր։ Որեւէ մեկն իրեն նեղություն չի տալիս խորքը նայել: Ու երբ հանրային տարածքի հարց էին բարձրացնում մարդիկ ու հաջողեցին, դրանից հետո երկրում ինչ ծառ կտրում էին, զանգում էին մեզ։ Մեռանք ասելով, որ, օրինակ, ես, բնապահպան չեմ։ Ոչ մեկին դա չի հետաքրքրում»: 

- Դուք ժամանակին տրանսպորտի բարեփոխման ծրագրեր ունեիք: Հիմա դա արժանապատվության հա՞րց համարենք, թե՞ զուտ տրանսպորտի: Ոչինչ չի փոխվել, չէ՞:

- Դեռ էն ժամանակ, եթե մեկն ուշադիր հետեւել է, նկատել է, որ մենք ոչ թե ասում էինք` մի թանկացրեք 50 դրամ, այլ հիմնավորեք, թե ինչի ա էդ 50 դրամը թանկանում, եւ թանկանալուց հետո ինչ ենք ստանալու դրա դիմաց։ Այ, ասում էինք՝ եթե հիմնավորեք, սարքեք ավելի լավ համակարգ, արդեն եղածի համար կարելի ա մտածել ու հաշվել, թե արժե՞ 50 դրամ թանկացնել, թե՞ չէ։ Ի տարբերություն լրագրողների ու պարապությունից շարժմանը հետեւողների, կառավարիչները հենց դրան ուշադիր եղան ու քաղաքի բյուջեից 800 հազար եվրո փող հատկացրին էդ համակարգի բարեփոխումների խորհրդատվության համար։ Ծրագիրը կառուցվեց, որը սկսեց իրականացնել արդեն Հայկ Մարությանը` դրանից 5 տարի անց։ Ընդ որում, նկատի առեք, որ 5 տարի ոչ մի կոպեկ չի թանկացել տրանսպորտը։ Այսինքն՝ տրանսպորտի գների թանկացման նախաձեռնության դասերը լավ քաղել են, ու գինը կթանկանա էն ժամանակ, երբ տրանսպորտն էդ գնին համապատասխան լինի։

- Շատերի կարծիքով, դուք մոտ եք կանգնած իշխանությանը, բայց հասկանալի չէ` եթե այդպես է, ինչո՞ւ չեք կարողանում իրականացնել ձեր ծրագրերը՝ գոնե տրանսպորտի մասով:

- Որովհետեւ «շատերը» չափից դուրս են կենտրոնացած իրենց մտքերի վրա ու ոչ մի հետաքրքրություն չեն դրսեւորում նրա նկատմամբ, թե էդ հարցով ինչ եմ ասում կոնկրետ ես։ Ո՛չ հեղափոխության ընթացքում, ո՛չ էլ դրանից հետո մենք թիմի անդամ չենք եղել, ու հեղափոխական պրոցեսներից հետո առանց էդ էլ եղած լարված հարաբերությունները գնալով ավելի են լարվել։ Ես մի 5-6 անգամ մերժել եմ պաշտոնյա դառնալու առաջարկները, դրա մասին բաց խոսել եմ․ ոչ մեկը չի ասել՝ չէ, տենց բան չկա, բայց դա ո՞ւմ ա հետաքրքրում։

Արթուր Քոչարյանը` «Էլեկտրիկ Երեւան» շարժման կազմակերպիչներից մեկը, որը տուժել էր ոստիկանական գործողություններից, ասում է. ««Էլեկտրիկ Երեւան» հիմա չի կարող լինել, որովհետեւ ժամանակն է ուրիշ: Էն ժամանակ այլ գործողություններ էին թելադրվում: Վանոն մի հատ հետաքրքիր բան ունի, որ ասում ա՝ ոնց որ երկրաշարժի հաջորդ օրը մեկին հարցնես՝ ինչո՞ւ զեբրայի վրայով չես անցնում փողոցը: Այդ վիճակն է: Էս ողբերգության պարագայում, որը եկավ մեր ազգի գլխին, վեր կենալ, հոսանքի թանկացումից խոսալ՝ անլուրջ մարդ կլինես: Մի ամբողջ երկիր կորցրինք ու գնալով էլի կորցնում ենք: Ունենք շատ վատ իշխանություն ու վեր կենանք, խոսենք հոսանքի՞ց»: 

- Էն ժամանակ 7 դրամը մեծ կորո՞ւստ էր` ուզում եք ասել: 

- Էն ժամանակ ունեինք քչից-շատից կայացած պետություն, ու մեր էդ պահի խնդիրը հոսանքն էր: Ինչքան էլ ունեինք Արցախի հարց եւ այլն, բայց օրակարգայինը դա էր կամ հարյուր դրամների պայքարը: Այսօր մեր նպատակներն ուրիշ պետք է լինեն: 

- Հիմա ի՞նչ եք անում, խոսում-շփվո՞ւմ եք «Էլեկտրիկի» անդամներով:

- Հա, հանդիպում ենք, շփվում ենք, բայց այս համընդհանուր դեգրադացիայի մթնոլորտում անիմաստ է ինչ-որ բան անենք: Ընդհանրապես չենք խոսում, որ կարող է ինչ-որ ընդվզում լինի: Ինչ կուզեն, կանեն այս պահի դրությամբ, ոչ ոք չի ընդվզի: Համատարած հիասթափություն է, դեպրեսիա, որ այն ժամանակ չկար: Մոտակա հինգ տարի՝ տաս էի ուզում ասեի, հաստատ փողոցային ոչ մի պայքար չի հաջողվելու: Կլինի, բայց ոչ կենցաղային հարցերով: Կյանքն էլ ցույց տվեց, որ այդ նույն «Էլեկտրիկը» կարելի էր օգտագործել քաղաքական նպատակներով, որ չգնար մի պատի դեմ առներ, ինչպես եղավ: Եկավ ժամանակ, որ պետք է քաղաքական նպատակներ դրվեին, ինչը չարվեց: Ես ու մի քանի հոգի արդեն քաղաքական ուժերի էինք կանչել, որ խոսեինք, բայց կային մարդիկ, որոնք չէին ուզում ոչ մեկի տեսնել: Նույն Փաշինյանի դեմքը չէին ուզում տեսնել: 

- Բայց կարող էր այն ժամանակ էլ Նիկոլի պես մի մարդ ի հայտ գար: 

- Դե, որ խորանում ես, գալիս ես էն մտքին, որ Սերժը եթե իրեն մի քիչ նորմալ պահեր, էս ազգային աղետը չէր գա իշխանության: Կյանքը ցույց տվեց, որ շատերը մեր շարժման մեջ էլ ոչ թե գաղափարի հետեւից էին գնում, այլ իրենց կյանքը փոխելու: Օրինակ, Կոտոլյան Արմենը, ինքը հիմա Փաշինյանի վստահելի մարդկանցից է, թեեւ մեզ հետ հավասար պայքարում էր, քաղմաս էր ընկնում, ու էլի նման մարդիկ կային: Գնացին, ընդունեցին, հարմարվեցին: