Ես չեմ ուզում, որ մենք մարդկային մեծ աղետի հողի վրա ռազմաքաղաքական վերլուծություններ անենք․ ՔՊ-ական

Ես չեմ ուզում, որ մենք մարդկային մեծ աղետի հողի վրա ռազմաքաղաքական վերլուծություններ անենք․ ՔՊ-ական

Ազգային ժողովի այսօրվա ճեպազրույցները սկսեց ՔՊ-ով և Մարգարայի կամրջով Հայաստանի կողմից Թուրքիա հումանիտար օգնություն ուղարկելու հարցով։ ՔՊ-ականները, այս դեպքում՝ Սարգիս Խանդանյանն ու Արթուր Հովհաննիսյանը, համարում են, որ Հայաստանը՝ որպես միջազգային հանրության նորմալ անդամ, պետք է միշտ արձագանքի նմանատիպ աղետներին ու առաջարկի օգնություն։

«Եւ հենց սա է եղել առաջին հերթին Հայաստանի նպատակը, որպեսզի արագ արձագանքի աղետին։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող բանակցություններին և այդ բանակցությունների վրա այս քայլի ազդեցությանը, իհարկե, այդ նյուանսը կա։ Առնվազն ընկալման տեսանկյունից՝ ես կարծում եմ, որ սա որոշակի առումով դրական ազդակ է, իհարկե, նման մասշտաբի աղետի դեպքում դրական ազդակներից խոսելը մի քիչ դժվար է, բայց, այնուամենյանիվ, այո, մենք տեսնում ենք, որ ցանկության դեպքում հնարավոր է, օրինակ, սահմանը բացել, շահագործել ճանապարհներ, կոմունիկացիաները, և հույս ունենաք, որ Թուրքիայի կառավարչությունն ավելի կհակվի այս գործնթացին, և մենք ավելի արագ արդյունքներ կտեսնենք»,-ասաց Սարգիս Խանդանյանը։

Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքի բացման հեռանկարին, և արդյոք այս հումանիտար օգնությունը կարող է դրան նպաստել, ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը խնդրեց այս պահին այդ դիտանկյունից չնայել Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժին։ 

«Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական քայլ է արել, մենք որևէ ռազմաքաղաքական վերլուծություներ չենք անում ավերիչ երկրաշարժի հիմքով։ Ես չեմ ուզում, որ մենք սկսենք հիմա էս մարդկային մեծ աղետի հողի վրա ռազմաքաղաքական վերլուծություններ անել։ Սա, կարծում եմ, կրկին, մեր կողմից մարդասիրական չի կարող դիտվել»,-ասաց Հովհաննիսյանը։