Այս պահին երկու բուհից է ստացվել միավորման առաջարկ

Այս պահին երկու բուհից է ստացվել միավորման առաջարկ

ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեն դեռ ամիսներ առաջ բուհերին ուղարկել էր միավորման առաջարկ, որպեսզի նայեն եւ իրենց հայեցակարգերը ներկայացնեն կոմիտեին։ Առաջարկները բուհերին ուղղվել էին 2023-ի հուլիսի 17-ին՝ գիտական բուհերին եւ գիտահետազոտական կազմակերպություններին ուղղված խոշորացման հայեցակարգի վերաբերյալ։ 

Բուհերից հայեցակարգային առաջարկներ ներկայացնելու վերջնական ժամկետը փետրվարի 15-ն է։ Ու չնայած դեռ 2 օր կա վերջնաժամկետին, բայց, ինչպես պարզեցինք, այս պահին երկու բուհից է ստացվել առաջարկ, դրանք են՝ Մանկավարժական եւ Տնտեսագիտական համալսարանները։

Հայկական պետական մանկավարժական համալսարանից հետաքրքրվեցինք, թե միավորման ինչ հայեցակարգ է համալսարանը ներկայացրել, ինչ է դա իրենից ներկայացնում, եւ ամենակարեւորը՝ որ բուհերի եւ գիտահետազոտական կազմակերպությունների հետ են պատկերացնում, այսպես կոչված, խոշորացումը։ Սակայն համալսարանի հանրային կապերի բաժնից մեզ փոխանցեցին, որ իրենք առաջարկները գաղտնազերծելու պայմանավորվածություն չունեն, թող լիազոր մարմինը՝ Գիտության կոմիտեն ներկայացնի դրանք։

Ինչ վերաբերում է շրջանառվող այն լուրերին, թե շուտով միավորվելու են նաեւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական, Հայաստանի ազգային ագրարային եւ Ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանները, իսկ միավորված բուհը կոչվելու է Հայաստանի տեխնոլոգիական համալսարան, ապա օրեր առաջ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեից «Հրապարակին» ասել էին, որ ՀԱԱՀ, ՀԱՊՀ, ՃՇԱՀ-ն դեռ չեն ներկայացրել իրենց առաջարկները։ Իսկ բուհերի խոշորացումն իրականացվելու է նախարարության կողմից, երբ լինեն հայեցակարգերը: Միմյանցից տարբեր բովանդակությամբ բուհերը չեն միավորվելու։