Ո՞նց թե Որոտանը մերը չէ․․․

Ո՞նց թե Որոտանը մերը չէ․․․

Որոտանի նիկոլյան տնաբաժանումն եմ հիշում, երբ հայի ձեռքից առավ իր պապական տունը, հողն ու ասաց՝ սա քո տունը չէ, քո հողը չէ, ադրբեջանցունն է։ Կմոռացվի՞ սա երբևէ, ինչքան ջրեր էլ հոսեն։ 2020 թվականի դեկտեմբերն էր, երբ Որոտանում 12 հայի տուն անցավ թշնամուն, իսկ Շուռնուխում կար ու ձև էին անում։ Ո՞նց էր Որոտանը ադրբեջանցունը, երբ Համո Սահյանի առաջին գիրքը` «Որոտանի եզերքին» բանաստեղծությունների ժողովածուն էր։ Ո՞նց էր Որոտանը թշնամունը, չէ՞ որ այնտեղ Համոյի ու սյունեցու մանկության փշրանքներն էին․․․ Սահյանի հերոսի բառերը, երբ սիրած աղջկան հարևան գյուղից գալիս ու տանում են, այսպես է ձևակերպվում․ 

Սրտիս վրայով անցան ձիերը՝

Տրորելով հույսիս վերջին ծիլերը… 

Նույնիսկ հնարավոր չէ պատկերացնել, թե երբ Որոտանը, իր հայրենի հողը տանեին, բանաստեղծն ի՜նչ ձևակերպում կտար դրան։ Որոտանի եզերքին մի ուռենի կար, որը միշտ սպասում էր Համոյի ճամփին։ Ուռենու ականջը բանաստեղծի քայլերին էր սպասում, հայացքը հառած էր ճամփին։ Աշնանը վարսաթափ էր լինում այդ ուռենին, տխրում, բայց ուշ աշունքին էլի նրա ճամփան էր պահում։ Ի՞նչ կասեր Համոն, եթե լսեր, որ Որոտանը մերը չէ․․․Սիրած աղջկան տանելուց, նրա սրտի վրայով անցնում են ձիերը ու տրորում հույսի վերջին ծիլերը, իսկ Որոտա՞նը․․․ Մե՞րը չէ Որոտանը, Զանգեզուրը․․․ Գուցե ասեր․ 

Սրտիս ռելսերով գնացքը անցավ․․․

Ափսոս, որ Սահյանն իր մասին հուշեր չի գրել և գրառումներով ենք հիմնականում ճանաչում նրան։ Մի անգամ, երբ բանաստեղծին հարցրել են, թե ինչու հուշեր չի գրում, պատասխանել է. Երբ փոքր էի, հայրս ինձ էշին էր նստեցնում և ուղարկում խնձոր բերելու։ Մի անգամ բլրակից իջնելիս տեսա, որ խուրջինը պատռված է եղել, ու բոլոր խնձորները թափվել են ճանապարհին։ Հուշերը այդ խնձորների նման են՝ հետ գնալ, հավաքել չի լինի»։ 

Մեր գյուղերը, բնակավայրերը, տարածքներն այս իշխանության պատռված խուրջինից խնձորների նման թափվում ու հանձնվում են թշնամուն։ Դրանք հուշ են դառնում, հետո հավաքելը հնարավոր չի լինելու։ Մարդիկ գոռում են, զգուշացնում, որ ծակ է խուրջինը, նրանք չեն լսում՝ առաջ են գնում․․․ Ու ողբերգությունն այն է, որ մեր գյուղերն այսօր իշխանության համար զուտ ծակ պարկից թափվող խնձոր հուշեր են․․․