«Հրապարակ». Չունենալ ապագա իշխանություն եւ ընդդիմություն՝ Նիկոլ Փաշինյանի ձախողումն է

«Հրապարակ». Չունենալ ապագա իշխանություն եւ ընդդիմություն՝ Նիկոլ Փաշինյանի ձախողումն է

Հարցազրույց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի հետ։

- Շուրջ 40 օր տեւած պայքարի առաջին փուլն ավարտվեց անարդյունք․ վարչապետը շարունակում է պաշտոնավարել, ինչո՞ւմ թերացավ ընդդիմությունը:

- ԱԺ-ում եւ ԱԺ-ից դուրս իրեն ընդդիմություն հռչակած այդ խումբը հասարակության համար այլընտրանքային ծրագիր, որը համոզիչ ու հասկանալի կլիներ, չներկայացրեց: Այսինքն` ստացվում է, որ քաղաքական կուրսում որեւէ փոփոխություն չէր լինելու: Այդ պատճառով շատերը, ովքեր դժգոհ են իշխող մեծամասնությունից` Փաշինյան Նիկոլի կառավարությունից եւ պառլամենտից, այլընտրանք չտեսնելու պատճառով չմիացան դիմադրության շարժմանը: Ես այս ընթացքում փորձում էի հասկանալ, թե ինչ տարբերություն կա գործող իշխանության քաղաքական վարքագծի եւ ընդդիմության միջեւ: Ես չտեսա որեւէ տարբերություն, եւ, ֆուտբոլային լեզվով ասած, տարբերություն չկա՝ դարպասը խոցում են աջ եզրայիննե՞րը, թե՞ ձախ եզրայինները: Դա էական չէ եւ անհետաքրքիր է։ Ինձ համար կարեւորն այն է, որ Հայաստանը կանգնած է բազում մարտահրավերների առաջ, եւ համարժեք քայլեր չեն արվում՝ այդ ամենից խուսափելու համար:

- Փաստորեն, իշխանությանն ու ընդդիմությանը հավասար ասպեկտում եք դիտարկում, բայց այսօր տեղի ունեցող հակապետական քայլերի ու գործողությունների միակ պատասխանատուն օրվա իշխանությունը չէ՞: Ըդդիմությունը որեւէ փաստաթղթի տակ վերջին 4 տարվա ընթացքում չի ստորագրել:

- Իհարկե, հավասար չեն: Ճիշտ այն համամասնությամբ, որով ներկայացված են իշխանությունները, այդ նույն համամասնությամբ էլ պատասխանատու են ընդդիմադիրները: Փոքրամասնությունը եւս իշխանություն է: Իշխանություն է նաեւ ազգային փոքրամասնություն ունեցող քվոտային ներկայացուցիչը: Ես մշտապես ասում եմ, որ ընդդիմությունը կարող է անպատասխանատու քաղաքական արտահայտություններ անել, իսկ իշխանությունը որեւէ դեպքում չի կարող անպատասխանատու հայտարարություններ անել: Ընդդիմադիր լինելու առավելությունը հենց սա է. անել հայտարարություն եւ չլինել պատասխանատու: Այդ իմաստով, միանշանակ, նրանք հավասար չեն: Մեծամասնությունն է պատասխանատու ստորագրված ու չստորագրված փաստաթղթերի համար: Մեզ մոտ՝ անպատասխանատու: Ընդդիմությունը վաղվա իշխանությունն է, նրա խնդիրը պետք է լինի վաղվա մասին ծրագիր ներկայացնելը: Ես մեր ընդդիմության հայտարարություններում, ծրագրերում չեմ տեսնում վաղվա հետ կապված որեւէ գաղափար ու ծրագիր: Հենց այդ պատճառով էլ ձախողվեց:

- Այդ ձախողումը Փաշինյանին առավել ուժեղ չի՞ դարձնում:

- Ոչ, դա նաեւ Նիկոլ Փաշինյանի ձախողումն է: Չունենալ քաղաքական ընդդիմախոս, ապագա իշխանություն չունենալ, նրա հետ չվիճել, բանավեճի մեջ չմտնել՝ դա միմիայն քաղաքական իշխանության ձախողումն է: Իշխանության գլխավոր ֆունկցիաներից մեկը պետք է լինի հաջորդ իշխանության համար պայմաններ ստեղծելը: Բոլոր դեմոկրատական երկրներում սա անխուսափելի փաստ է:

- Վերջին ժամանակներում քաղաքական ենթատեքստ ունեցող սպանություններ են տեղի ունենում: Կարելի՞ է Հայաստանն անվանել դեմոկրատական երկիր:

- Դեմոկրատական երկիրն ու կրիմինալն ինչ-որ չափով կապված են միմյանց հետ, որովհետեւ դեմոկրատական երկիրը պետք է լինի ինքնապաշտպանված: Իրավապահները պետք է լինեն շատ ուժեղ, պաշտպանեն դեմոկրատիան: Այո, քաղաքական սպանությունները հնարավոր են: Քենեդուն էլ ԱՄՆ-ում սպանեցին, բայց դա չի նշանակում, որ ԱՄՆ-ն բռնապետություն է: Անշուշտ, շատ վատ է, որ Հայաստանում քրեական ուժերն այսքան աշխույժ են:

- Հայաստանը, այսքան խնդիրներով ու մարտահրավերներով հանդերձ, ո՞ւր է գնում….

- Հայաստանն առագաստներն իջեցրել է ծովում, եւ հոսանքը տանում է Հայաստանը…. Հայաստանը չի գնում, նրան տանում է հոսանքը: Թե ուր կտանի մեզ հոսանքը, որ ուղղությամբ եւ ինչպես, դժբախտաբար, դեռ չգիտենք: