QR կոդի պահանջը վերացրին, հաջորդը ո՞ր չաշխատող արգելքն են վերացնելու

QR կոդի պահանջը վերացրին, հաջորդը ո՞ր չաշխատող արգելքն են վերացնելու

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարել է․ 

«Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում  ներկայումս կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակը հարաբերականորեն կայուն է, մեղմացվել են գործող սահմանափակումները։ Մասնավորապես, ուժը կորցրած է ճանաչվել հանրային սննդի օբյեկտներ, հյուրանոցային տնտեսության օբյեկտներ և մարզասրահ, գրադարաններ և թանգարաններ, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպություններ այցելելիս այցելուների կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության կամ արագ ախտորոշիչ թեստի 24 ժամյա վաղեմության սերտիֆիկատի կամ Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումը հավաստող սերտիֆիկատի ներկայացման պահանջը»:

Ընթերցողի մոտ բնական հարց կառաջան՝ իսկ ե՞րբ էր այս արգելքը գործում։ Իր սահմանման պահից երեւի մի 2 օր, այն էլ հանրային շատ փոքրաթիվ վայրերում։

Բայց առողջապահության նախարարության սահմանած արգելքներից ու կանոններից առհասարակ քանի՞սն են այսօր գործում։ Շրջեք քաղաքով եւ տեսեք, թե քանի սրճարան-ռեստորանում են պահպանում չծխելու արգելքը։ Անգամ նարգիելեների սրահներն են սկսել անարգել աշխատել՝ արհամարհելով վերջերս ընդունված օրենքները։ 

Այն, որ մեր երկրում պահպանվում են օրենքների չնչին մասը, դա, իհարկե, նորություն չէ։ Բայց սպառողն ու քաղաքացին չեն դրանում մեղավոր, այլ անհեթեթ՝ կատարման ոչ ենթակա օրենքներ ընդունողները։ Արսեն Թորոսյան կլինի, թե՝ Անահիտ Ավանեսյան, կարող են մի օր քնել՝ արթնանալ ու որոշել, որ ծխելն ու աղ օգտագործելը պետք է արգելեն երկրում։ Ասենք՝ մեկը երիկամներով հիվանդ հարազատ ունի եւ իրեն ներշնչել է, որ աղը չարաշահելուց է դա եղել, մյուսը՝ թոքերի քաղցկեղով հիվանդ, ինչը ծխախոտի չարաշահումից է։ Կամ էլ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մեծ փողեր է խոստացել՝ անձնապես իրենց կամ պետական բյուջեին, գայթակղվել են ու նման նախագծեր դրել շրջանառության մեջ։ Նիկոլ Փաշինյանն էլ դա անվանել է «մեծ ռեֆորմ», ուսապարկերն էլ՝ անգամ եթե իրենց սեռը փոխելու մասին օրենք բերեն խորհրդարան՝ հնազանդ կքվեարկեն դրան։ Ու ինչ՝ մեր երկիրը կրակն է ընկել սրանց ձե՞ռը։ Օրենք ընդունեն՝ օրենքը հանեն։ Հետո մի նոր անհեթեթություն մտածեն։ Լավ, սրանց մեջ մի մտածող մարդ չկա՞, որ ասի՝ ժողովուրդ, եկեք աշխատող օրենքներ ընդունենք, էն գլխից չաշխատող օրենքներ ընդունելով վարկաբեկում ենք եւ օրենսդրական դաշտն ու օրենսդիրին, եւ կառավարությանն ու իշխանություններին։