Ինչպես էր փոխվում թավիշը. Ապրիլի 22

Ինչպես էր փոխվում թավիշը. Ապրիլի 22

Մեր այսօրվա ողբերգական վիճակի հիմքը դրվեց 2018-ի մարտի 31-ին, երբ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սկսեց Գյումրի-Երեւան քայլարշավն ու հասավ այն բանին, որ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, եւ մայիսի 8-ին ինքը դարձավ վարչապետ: Հետո պիտի պարզվեր, որ «Մերժիր Սերժին» կարգախոսով փողոց ելած ու իրենց արածը «ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն» որակածները շատ արագ մտնելու են այն արատավոր դաշտը, որի դեմ պայքարում էին: Մենք փորձել ենք վերականգնել անցյալը եւ ներկայացնել հեղափոխականների տրանսֆորմացիայի համառոտ ժամանակագրությունը՝ ըստ օրերի եւ տարիների։ Օր քսաներեքերորդ՝ ապրիլի 22:

2018թ․ ապրիլի 22
Կայացավ Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումը, որը հեռարձակվում էր եւ տեւեց շատ կարճ: Նիկոլ Փաշինյանը մեկ հարց էր եկել քննարկելու․ «Ես եկել եմ քննարկելու Ձեր հրաժարականի եւ իշխանության խաղաղ, անցնցում հանձնելու պայմանները»: «Դա քննարկում չի, դա շանտաժ է պետությանը, օրինական իշխանություններին: Դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը, Դուք դասեր չեք քաղել Մարտի 1-ից, եթե այդ տոնով պիտի խոսեք, ապա ինձ մնում է մեկ անգամ եւս խորհուրդ տալ, որպեսզի գաք օրինական դաշտ եւ տրամաբանական գործողությունների սահման: Հակառակ պարագայում ամբողջ պատասխանատվությունը Ձեր վրա է, ընտրեք»,- ասաց Սերժ Սարգսյանն ու հեռացավ: Դրանից հետո Փաշինյանը հայտարարեց. «Թավշյա հեղափոխությունը մոտ է։ Ես Սերժ Սարգսյանի աչքերում տեսել եմ իր պարտությունը»։
2019թ․ ապրիլի 22
Երեւանի պետական համալսարանում դասախոսների եւ ուսանողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Դուք՝ բոլորդ, երբ որ ինձ ուղարկում եք Ղարաբաղի հարցը լուծելու, բանակցելու, դուք ինձ միանգամից չեք ասում՝ «այ, կգնաս ու Ղարաբաղի հարցը կլուծես էսպես»։ Հայ հանրությունն ու ժողովուրդը ՀՀ վարչապետին չի ասել՝ «այ, գնա բանակցությունների, էս էլ քեզ թուղթը՝ կարդա, պատմի, անգիր արա, կգնաս այ սենց կլուծես հարցը»: Իսկ 1,5 տարի անց Նիկոլ Փաշինյանն առանց հայ հանրությանը հարցնելու կապիտուլյացիա ստորագրեց եւ հսկայական տարածքներ տվեց Ադրբեջանին:

2020թ․ ապրիլի 22
Եվրոպական հանձնաժողովը տեղեկացնում է, որ հարեւանության եւ ընդլայնման քաղաքականության շրջանակներում 3 միլիարդ եվրոյի մակրոտնտեսական աջակցություն է տրամադրում ԵՄ գործընկեր 10 երկրի։ Հայաստանն օգնություն չի ստանալու, չնայած ԵՄ հարեւանության երկրներից է: Փորձագետներն արձանագրում են, որ թավշյա իշխանությունը փչացրել է հարաբերությունները բոլորի, այդ թվում՝ ԵՄ-ի հետ:
Նիկոլ Փաշինյանը հայտարարում է. այս պահի դրությամբ կառավարության ընդունած հակաճգնաժամային միջոցառումներից օգտվել են 10 հազար 531 իրավաբանական անձ եւ մոտավորապես 639 հազար 592 ընտանիք: Քաղաքացիները հակառակ են պնդում: Օրինակ, Սարակապ գյուղի բնակիչներն ասում են՝ կառավարությունը հայտարարել է, որ դիմենք, օգնությունը ստանանք, գնում ենք, ասում են՝ կարանտին է, ու մեր մասնագետը չի կարող գյուղ գալ:

2021թ․ ապրիլի 22
Սյունիքում Նիկոլ Փաշինյանին հայհոյանքներով դիմավորելուց հետո ոստիկանություն են տարվում համայնքապետեր ու հայտնի սյունեցիներ: Համացանցում տեսանյութեր են հայտնվում, թե ինչպես են իրավապահներն ուժ կիրառում ակնհայտ վատառողջ քաղաքացու նկատմամբ: Լրագրողները պարզում են, որ դա Շուռնուխ համայնքի ղեկավարի եղբայր Արարատ Արշակյանն է՝ պատերազմի մասնակից: Նա հիվանդ պառկած է եղել. անկողնուց հանել եւ տարել են: «Բա պետք է բերման ենթարկվեն եւ պետք է այ տենց ստորանալով բերման ենթարկվեն, որովհետեւ նրանք հայհոյում են ՀՀ քաղաքացիներին»,- ասում է Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանը:

Արեգ Մարգարյան