Թավշյա իրականություն. ԱԹՍ-ների լաբորատորիաներ ունենք, ԱԹՍ չունենք

Թավշյա իրականություն. ԱԹՍ-ների լաբորատորիաներ ունենք, ԱԹՍ չունենք

Անցած շաբաթ՝ մայիսի 6-ին, Հայաստանի ազգային ագրարային համալսարանում բացվեց անօդաչու թռչող սարքերի ուսումնական լաբորատորիա: Ըստ պաշտոնական հաղորդագրության, լաբորատորիան ստեղծվել է Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնության» (EU-GAIA) շրջանակում։ Ծրագիրը համաֆինանսավորել է Ավստրիական զարգացման գործակալությունը: Բացի հարսանիքներ, ուրախ այլ առիթներ, հանրահավաքներ նկարահանող ներմուծված անօդաչուներից` դրոններից, մենք դեռ չունենք որեւէ այլ ոլորտում արդյունավետ աշխատող ԱԹՍ, առավել եւս՝ անօդաչուների արտադրություն: Փոխարենը սա հերթական լաբորատորիան է: Բայց հայտնի է, որ «հալվա ասելով բերանը չի քաղցրանա»: ԱԹՍ լաբորատորիաների առատությունը չի նշանակում ԱԹՍ-ների վրա հիմնված հաջող ծրագրեր, արդյունավետ նախաձեռնություններ, ձեռքբերումներ:

Ագրարային համալսարանում ԱԹՍ լաբորատորիա բացելուց 6 տարի առաջ նույն Եվրամիությունը սկսեց e Drone՝ «Անօդաչու թռչող սարքերի ուսումնասիրություն» նախագիծը՝ Արեւելյան գործընկերության որոշ երկրներում՝ Հայաստան, Վրաստան, Բելառուս, Մոլդովա: 2016-2019 թվականների համար նախատեսված ծրագրի նպատակն էր՝ փոխանցել Եվրամիության (ընտրվել էր 4 երկրր՝ Իտալիա, Ֆրանսիա, Լեհաստան, Ռումինիա) փորձը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում եւ օգնել անօդաչու թռչող սարքերի ուսումնասիրության եւ պատրաստման համար ուսումնական կենտրոններ բացելուն։ Հայաստանից ծրագրում ընդգրկվել էին Հայաստանի պետական ճարտարագիտական եւ պետական տնտեսագիտական համալսարանները, մշակվեց «Անօդաչու թռչող սարքերի ուսուցում» դասընթաց, տնտեսագիտականի մասնագետները վերապատրաստվեցին Իտալիայում:

e Drone ծրագրին զուգահեռ՝ 2018-ին «Հայրենիք» ռազմահայրենասիրական հիմնադրամի օգնությամբ եւ պոլիտեխնիկական՝ ճարտարագիտական համալսարանի համաֆինանսավորմամբ բուհում բացվեց օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոն: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, կենտրոնը պիտի օգնի ինժեներական կրթության կազմակերպման որակի բարձրացմանը, նպաստի համալսարանում հեռանկարային եւ երկրի պաշտպանունակության ամրապնդմանը միտված մասնագիտական ուղղությունների ներդրմանն ու զարգացմանը, աջակցի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների եւ երիտասարդ գիտնականների կողմից արդիական ուսումնահետազոտական ծրագրերի իրականացմանը: Հենց այս կենտրոնում էլ e Drone ծրագրով բացվեց ԱԹՍ լաբորատորիան:

2021 թվականի հունիսին Երեւանի քաղաքային իշխանությունները որոշեցին Երեւանի Աշոտ Ղուլյանի անվան մանկապատանեկան մարզատեխնիկական կենտրոնը վերանվանել Երեւանի Աշոտ Ղուլյանի (Բեկոր) անվան ավիամոդելավորման դպրոց եւ դրա բազայի հիման վրա ստեղծել անօդաչու թռչող սարքերի եւ ռոբոտաշինության լաբորատորիա։
Մասնավոր մի շարք ընկերություններ եւ բուհեր (անունները չենք գրում, որ շահարկումներ չլինեն) համատեղ ջանքերով, 2011 թվականից, անվճար ինժեներական կրթության ծրագիր են իրականացնում եւ հարյուրավոր լաբորատորիաներ են բացել Հայաստանում, Արցախում, արտասահմանում: 

Այսքան լարոբատորիա եւ ԱԹՍ-ների 0` ԶՐՈ արտադրություն: Սա ռեսուրսը փոշիացնելու դասական օրինակ է, որը զայրույթից բացի նաեւ հարցեր է ծնում:

1. Եթե պոլիտեխնիկի օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնում Եվրամիության e Drone ծրագրով ստեղծվել է լաբորատորիա, ինչո՞ւ է Եվրամիությունը նույն լաբորատորիայից ստեղծում նաեւ այլ բուհում, ինչո՞ւ չի հզորացվում ինժեներական բուհի կարողությունը՝ արդեն գործող կենտրոնն ու լաբորատորիան:
2. Եթե Եվրամիությունում մոռացել են, որ մեկ բուհում ԱԹՍ լաբորատորիա են ստեղծել, որ պիտի այլոց էլ ծառայի, ինչո՞ւ Հայաստանի իշխանությունը սրա մասին չի հիշեցրել, չի փորձել կանխել ռեսուրսների փոշիացումը:
3. Եթե մասնավորը հաջողում է ինժեներական կրթություն կազմակերպելու հարցում, ինչո՞ւ այս ռեսուրսը չի ծառայեցվում ազգային շահերին:
4. Ինչո՞ւ թավշյաները չեն ուզում համագործակցել, չեն ուզում մեկտեղել ջանքերը:

Սա շատ նման է 44-օրյա պատերազմում թավշյաների պահվածքին: 28-ամյա կանոնավոր բանակի գոյության պայմաններում ջանքերը մեկտեղելու փոխարեն անհասկանալի ջոկատներ հիմնվեցին, որոնց արածը չտեսանք, որոնց հիմնումը մինչ օրս անպատասխան մնացած հարցեր է ծնել: Թավշյաներն արդեն չորս տարի համառորեն գնում են հեծանիվ հայտնագործելու ճանապարհով, սկսում են սեփական կետից: 
Կասկածից վեր է, որ հայ ինժեներները պահանջված են ողջ աշխարհում, ու Հայաստանում կարող է լինել մեկ հզոր լաբորատորիա, որտեղ մշակված նորարարական լուծումները, այդ թվում՝ օդային ռոբոտները, հաջողությամբ կաշխատեն բոլոր ոլորտներում՝ պաշտպանություն, գյուղատնտեսություն, ճանապարհային անվտանգություն եւ այլն: Հայաստանի նման տարածքով փոքր պետությանը մեկ հզոր լաբորատորիան լիուլի բավական է: Ապագա գյուղատնտեսը կամ զինվորն իր պահանջները կներկայացնի գիտնական-ինժեներին եւ կունենա իր ոլորտի համար օգտակար ԱԹՍ: Ողջ աշխարհն է այսպես աշխատում: Մեր թավշյաները սեփական կետից են սկսել՝ ոլորտային ԱԹՍ-ների լաբորատորիաներ են հիմնում, որոնց աշխատանքը դեռ չենք տեսել: Մինչդեռ ակնհայտ է, որ մեկ հզոր կենտրոն-լաբորատորիա ունենալուն մեկ բան է խանգարում՝ պետության հստակ շահագրգռվածության բացակայությունը: Մեր թավշյա պետությունը բան չի անում, բայց խոստում է, որ տալիս է:

Հայաստանի բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հակոբ Արշակյանը 2021-ի փետրվարին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ հայկական հարվածային ԱԹՍ-ներն անցնում են պետական փորձարկումներ, հարվածային, հետախուզական անօդաչու թռչող սարքերի գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական տասնյակ նախագծեր են ֆինանսավորվել: Նման որեւէ ծրագիր չտեսանք, բայց Հակոբ Արշակյանը դարձավ ԱԺ փոխնախագահ: Մեկ տարի անց՝ 2022-ի հունվարին, Արշակյանի հաջորդը՝ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն ասաց, որ մինչեւ տարեվերջ կունենանք անօդաչու թռչող սարքերի արտադրություն: Թեման այլեւս չի քննարկվում, բայց Վահագն Խաչատուրյանը դարձել է ՀՀ նախագահ:

Արեգ Մարգարյան