Ընդդիմությունը նախապատրաստվում է Փաշինյանի իշխանազրկման երրորդ փորձին

Ընդդիմությունը նախապատրաստվում է Փաշինյանի իշխանազրկման երրորդ փորձին

Դիմադրության շարժման սկզբից գրեթե մեկ տարի անց ընդդիմությունը հերթական անգամ պատրաստվում է Փաշինյանին իշխանազրկելու գործընթաց սկսել: Չնայած նախորդ երկու փորձերը ձախողվեցին, սակայն իշխանափոխության պահանջը գնալով ավելի մեծ հանրային աջակցություն է ստանում: Սպասվում է, որ առաջիկա օրերին ընդդիմությունը կհայտարարի իշխանափոխությանն ուղղված նոր շարժում նախաձեռնելու եւ գործողություններ սկսելու մասին:

Իշխանափոխության առաջին փորձը Հայրենիքի փրկության շարժումն էր. 2020 թվականի դեկտեմբերին ընդդիմադիր 17 կուսակցություններ հայտարարեցին Հայրենիքի փրկության շարժում նախաձեռնելու մասին, որի նպատակ հռչակվեց «սահմանադրական ճանապարհով օր առաջ ազատվել Հայաստանի աղետաբեր վարչակազմից՝ ստեղծելով անցումային, հակաճգնաժամային կառավարություն»: Մի կողմից, Փաշինյանի` նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիայից քիչ ժամանակ էր անցել, եւ հասարակության մի ստվար զանգված չէր համակերպվում պարտության եւ ազգային նվաստացման գաղափարի հետ, պահանջելով դրա պատասխանատու իշխանության հեռացումը: Մյուս կողմից՝ պարտությունը, հազարավոր զոհերի վիշտը, անհետ կորածների, գերեվարվածների փնտրտուքը հասարակության մեջ առաջացրել էին պատերազմի վերսկսման վախի եւ անորոշության զգացողություն:

Փաշինյանն առաջարկեց իրեն անվստահություն հայտնելու եւ իշխանության հարցը լուծել արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով: Հայրենիքի փրկության շարժումն ի սկզբանե նպատակ չուներ գնալ փաշինյանական սցենարով՝ հասկանալով, որ իշխանությունն օգտագործելու է ունեցած լծակները՝ վերարտադրվելու համար, սակայն շարժման մեջ ընդգրկված որոշ կուսակցություններ համարեցին, որ ընտրությունները եւս սահմանադրական հնարավորություն են իշխանությունը վերցնելու համար եւ ընդունեցին արտահերթ ընտրություններին մասնակցելու առաջարկը, ինչի արդյունքում Շարժումը պառակտվեց, նրա կողմից հռչակված նպատակը չիրականացավ:

Իշխանափոխության հաջորդ փորձը 2022 թվականի ապրիլին ընդդիմության նախաձեռնած Դիմադրության շարժումն էր, որը սկիզբ առավ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի՝ Ազատության հրապարակում իշխանափոխության պահանջով նստացույց սկսելուց, որին հաջորդեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ուղերձը, որով եւս իշխանափոխության կոչ էր արվում: «Մենք՝ մեր թիմով, մեր ամբողջ ռեսուրսով, մեր հազարավոր հայրենակիցներով եւ աջակիցներով, դուրս ենք գալիս փողոցային պայքարի, իջնում ենք փողոց այս ազգադավ եւ ազգակործան իշխանություններին հեռացնելու նպատակով»,- ասվում էր այդ ուղերձում: Գրեթե երկու ամիս տեւած փողոցային պայքարն անհաջողության մատնվեց. ընդդիմության կողմից հրավիրվող հանրահավաքները, որ սկզբում բազմամարդ էին, հետագայում կորցրին հանրային հետաքրքրությունը, եւ Դիմադրության շարժման առաջնորդները հավաքեցին Ֆրանսիայի հրապարակում տեղադրված վրանները` արձանագրելով շարժման ավարտը:
Այն մարդիկ, ովքեր հիմա ակտիվորեն քննարկում են իշխանափոխությանն ուղղված նոր շարժում սկսելու հարցը՝ պնդելով, թե այս մեկը տեւելու է շատ կարճ ու պսակվելու է հաջողությամբ, հիմնավորում են, որ հիմա իրավիճակն էականորեն փոխվել է: Նախ, անցած երկուսուկես տարիների ընթացքում իշխանությունը կորցրել է հանրային աջակցության զգալի մասը: Եթե նախկինում իշխանությունը, իր ունեցած հանրային աջակցությունը ցուցադրելու համար, հանրահավաքներ էր կազմակերպում, ապա հիմա իշխանությունն առանց վարչական ռեսուրսի գործադրման հազար մարդ անգամ չի կարող հավաքել: Փաշինյանի` նույնիսկ նախապես ստուգված եւ հրահանգավորված գրեթե բոլոր «հանրային» շփումներն ավարտվում են սկանդալով ու ձերբակալությամբ: 

Պատերազմից հետո հասարակությունը հավատում էր, որ պարտության արդյունքներն ընդունելով` հնարավոր է խուսափել նոր պատերազմից եւ նոր կորուստներից: Ընդդիմության կողմից իշխանափոխության իրականացումը դիտվում էր որպես ռեւանշիզմի դրսեւորում, մանավանդ որ Փաշինյանն իրեն հռչակել էր խաղաղության կողմնակից, այսպես կոչված, «խաղաղության օրակարգի» իրագործման երաշխավոր: Այս ընթացքում հանրային գիտակցությունը սկսեց ընկալել, որ պարտվածի հոգեբանությամբ ու խաղաղություն մուրալով հնարավոր չէ հասնել խաղաղության: Ընդհակառակը` թշնամին դա ընդունում է որպես թուլության նշան՝ նախաձեռնելով նոր հարձակումներ, որի արդյունքում ունենք հարյուրավոր զոհեր եւ վիրավորներ: 

Փաշինյանի կողմից առաջ քաշվող մյուս թեզը` Արցախը տանք Ադրբեջանին, փրկենք Հայաստանը, եւս ապացուցեց իր սնանկությունը: Նույնիսկ Հայաստանի այն քաղաքացիները, ովքեր հավատացել ու աջակցում էին այդ թեզին, սկսեցին հասկանալ, որ Ադրբեջանի հավակնությունները չեն ավարտվում միայն Արցախով, ու հաջորդ թիրախը կարող է լինել իրենց քաղաքը, գյուղը կամ հենց իրենց տունը: Տասնյակ հազարավոր մարդիկ սկսեցին հրապարակայնորեն եւ ոչ այնքան, զղջալ, որ հավատացել են Փաշինյանին, քվեարկել նրա ու նրա կուսակցության օգտին:

Փաշինյանի հետագա պաշտոնավարման վտանգավորության եւ անթույլատրելիության հարցում կոնսենսուս կա նաեւ խոշոր բիզնեսի ներկայացուցիչների շրջանում, քանի որ մարդիկ հասկանում են, որ հակառուսական պատժամիջոցներին միանալու իշխանության պատրաստակամությունը, ինչի մասին ավելի հաճախ է խոսվում` որպես արդեն Արեւմուտքին տրված խոստում, կարող է էականորեն վատթարացնել Հայաստանի տնտեսական վիճակը՝ սնանկացման եւ ոչնչացման հասցնելով տասնյակ հարյուրավոր ընկերություններ` արդյունաբերության, գյուղատնտեսության, ձկնարդյունաբերության, առեւտրի եւ սպասարկան ոլորտում: Հայաստանի տնտեսության գործունեությունը հենված է ոչ միայն ռուսական էժան էներգակիրների, այլեւ ռուսական շուկայի վրա: Ռուսական պատասխանը` արեւմտյան սանկցիաներին միանալու ՀՀ իշխանությունների որոշմանը, կարող է ոչնչացնել Հայաստանի տնտեսական ներկա համակարգը: Նույնիսկ շատ փոքր ոլորտի` կաթնարդյունաբերության դեմ կիրառված սահմանափակումները մեծ արձագանք ունեցան Հայաստանում, կարելի է պատկերացնել, թե ինչ կլինի, եթե դրանք վերաբերեն տնտեսության ավելի նշանակալի ճյուղերի եւ կրեն համընդհանուր բնույթ:

Ընդդիմության ներկայացուցիչները պնդում են, որ, ի տարբերություն նախորդ երկու փորձերի, այս անգամ իրենք ավելի լավ են նախապատրաստվել, կատարվել է մեծ կազմակերպչական աշխատանք՝ հանրահավաքներն ավելի մասսայական դարձնելու համար: Նրանք համոզված են, որ հանրային ուժեղ ճնշումը կստիպի իշխանությանը՝ հրաժարվել ուժի եւ բռնության գործադրումից, եւ, ի վերջո, իրենց կհաջողվի Փաշինյանին հրաժարական պարտադրել: Միակ վտանգն այն է, որ եթե այս մի փորձն էլ ավարտվի անհաջողությամբ, այն հնարավորություն կտա Փաշինյանին՝ ավելի ազատորեն իրագործել տարբեր կողմերին տված իր խոստումներն ու մտադրությունները՝ օգտագործելով հանրային ապատիան եւ դիմադրության բացակայությունը:

Ավետիս Բաբաջանյան