Փաշինյանը երկաթը տաք-տաք է ծեծում

Փաշինյանը երկաթը տաք-տաք է ծեծում

Կարող ենք, իհարկե, ակադեմիական քաղաք կառուցելու Նիկոլ Փաշինյանի գաղափարը, որը բենդերական Նյու Վասյուկի կառուցելու գաղափարին շատ նման է, համարել պարզապես պարապ մարդու հիվանդ ուղեղի արգասիք, որը երբեք իրականություն չի դառնա, բայց մի բան պարզ է, որ Փաշինյանը փորձում է նախկինների նման ինչ-որ բանով մնալ ՀՀ պատմության մեջ: Որպեսզի ոչ թե հողեր հանձնած, 5 հազար տղայի զոհվելու պատճառ դարձած ղեկավար հիշվի, այլ գոնե մեկ գրանդիոզ պրոյեկտ իրականացրած վարչապետ: 

Լեւոն Տեր-Պետրոսյանը պատմության մեջ մնալու է որպես հաղթած ու հողեր գրաված նախագահ, որի ժամանակ նաեւ սովետական գերտերությունից անջատվեցինք ու անկախ պետություն դարձանք` պատվով հաղթահարելով անցումային շրջանի բոլոր դժվարությունները: Ռոբերտ Քոչարյանը պատմության մեջ մնալու է որպես 90-ականների հաղթանակները պահպանած եւ տնտեսական բում իրականացրած նախագահ, որի ժամանակ նաեւ մեծ կառուցապատում իրականացվեց․ միայն Հյուսիսային պողոտան բավական է, որ նրան հիշեն: Սերժ Սարգսյանն էլ կմնա որպես 10 խաղաղ տարի ապահոված եւ իր նախորդներից ժառանգածը քամուն չտված նախագահ: Իսկ ինչպե՞ս է մնալու Նիկոլ Փաշինյանը` արյուն ու արցունք բերած, Եռաբլուրը մեծացրած, համակարգային ավերումներ իրականացրած մեկը, որը պառակտել է մեր հասարակությանը եւ ձախողել երկրի կառավարումը: Ուստի միանգամայն բնական է, որ նա փորձում է նաեւ ինչ-որ բան կառուցել եւ ավելի լավ բան չի մտածել, քան Աշտարակում ակադեմիական քաղաքի ստեղծումը, ուր կտեղափոխվեն հայաստանյան 8 բուհեր: 

Այս գաղափարը, իհարկե, շատ քննադատությունների արժանացավ` մարդիկ բազում փաստարկներ բերեցին ի վնաս նախագծի: Փորձեցին հիմնավորել, որ այդ միտքը Հայաստանում չի աշխատի, բազում դժվարություններ կառաջանան պրոֆեսորադասախոսական եւ ուսանողական զանգվածի համար: Սակայն Նիկոլ Փաշինյանը համառ է այս հարցում եւ հետեւողականորեն ու շտապողաբար առաջ է տանում չգիտես որտեղից հայտնված այս գաղափարը: Ոմանք կարծում են, որ նման գրանդիոզ նախագծերի իրականացման ժամանակ փողեր լվանալու անսահման ու անվերահսկելի հնարավորություններ են ստեղծվում, եւ դա է շտապելու պատճառը: Մանավանդ բյուջեում ավելցուկ կա, որը չեն կարողանում ծախսել եւ լավագույն ձեւն են գտել` մեծ ու ծախսատար մի պրոյեկտ իրականացնել, որը, անշուշտ, տարիներ կտեւի: Բայց սա նաեւ որպես փիառ իր դերը կխաղա, ցույց կտա, որ արագ մաշվող ասֆալտից բացի մնայուն բան էլ են կառուցում եւ այլն:

Եվ այսպես․ օրեր առաջ հայտարարեցին, որ ակադեմիական քաղաքի հիմնադրամ են ստեղծում, ապա նաեւ՝ հոգաբարձուների խորհուրդ, որի ղեկավարը ԿԳՄՍ նախկին նախարար, հայտնի մականունով կառավարության աշխատակազմի ղեկավարն է` Արայիկ Հարությունյանը: Ի դեպ, չար լեզուներն ասում են, որ վերջինս է Նիկոլ Փաշինյանին տարբեր ինֆորմացիաներ տալիս, գաղափարներ հուշում` երբեմն նրան ուղղակի կրակը գցելով: 
Ինչ վերաբերում է ակադեմիական քաղաքին, ապա երեկ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր գերմանական Gerkan, Marg and Partners ճարտարապետական կազմակերպության գործադիր ներկայացուցիչ Ստեֆան Շյուտցին` քննարկելու ակադեմիական քաղաքի կառուցմանը վերաբերող հարցեր: Պարզ է, որ մեծ փողերը նաեւ մեծադղորդ իրականացնողներ են ենթադրում, եւ Փաշինյանը որոշել է այս կառույցի նախագծումը եւ իրականացումն էլ առանց մրցույթի, իրենց սիրելի` մեկ անձից գնման եղանակով սկսել: Եվ նախագծանախահաշվային աշխատանքները որոշել են վստահել գերմանական այս ընկերությանը, որը մասնագիտացած է մարզադաշտերի, օդանավակայանների եւ այլ մեծ պրոյեկտների նախագծման գործում, ակադեմիական կամպուսներ կառուցելու փորձ էլ ունի: 

Գերմանացի հյուրին արդեն իսկ տարել են Աշտարակ` ցույց տվել ակադեմիական քաղաքի համար նախատեսված տարածքը, եւ նա «կատարել է անհրաժեշտ ուսումնասիրություններ»: «Փաշինյանը նշել է, որ ակադեմիական քաղաքի նախագիծը ՀՀ կառավարության եւ անձամբ իր համար ունի շատ կարեւոր ու ռազմավարական նշանակություն, ուստի գործադիրը հետեւողականորեն շարժվում է նախագիծը հաջողությամբ կյանքի կոչելու ճանապարհով»:


Արեգ Մարգարյան