«Հրապարակ». Ինչպես չորս տարում քանդել ծաղկուն հիմնարկը` օրինակելի մանկատունը վերածելով գաղութի

«Հրապարակ». Ինչպես չորս տարում քանդել ծաղկուն հիմնարկը` օրինակելի մանկատունը վերածելով գաղութի

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը կից գործող դիտորդների խումբը մարտի վերջին այցելել է «Զատիկ» մանկատուն, որն այժմ կոչվում է Երեխաների աջակցության կենտրոն, եւ աղաղակող, սարսափելի փաստերի է ականատես եղել, որոնք ամփոփել են հրատապ զեկույցում։

Զեկույցում, օրինակ, նշված է, որ փոքրիկ աղջիկների սենյակում, անկողնում դիտորդները սափրած գլխով երկու երեխա են նկատել, որոնց կենտրոն են բերել ոստիկաններն ու ասել, թե մեկն աղջիկ է, մյուսը՝ տղա։ «Միայն լոգանքի ժամանակ էին աշխատողները պարզել, որ ընդունել են երկու տղայի», բայց երկու երեխային էլ թողել են աղջիկների սենյակում, «քանի որ տղաների խմբում ազատ տեղ չի եղել»։ Դիտորդներն արձանագրել են միջանձնային խնդիրներ մանկատան սաների եւ դպրոցում նրանց կողքին սովորող մյուս երեխաների միջեւ, սեռական դաստիարակության բացակայություն, որն աշխատողներից մեկը բացատրել է այսպես․ «Իրենք մեզնից լավ գիտեն, իրենք ամեն ինչից լավատեղյակ են»։ Աղջիկները պատմել են, որ կանանց ցիկլի օրերին նրանց միայն մեկ միջադիր են տալիս, մեկ սափրիչ, որից օգտվում են բոլորը, զուգարանում թղթի պակաս կա, շամպունը «շատ վատ հոտ ունի», եւ իրենք ստիպված օճառ են օգտագործում, աշխատողները բարկանում են, երբ երեխաները շամպուն են ուզում ու դժկամությամբ են նորը հատկացնում։ «Երեխա կա՝ կոշիկ չունի, անգամ նորմալ շոր չունի»: Տղաները չեն թաքցրել, որ ծխում են, կենտրոնում «ոմանք շրջում էին ծխախոտի տուփը գրպանում»։ Երեխաներն ինքնավնասումների են դիմում։ Դաստակին քերծվածքներ անելը աշխատողները դիտարկում են որպես ուշադրություն գրավելու միջոց։ «Օրը 24 ժամ կռիվ են անում տղաներն ու աղջիկները։ Ստեղի մասնագետները հազիվ գան՝ կոֆե խմեն, գնան։ Ոչ մեկի հետ չենք ուզում խոսել։ Ստեղ սաղ երեխեքն էլ գիտեն` եթե խնդիր են ունենում, իրենց ոչ ոք չի օգնում։ Ստեղ էն իրավիճակի են հասցնում երեխեքին, որ ուզում են ինքնասպան լինեն, իրենց վնասեն։ Եթե չեն ուզում ինքնասպան լինել, հաստատությունից փախնում են՝ ընկնում քաղմաս»,- պատմել է մանկատան սաներից մեկը։ Աղջիկները պատմել են, որ պահակը ծեծել է իրենց, հանգստի սենյակում տեսախցիկ կա, որին հետեւում է պահակը, եւ իրենք կաշկանդված են զգում իրենց, այդ պատճառով էլ վնասել են տեսախցիկի լարերը։ Նրանք պատմել են երկու տղայի մասին, որոնք ֆիզիկական ու հոգեբանական բռնության են իրենց ենթարկում։

«Երեխաներից մեկն այցի նախորդ օրը տեղափոխվել է հոգեբուժական հիվանդանոց, քանի որ ասֆալտի վրա հանվում, խփում էր իրեն գետնին` գլուխը, մարմինը»,- ասված է զեկույցում։ Բայց սրանք դեռ ծաղիկներն են։ Մանկատանը հղի աղջիկ կա, որը հայտնի չէ, թե որտեղ է հղիացել, եւ աշխատողների պնդումները, թե նա հղիացել է փախուստի դիմելու ընթացքում, համոզիչ չեն։ «Նշվել է, որ վերջինս սեքս ծառայություններ է տրամադրում, սակայն ոչ միշտ է սեռական հարաբերություններ ունենում գումարի դիմաց»։ Աշխատողներն ասել են, որ «պետք է բերի»։ Այդ երեխան մտավոր խնդիրներ ունի եւ հայտնվել է հոգեբանական ծանր վիճակում, նրա հետ չեն շփվում, եւ նա չի շփվում։ Երեխաների վրա դիտորդները քերծվածքներ, կապտուկներ են նկատել։ Զեկույցն ընթերցելիս տպավորություն է ստեղծվում, թե խոսքը ոչ թե Հայաստանի երբեմնի ամենաօրինակելի մանկատան մասին է, որտեղ տանում էին արտասահմանյան հյուրերին, որն իսկական տուն էր մանուկների համար, քրիստոնեական դաստիարակության օջախ` բարեկարգ եւ գեղեցիկ, որտեղ երեխաներին դաստիարակում էին հոգեւոր արժեքներին համահունչ, այլ անչափահասների բանտի կամ ուղղիչ տան մասին են նկարագրել դիտորդները, որտեղ «զոն նայելու» մշակույթն է իշխում։

Օրինակ, դիտորդները նկատել են ու արձանագրել, որ մեծ տղաներից ոմանք հրահանգներ են տալիս փոքրերին, վերջիններս էլ ջանում են դրանք կատարել, ընդ որում՝ կենտրոնի աշխատակիցները տեղյակ են այդ մասին։ 
Դիտորդական խմբի անդամ, սոցապնախարարության նախկին աշխատակից Մուշեղ Հովսեփյանը կարծում է, որ իրենց նկատած խախտումներին նպաստող գործոններից մեկը մանկատան գերբեռնվածությունն է։ «Առավելագույն շեմը եղել է 25 երեխա, նախարարությունն այս շեմը բարձրացրել է, դարձրել է 50 երեխա, իսկ դիտարկումների պահին «Զատիկում» ապրում էր 37 երեխա»։ Ձեր կարծիքով, կա՞ն քրեական պատասխանատվություն ենթադրող դրվագներ ձեր դիտարկումներում։ «Մի քանի նման տվյալ կա, որոնք ենթադրում են ուսումնասիրություն  ու համագործակցություն իրավապահների հետ։ Օրինակ, երեխաների շրջանում վնասվածքների ու կապտուկների, ինքնավնասման մասով հաղորդումներ պետք է լինեին ոստիկանություն։ Աշխատողների կողմից բռնությունների վերաբերյալ տվյալները ենթակա են ուսումնասիրման։ Որոշ աղջիկներ նշել են, որ կենտրոնում իրենց ապահով չեն զգում, բռնության են ենթարկվել կամ ենթարկվում են որոշ դայակների, բուժքրոջ, ինչպես նաեւ տղաների կողմից՝ առանձնացնելով ազդեցություն ունեցող երկու տղաների»։ 

Ինչո՞ւ է այսպես փոխվել Ձեր ստեղծած մանկատունը՝ դիմեցինք «Զատիկ» մանկատան նախկին տնօրեն Աշոտ Մնացականյանին, ով փաստացի ստեղծել է այս օջախը, սակայն 2019-ին այս իշխանությունները նրան հեռացրին պաշտոնից` փոխարինելով այլ անձով: Եվ 5 տարում բազմաթիվ տնօրեններ են եկել ու գնացել` ավերելով Մնացականյանի ստեղծած օրինակելի օջախը: Նա ցավով է կարդացել զեկույցը։ «Չէի ուզի խոսել։ 4 տարի է՝ դուրս եմ եկել, բայց մինչեւ հիմա իմ մասին են այնտեղ խոսում, ասում են, որ ես տիրան էի, աշխատողների հետ խիստ էի։ Իսկապես, փոխվել է «Զատիկը»։ Այնտեղ հատուկ կնոպկա պետք է սեղմես, որ մտնես կամ դուրս գաս։ Մտնել շենք ընդհանրապես հնարավոր չէ։ Պետք է տնօրենին զեկուցեն, որ էս մարդը եկել է, նոր մարդը կարողանա մտնել ներս։ Ես չեմ գնացել, բայց ասում են՝ վերանորոգվել է, դա դրական է»,- ասաց նա։ Ինչո՞ւ Ձեր հեռանալուց հետո մանկատունը սկսեց քանդվել, ի՞նչ պետք է անեն, որ չեն անում։ Նախկին տնօրենը պատասխանում է․ «Դա շատ դժվար տեղ է։ Մարդը, որը գալիս է ղեկավար, պետք է հոգեւոր գիտակցություն ունենա։ Առանց Աստված որեւէ մեկը շանս չունի այդ գործն անելու։ Մարդը, որ գալիս է խեղճացած, գլուխը կախ, ամեն մարդ իր ծնողին է փնտրում, դու պետք է նրան ներշնչես, որ Աստված կա, որ իրեն սիրում են, որ նա մեծ շանս ունի իր երջանկությանը հասնելու։ Ոչ մեկը շանս չունի առանց Աստծո հետ խոսելու այդ երեխաների հետ»։ 

Սոցապնախարարությունից մեզ հաղորդեցին, որ Աշոտ Մնացականյանից հետո «Զատիկի» տնօրենն է եղել Սիրանուշ Անտոնյանը, նրանից հետո եղել են ժամանակավոր պաշտոնակատարներ Արփինե Բաբայանը, հիմա՝ Կարինե Գասպարյանը, որը ԺՊ է 1 ամսից մի քիչ ավելի։ «Զեկույցն ուղարկվել է իրավապահ մարմիններին։ Կա անհրաժեշտություն՝ նշված փաստերի ճշգրտությունը ստուգելու, որից հետո կկայացվեն որոշումներ»,- ասաց նախարարության խոսնակը։