Ջուլֆալակյանը մանդատը վայր է դնում ոչ թե Արայիկ Հարությունյանի, այլ Նիկոլ Փաշինյանի պատճառով

Ջուլֆալակյանը մանդատը վայր է դնում ոչ թե Արայիկ Հարությունյանի, այլ Նիկոլ Փաշինյանի պատճառով

ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր, հայտնի ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը այսօր ուշ երեկոյան տեղեկացրեց, որ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել:

Պատճառը Ջուլֆալակյանի խոսքով ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած «սկզբունքային» անհամաձայնություններն են ոլորտի կառավարման մոտեցումների վերաբերյալ, որ հաշվի չեն առնվում մասնագիտական կարծիքները. «Նման պայմաններում իմ հետագա գործունեությունը, վստահաբար, չի ծառայի ԱԺ պատգամավորի՝ մեր պետության և քաղաքացու շահերի արդյունավետ պաշտպանության իմ առաքելությանը»: Ջուլֆալակյանի մանդատից հրաժարվելու լուրը անակնկալի է բերել նաեւ իմքայլականներից շատերին, մեզ հետ մասնավոր զրույցներում մի քանիսը կարծիք հայտնեցին, որ Արայիկ Հարությունյանի հետ անհամաձայնությունները դժվար թե մանդատից հրաժարվելու պատճառ դառնային, գուցե կան այլ՝ խորքային պատճառներ, որոնք ի հայտ կգան ավելի ուշ: Այն, որ տեւական ժամանակ է Հարությունյան-Ջուլֆալակյան հակամարտությունը հանրային էր դարձել, դա անհերքելի փաստ է: Քաղաքական կուլիսներում խոսվում էր, որ Ջուլֆալակյանը խորհրդարանում դիսկոմֆորտի մեջ է, նա ավելի մեծ հավակնություններ ունի, նույնիսկ թափանցիկ ակնարկ-առաջարկներ է տեղ հասցրել վարչապետ Փաշինյանին, որ իրեն գոնե նշանակի ԿԳՄՍ փոխնախարար՝ սպորտի գծով, թեպետ ասում էին՝ նախարարական ամբիցիաներ ունի:  

Ջուլֆալակյանը հաճախ նախարարին բացահայտ մեղադրում էր անգործության մեջ, իսկ Գոգյան-ԿԳՄՍ ռազբորկայի ժամանակ էլ նա հրապարակավ բռնեց Գոգյանի կողմը: Արայիկ Հարությունյանն էլ  ձեռքերը ծալած չէր նստում, նրա գործուն ջանքերով աշխատանքից ազատվեց Ջուլֆալակյանի կինը՝ Հերմինե Ղազարյանը, ով  Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում ամուսնու կապերի միջոցով թարգմանչուհի էր աշխատում: Ի դեպ, Ջուլֆալակյանը տեղ էր գտել նաեւ Նիկոլ Փաշինյանի «սեւ ցուցակում», միայն այն պատճառով, որ անհնազանդություն էր դրսեւորում Փաշինյանի ամենահավատարիմ մարդկանցից մեկի՝ Հարությունյանի նկատմամբ:

Իշխանական պատգամավորները մեր մասնավոր զրույցներում Ջուլֆալակյանի հրաժարականն այս փուլում համարում են թիկունքից հարված, քանզի նա այդպիսով լեգիտիմացնում է ընդդիմության պահանջը՝ Հարությունյանին հեռացնելու մասին: 

Սակայն, իրականում Ջուլֆալակյանը մանդատից հրաժարվել է ոչ թե Արայիկ Հարությունյանի, այլ իշխանության եւ մասնավորապես Նիկոլ Փաշինյանի՝ իր նկատմամբ դրսեւորած անտարբերության պատճառով:  Մենք գրել էինք, որ ըմբշամարտի մարզական խորհուրդը օլիմպիադային մասնակցության ուղեգիր չի տվել Ջուլֆալակյանին, Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզչական շտաբն արդեն հայտարարել է, որ Տոկիոյում  Հայաստանի ընտրանու կազմում 77 կգ քաշային կարգում հանդես է գալու Կարապետ Չալյանը, իսկ 97 կգ քաշային կարգում` Արթուր Ալեքսանյանը։ Մեզ պատմեցին, որ Ջուլֆալակյանը փորձել է իր քաղաքական թիմի միջոցով վերականգնել դիրքերը, տեղ գտնել ընտրանու կազմում, փորձել է այս հարցով հանդիպում-քննարկում կազմակերպել  Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն վերջինս մեզ համար անհայտ պատճառներով չի ընդառաջել, Ջուլֆալակյանն էլ վիրավորվել է ու որոշել հեռանալ թիմից: