Սրանք նույն ինկուբատորու՞մ են աճել․․․

Սրանք նույն ինկուբատորու՞մ են աճել․․․

ՔՊ-ի պատգամավոր Վահագն Ալեքսանյանին որ լսենք, եկեղեցականը իրավունք չունի հայրենյաց հոգսերով զբաղվելու։ Մայր աթոռը պիտի միայն կուսակրոնությունից խոսի։ Լրագրողների հետ զրույցում ահա թե ինչ է ասում․ «Օրինակ կլինի մի օր Մայր Աթոռը վեր կենա ու կուսակրոնությունից խոսի, թե չէ մեկ քաղաքական հարցերից է խոսում, մեկ ռազմական հարցերից է խոսում, մեկ «ֆեյք նյուզ» տարածում, մարդ չի իմանում դա ինչ-որ «ֆեյք նյուզ»-երով ընդդիմադիր թերթ է, թե Մայր Աթոռի պաշտոնական կայքն է․․․»։ Դա նույնն է, եթե ասի՝ եկեղեցին թող կուսակրոնությունից խոսի, իշխանությունն էլ՝ ԼԳԲՏ-ից։ Եկեղեցին թող մոմ վառի, իշխանությունն էլ երկիր հանձնի։ Եկեղեցին թող աղոթք կարդա, իշխանությունն էլ խաչքարերը հանի։ 

Լավ, սրանք նույն ինկուբատորու՞մ են աճել․․․ Սրանց ուղեղը էլեկտրականությա՞մբ է աշխատում։ Շղթայական ռեակցիայով միասին նույն բանն են կրկնում, երբ համապատասխան «ջերմություն է տրվում»։ Ո՞նց բացատրես այս թխսարանին, որ հավկիթներին արհեստական ջերմություն տալով ու աճեցնելով, նրանց պատրաստում են ոչ թե ազգային հարցեր քննարկելու, այլ համապատասխան ժամանակում «մորթ» իրականացնելու համար։ Ինպես և արվում է։ 

Ամբողջ աշխարհն է ճանաչում կաթողիկոս Խրիմյան Հայրիկին։ Ներող կլինեն քրիստոնյա հայերը, որ ինկուբատորին ինչ որ բան հասկացնելու համար Հայրիկի Սուրբ անունն եմ մեջբերում։ Խրիմյան Հայրիկը արհավիրքի ժամանակ ասում էր․ «Սիրելի և օրհնված հայեր, երբ վերադառնաք հայրենիք, որպես նվեր ձեր ընկերներին ու բարեկամներին մեկական հատ հրացան տարեք: Ժողովուրդ, ամեն բանից առաջ ձեր ազատության հույսը ձեր վրա դրեք, ձեր մտքի և ձեր բազկի ուժի վրա: Մարդը պիտի ճգնի իրեն փրկելու համար»։ Կաթողիկոսը խոսում էր օրհնված հայերի մասին, վահագները էլեկտրական ջերմությամբ են օրհնվել, չեն հասկանա։ Եվրաինկուբատորը գուցե կաթողիկոսի այս բառերն էլ լսի իրենց սիրած Եվրոպայի մասին․ 

«Անտեղի, իգուր էին հայերի հույսն ու հավատը՝ թե եվրոպական քաղաքակիրթ տերությունները թույլ չեն տա հերթական անգամ ոտնահարելու արդարությունը, որ քաղաքակրթությունն ու մարդասիրությունը ավելի շպար, դիմակ են՝ քողարկելու համար դիվանագետների հոգեկան ամլությունը։ Ուրիշ ժողովուրդներ այնտեղ ապուրը երկաթե շերեփով էին ճաշակում, այնինչ Հայաստանի շերեփը թղթից էր»։ Ձեր շերեփի թղթից լինելում Բյուսելում չհամոզվեցի՞ք։ Ինչևէ, ուզում եմ թեման ամփոփել Խրիմյան Հայրիկի մի ասույթով, որը նրանք չեն հասկանա, որովհետև մայր հող հասկացություն չունեն․ «Ահա թողում ձեզ մշտախոս կտակ, որ հայն իր հայրենատուր հողեն չբաժնվի, զի հողն պետք է: Կենաց և մահու օր պինդ գրկե հողն»։ 

Իսկ վերջում հիշեցնեմ․ ժողովուրդը, հոտը վրդովված է, որ Մայր Աթոռն իրեն չի առաջնորդում այս արհավիրքի պահին, երբ երկիրը տանուլ է տրվում։ Հովիվը իր հոտը պիտի առաջնորդի, որովհետև երկիրը հոտինն է, ժողովրդինը։