Հաշտվեցինք անհաշտելիի հետ

Հաշտվեցինք անհաշտելիի հետ

Օվերտոնի պատուհանն աշխատում է` ամեն օր մի անթույլատրելի թեմա, մի նվիրական իղձ, ազգային մի սրբություն է ոտնակոխ անում այս իշխանությունը: Մի օր մեզ հաշտեցնում են միակուսակցական խորհրդարանի հետ, որտեղ միայն «Քաղպայմանագրի» խոնարհ ուսապարկերն են, որոնք ՀՀԿ-ական մեծամասնությանը վաղուց են գերազանցել:

Մյուս օրը մեզ ներշնչում են, որ իշխանության եկած հեղափոխականները պետք է պետական բյուջեից ահռելի աշխատավարձեր եւ պարգեւավճարներ ստանան` հո իրենք բարեգործներ չե՞ն, որ սովորական աշխատավարձերով, ասենք` 400-500 հազար դրամով գոյատեւեն, պետք է մի քանի միլիոն դրամ լինի իրենց ամսական եկամուտը: Պետք է թանկ ու նոր մեքենաներ վարեն, լավ սնվեն, բրենդային հագուստ հագնեն: Հետո մեզ սովորեցրին, որ պետական գնումների 70-80 տոկոսը պետք է մեկ անձից գնումներով իրականացվի` կոնկրետ կազմակերպություններից եւ պետական պաշտոնյաների հետ փոխկապակցված անձանցից: Ոչ մի սարսափելի բան չկա դրանում, եւ դա կոռուպցիոն ռիսկեր չի պարունակում:

Օվերտոնի պատուհանն օր ու գիշեր անխափան աշխատում էր` նորանոր իրողությունների հետ հաշտեցնելով մեզ: Ահա` արդեն բնական է, որ իշխանության առաջին դեմքերը եւ նրանց ընտանիքների անդամները տասնյակ թիկնապահներով են շրջում: Չնայած անցյալում նման երեւույթների դեմ հատորներով ճառեր են ասել: Հաշտվեցինք նաեւ պատերազմում պարտության, հող հանձնելու, զոհեր տալու հետ:

Պարտությունից հետո էլ պարտվելու ու հանձնելու: Մի օր հաշտվեցինք Գորիս-Կապան ճանապարհը թշնամուն տալու փաստի հետ, մյուս օրը Սեւ լճի գրավումը նորմալ երեւույթ դարձավ: Ոչինչ, որ երկու տարուց ավելի ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն Արցախ չեն այցելել: Եվ վերջին ակորդը` ԱԽՔ-ն երեկ հայտարարեց, որ այլեւս հայկական բանակ չի լինելու Արցախում: