Աղջկան բռնության ենթարկելու վիդեոն հրապարակողը հետախուզման մեջ է, պատվիրողն ու մայրը՝ կալանավորված

Աղջկան բռնության ենթարկելու վիդեոն հրապարակողը հետախուզման մեջ է, պատվիրողն ու մայրը՝ կալանավորված

7 ամիս առաջ Գավառում անչափահասին բռնության ենթարկելու դեպքը ցնցեց հանրությանը․ համացանցում տարածված տեսանյութից երևում է, թե ինչպես է մայրն իր մանկահասակ դստերը խոշտանգում: Կինը, որը 5 երեխաների մայր է, ծեծի է ենթարկում և նվաստացնում դստերն իր մյուս երեխաների աչքի առջև, ավելին՝ մասնակից դարձնում նրանց՝ քրոջ խոշտանգմանը։
Գործով նախաքննությունը շարունակվում է։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։

Ըստ քննչական կոմիտեի՝ այս վարույթով երեք մեղադրյալ կա․ երկուսը կալանավորված են, մեկը հետախուզման մեջ է․ «Պատվիրողը՝ անազատության մեջ է, հրապարակողը՝ հետախուզման»։
Իսկ թե ո՞վ է հրապարակողը, ՔԿ-ից փոխանցեցին, թե անուններ չեն հրապարակում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին սոցցանցերում երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին տեսանյութ էր հրապարակվել։ Ավելի ուշ ՀՀ ոստիկանությունը հայտնել էր, որ կինը հայտնաբերվել է. նա Գավառի 34-ամյա բնակչուհի է։ Վերջինիս նկատմամբ նախաձեռնվել էր քրեական վարույթ, օգոստոսի 19-ին մայրը կալանավորվել է և գտնվում է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում։
Ձեռք բերված փաստերի հիման վրա՝ 2023թ. օգոստոսի 19-ին երեխաների մոր նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով (անչափահասին առանձին դաժանությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը)։ Նրան մեղադրանք է առաջադրվել նաև 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, որոնք կատարվել են 12-ից 14 տարին չլրացած անձի նկատմամբ վերընթաց ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականությունը):

Մեղադրանք է առաջադրվել նաև 239-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով՝ երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու կամ տարածելու հետ կապված գործողություններ կատարելուն հակելը կամ ներգրավելը այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականությունը), 300-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (պոռնկագրական նյութեր կամ առարկաներ պատրաստելը, տարածելը կամ պահպանելը, որը կատարվել է մերձավոր ազգականի կողմից, և որը զուգորդվել է անչափահասի նկատմամբ դաժան վերաբերմունքով)։