Պաշտոնյային ծեծել են քաղաքակա՞ն, թե տղայական հողի վրա

Պաշտոնյային ծեծել են քաղաքակա՞ն, թե տղայական հողի վրա

Ապրիլի 2-ին լրատվամիջոցները հաղորդեցին, որ ժամը 22:00-ի սահմաններում Մարգարյան փողոցում՝ «Կայզեր» սուպերմարկետի մոտ, մի խումբ անձանց կողմից ծեծի է ենթարկվել ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի Գույքի գնահատման եւ աճուրդի կենտրոնի գլխավոր տնօրեն, 30-ամյա Արման Աբրահամյանը։ Համաձայն մամուլ սպրդած ինֆորմացիայի, 4-5 երիտասարդներ միջադեպ են հրահրել՝ կանգնեցնելով պաշտոնյայի մեքենան, իջեցրել են նրան ու ծեծել փողոցում։ Գործ է հարուցվել խուլիգանության հոդվածով, ձերբակալվել է տղաներից մեկը, ապա դատարանի որոշմամբ ազատ արձակվել, սակայն ուշագրավ է, որ մի քանի օր անց մեղադրանքը խստացվել է՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» հոդվածով՝ Քրօր․ 316-ի հատկանիշներով։

Մեղադրվող կողմի ներկայացուցչի պնդմամբ՝ պետական ողջ մեքենան, բանուգործը թողած, ուժերը մոբիլիզացրել է միջին ծանրության այս հանցագործությանը քաղաքական երանգ հաղորդելու եւ միջադեպի մասնակիցներին հնարավորինս խիստ պատասխանատվության ենթարկելու համար։ Քրեական գործն էլ «կարվել է» փնթի, ոչ հիմնավոր։ Ավելին, գործին միջամտել են նաեւ պետական պաշտոնյաներ՝ չարաշահելով իրենց լիազորությունները։ 

Երիտասարդ տղաների եւ հասակակից պաշտոնյայի միջեւ միջադեպը բռնկվել է մեքենաների՝ իրար չզիջելու պատճառով, լեզվակռվից հետո տղաներն իջել են, իրար քաշքշել, տուժող պաշտոնյան, դատաբժշկի եզրակացության համաձայն, չունի ո՛չ վնասվածք, ո՛չ քերծվածքներ, միայն դեմքի շրջանում կարմրած հատված է արձանագրվել, մինչդեռ իր ցուցմունքներում ներկայացրել է, թե դաժան ծեծի է ենթարկվել։
«Ընդ որում՝ ինքը, ըստ եզրակացության, հայտնել է, թե վթարի ընթացքում է ստացել այդ վնասվածքը․․․ Մի զարմացեք, ողջ գործն այսպիսի անտրամաբանական եւ իրար հակասող ցուցմունքներով է կազմված»,- մեզ հետ զրույցում ասաց միջադեպի մասնակից երիտասարդների՝ Արամ Պետրոսյանի, Արթուր Սանթրյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։ Ըստ նրա, պատահական չէ, որ Արման Աբրահամյանը ոստիկանություն հաղորդում է ներկայացրել ոչ թե միջադեպից անմիջապես հետո կամ գոնե հաջորդ օրը՝ առավոտյան, այլ երկու օր անց։ Պատճառը, ըստ մեղադրվող կողմի, պաշտոնյայի ոչ սթափ լինելն է եղել, սպասել է մինչեւ «օյաղանա», ու այդ ընթացքում մի «լեգենդ» է հորինել․ «Հայտնի տուժողը, ունենալով պետական պաշտոնյայի բարձր իրավագիտակցություն, ոչ թե հաղորդում է ներկայացրել միջադեպից անմիջապես հետո, այլ երկու օր անց՝ անհեթեթ պատճառաբանություն ներկայացնելով, իբր զեկուցել է իր ղեկավարությանը, երկու օր քննարկել են, չգիտեմ ինչ են որոշել, միգուցե իրենց լեգենդն են հորինել, որ հետո ներկայացնեն։ Հակառակ պարագայում, եթե դու խելոք քո համար գնում էիր, ու քեզ կանգնացրեցին, ծեծեցին, ու դու էլ, լինելով պետական պաշտոնյա ու հայտնելով, որ դա կապված է մասնագիտական գործունեության հետ, ի՞նչն էր քեզ խանգարում, որ հենց այդ պահին ահազանգեիր։ Կամ, մյուս կողմից՝ եթե առավոտյան զեկուցել է իր ղեկավարությանը, ի՞նչ էին երկու օր մտածում, որ չէին ահազանգում»։

Ի վերջո պաշտոնյան ներկայացել եւ հաղորդել է։ «Մեր հարգելի տուժողը ցուցմունքներ է տվել, որ ի սկզբանե երիտասարդներն իմացել են, թե դա ինչ մեքենա է, ում մեքենան է, եւ իր գործունեության հետ կապված անհարկի վիճաբանություն են հրահրել ու ծեծի ենթարկել։ Իբր միջադեպը քաղաքական հողի վրա է եղել, որ նախկինում իր պաշտոնը զբաղեցրածի փողոցում է եղել, հենց նրա կողմից է կազմակերպվել։ Որ իբր իրեն ծեծելուց հետո էլ երիտասարդներն ասել են՝ «Նիկոլին կբարեւես»։ Սուտ է, երիտասարդները հայտնել են, որ քաղաքականությամբ չեն զբաղվում, չեն զբաղվել երբեւէ։ Տուժողը փորձում է ներկայանալ հեղափոխության առաջամարտիկ, բայց իր զբաղեցրած պաշտոնը, իր անցած ճանապարհը որեւէ բանով չեն հուշում, որ ինքն այնպիսի ակնառու գործիչ է, այնպիսի դեմք, որ իր հետ միջադեպի ընթացքում մի հատ էլ պիտի ասեին՝ Նիկոլին բարեւիր։ Իմ կարծիքով, իրականում իր ոչ սթափ վիճակը, պետական պաշտոնյային ոչ պատշաճ վարքագիծ դրսեւորելու փաստը քողարկելու նպատակով փորձում է քաղաքական թիրախ ներկայանալ, բարձրաստիճան պաշտոնյաների անուններ հնչեցնել, իրավապահներն էլ կարծես թե կուլ են տվել խայծը»,- ասաց փաստաբանը՝ շարունակելով․ «Մենք դեռ չենք բարձրաձայնել, թե գիշերվա 10-ին ծառայողական մեքենայով ինչ էր անում, ցուցմունքում էլ նշում է, որ անձնական գործերով է գնացել հարազատին հանդիպելու»։

 Փաստաբանը նկատում է նաեւ, որ ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենն առաջադրված՝ 316 հոդվածի սուբյեկտ չի կարող հանդիսանալ, օրենքը հստակ սահմանում է․ «Սույն օրենսգրքում իշխանության ներկայացուցիչ է համարվում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայող այն անձը, ով ծառայողական ենթակայության տակ չգտնվող անձանց նկատմամբ սահմանված կարգով օժտված է կարգադրիչ լիազորություններով»։ «Սա զարմանալի իրավաբանություն էր վարույթն իրականացնող մարմնի կողմից»,- ասում է փաստաբանը, ի պատասխան մեր ճշտող հարցին, թե տուժածն ինչ կարգադրիչ լիազորություն ուներ երիտասարդների նկատմամբ եւ ինչ օրինական պահանջներ էր ներկայացնում, որին չէին ենթարկվում։
Պաշտպանի փոխանցմամբ՝ իրավապահների անհամաչափ գործողություններն էլ են մատնում, որ վերեւից կա հրահանգ եւ միջամտություն․ «Օրինակ, իմ պաշտպանյալ Արամ Պետրոսյանի հետ շտապում ենք հարցաքննության, ու, չգիտես ինչու, քննչականի բակում որոշում են ցուցադրաբար բերման ենթարկել, ձեռքերը ոլորել»։ Ի դեպ, առերեսման օրը Մաշտոցի քննչականում մեղադրվող կողմի ներկայացուցիչները նկատել են Նարեկ Բաբայանի երկու տեղակալներին՝ Վարդան Կոստանյանին եւ Սերգո Աթանեսյանին․ «Իրենց ներկա լինելու վերաբերյալ դատողություններ չեմ անի, իրենք թող պարզաբանեն՝ ինչ այցով էին քննչականում»։

Մենք փորձեցինք Պետգույքի կառավարման կոմիտեի ղեկավար Նարեկ Բաբայանից պարզել՝ ապրիլի 10-ին նրա երկու տեղակալներն ինչո՞ւ են Մաշտոցի քննչական ներկայացել՝ աշխատանքային պարտականություննե՞ր են կատարել, թե՞ այլ հարցով։ Բաբայանը փոխանցեց, թե չի կարող ասել։ Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է դա կապված է եղել կոմիտեի աշխատակցի հետ տեղի ունեցած միջադեպի հետ, փորձել են իրավապահների հետ խոսել, միգուցե՝ ճնշում գործադրել։ «Ինչպե՞ս է հնարավոր ճնշում բանեցնել»,- հարցին հարցով պատասխանեց Բաբայանը, ապա սկսեց մեզ մեղադրել մյուս կողմի շահերը պաշտպանելու մեջ՝ հընթացս խոստովանելով, թե ինչպես են իրենք գերազանցում լիազորություններն ու միջամտում գործին․ «Թե՛ ես, թե՛ իմ տեղակալները խոսակցություն ենք ունեցել բոլոր տեսակի պաշտոնյաների հետ, ովքեր առնչություն ունեն, որպեսզի ցույց տանք, որ մենք խիստ շահագրգռված ենք գործի բացահայտմամբ, որովհետեւ դա ամբողջ Պետական գույքի կառավարման կոմիտեի եւ, առհասարակ, ամբողջ կառավարող ուժին ուղղված քայլ է»։

Թե ինչու է կառավարող ուժի դեմ ուղղված քայլ, Բաբայանը պարզաբանեց․ «Որովհետեւ ես ամբողջությամբ վստահում եմ ՊՈԱԿ-ի տնօրենին, եւ հարձակվողները եղել են անծանոթ մարդիկ ու ասել են, որ ճանաչում են իրեն, գիտեն, թե ինչ մեքենայի համարներ են, ում է պատկանում եւ մի շարք այլ բաներ, ինչը ենթադրում է, որ ուղիղ կապ ունի իր գործունեության հետ եւ ուրիշ ոչինչ։ Եղել են այն թաղամասում, որն ինչ-ինչ մարդկանց թաղային տարածքն է․․․»։

Իսկ թե ինչու է պաշտոնյան միջադեպից 2 օր անց հաղորդում ներկայացրել, Բաբայանն ասաց, թե փորձել է համոզվել, որ իր գործունեության հետ է կապված։ «Փորձել է պարզել նաեւ անձանց շրջանակը եւ իմ իմանալուց ու հորդորից հետո, որ պարտադիր պետք է դիմել, դիմել է»,- ասաց Բաբայանը։ Ոչ սթափ վիճակում գտնվելու մասին մյուս կողմի մեղադրանքներին էլ արձագանքեց․ «Սուտ է։ ․․․Այսինքն, եթե որեւէ մեկին ոչ աշխատանքային ժամին ծեծում են, դա կապ չունի՞ գործի հետ։ Ես էլ կարծում եմ, որ կապ ունի իր գործունեության հետ»։
Նշենք, որ ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Արման Աբրահամյանն այս դեպքից հետո դիմել է ոստիկանություն, որպեսզի իր անվտանգությունն ապահովեն, եւ ոստիկանությունը նրան երկու աշխատակից է կցել: