Հատված Սոս Սարգսյանի հետ իմ վերջին հարցազրույցից...

Հատված Սոս Սարգսյանի հետ իմ վերջին հարցազրույցից...

«Գիտես, Ռոբերտ, մի սոսկալի երևույթ կա այս աշխարհքում: Չգիտեմ ինչից է գալիս, դա հիվանդություն է, ինչ է, ո՞նց է ծնվում մարդու մեջ՝ անունը վախ, սոսկալի մի բան: Գիտես, 1915 թվականը հայ ժողովրդի մեջ նաև բուն դրած վախից սկսեց: Էդ վախը ամբողջ ազգը կոլոլեց, վախը փաթաթվեց վզին և միլիոնավոր մարդիկ մոլորվեցին ու մորթվեցին: Թուրքերը կարողացան մեր աչքի պեծը կոտրել: Սկզբում մեր մեջ վախ ներարկեցին, հետո սկսեցին սրի քաշել: Լեփսուսն ասում է, որ եթե մի երեք Մուսա լեռ լիներ, գործն այլ ընթացք կունենար: Պետք չէ մտածել, որ թուրքերը մեզանից շատ են: Մենք երբեք չպիտի վախենանք և պիտի իրենց նման նախահարձակ լինենք, ամեն տեղ, ամեն րոպե: Սա է պաշտպանության լավագույն ձևը: 

Հետո թուրքերը եկան մեզ հետ ֆուտբոլ խաղալու, և ի՞նչ ...Հայ ֆուտբոլիստների համազգեստի վրայից Արարատ լեռը հանեցինք: Դա ինչի՞ նշան է, որ դու դեռ էլի վախկոտ ես, որ համարձակ չես, թուրքի առաջ կռացած մարդ ես, կռացած մարդն արդեն իսկ պարտված մարդ է... Հիմա ուզում եմ ականջներիս օղ անենք...  Ես կոչ եմ անում հայ ազգին, Սփյուռքից սկսած՝ ամեն տեղ, ամեն քայլափոխի առաջնորդվել Սուրբ Լեռան նշանաբանով: Արարատը նաև մեր պահանջատիրության խորհրդանիշն է: Վախը մեր մեջից պիտի հանել: Երբ ինձ հարցնում են՝մեր հոգսը գործը էսօր ո՞րն է, ասում եմ արիություն ու խիզախություն սերմանելը, հերոսություն և համարձակություն ներարկելը:
Հզոր Ամերիկան չկարողացավ հաղթել փոքրիկ Վիետնամին, Աֆղանստանին, իսկ փոքրիկ Ֆինլանդիան չպարտվեց հզոր Ռուսաստանից: Այնպես որ մեծ ու փոքր գոյություն չունի: Դա հարաբերական հասկացություն է: Ատոմի միջուկն էլ է փոքր: Մենք պետք է վայրի կատվի նման ճանկռելով թշնամու աչքը հանենք, քոռացնենք, որ ասեն սրանց հետ գործ չունենք, հեռու մնանք...
Լեռ  Կամսարը էս տեսակ մի խոսք ունի․«Եթե թուրքերը բարի բանից են խոսում, ուրեմն մի մեծ ողբերգության սպասի»: Հիմա, եթե թուրքերը խոսում են ճանապարհ բացելուց, փոքրաթիվ ազգերի իրավունքներից, և չգիտեմ էլ ինչից ու ինչից, մի մեծ ողբերգության սպասիր...Մի ինչ որ ստոր բան անելու են...Հարյուրից հարյուր դա էդպես է...»։ 

Ռոբերտ Մաթոսյան

2013թ