Աղմուկը Ֆեյսբուքում է, քաղաքացիների շրջանում աղմուկ չկա

Աղմուկը Ֆեյսբուքում է, քաղաքացիների շրջանում աղմուկ չկա

Իշխող ֆրակցիան երեկ չէր կողմնորոշվում, թե ինչ գնահատական տա ոստիկանական «ասֆալտափռման» օպերացիային, որը նախօրեին ստվերեց տոնական տրամադրությունները։ Հիշեցնենք, որ նախօրեին դիմակավորված ոստիկանները ցուցադրաբար ձերբակալեցին «ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանին, «ԲլոգՆյուզ»-ի խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանին, «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանին եւ օրվա ավարտին՝ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին։ Իրավապաշտպանները, քաղհասարակության ներկայացուցիչները դատապարտեցին իրավապահների գործողությունները։ Իմքայլականները, հավանաբար, երեկ դեռ հրահանգ չէին ստացել Նիկոլ Փաշինյանից ու ծանր կացության մեջ էին։ Անգամ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասելիք չուներ։

Այսօր ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ հանդիպմանը իմքայլականները, հավանաբար, սրա վերաբերյալ էլ հարց կուղղեն, թեեւ հանդիպումը դեպքերից առաջ էր պլանավորված։ «Եթե բերման ենթարկվածները կարծում են, որ իրենց իրավունքները ոտնահարվել են, ապա, բնականաբար, օրենքը նախատեսում է բոլոր իրավական կարգավորումները՝ պաշտպանելու սեփական իրավունքները»,- ասաց Մակունցը։ «Իմ քայլի» պատգամավոր, պաշտպանության, անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանն էլ ասաց՝ միգուցե ոստիկանությունը նման գործողություններ կիրառելուց առաջ օպերատիվ տվյալնե՞ր է ունեցել։ 

Նույն խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանից էլ հետաքրքրվեցինք՝ հանրային գործիչների, մանավանդ իշխանությունների ընդդիմախոսների նկատմամբ այս մեթոդները կիրառելը քաղաքական հետապնդման տպավորություն չի՞ թողնում։ «Ո՞վ է իշխանության ընդդիմախոսը,- հարցին հարցով պատասխանեց նա։- Երբ ոստիկանությունը կհայտնի պատճառների մասին, այն ժամանակ էլ կգնահատենք»։ Հիշեցրինք, որ ոստիկանությունը պատճառները նշել է՝ ապօրինի զենք-զինամթերք եւ թմրանյութ պահելու, օգտագործելու կասկածն է։ «Ես կարծում եմ, որ նման օպերացիաները տեղի են ունենում օպերատիվ որոշակի փաստերի արձագանքման դեպքում, միգուցե հեռախոսազանգ են ունեցել կամ օպերատիվ տեղեկություն են ստացել, ես կարծում եմ՝ կպարզաբանեն ոստիկանությունից, թե իրականում ինչ տեղեկություն են ստացել։ Այս խնդիրն իմ ուշադրությունը չի գրավում, որովհետեւ այդ քաղաքացիները կարող են օգտվել իրենց իրավունքներից եւ բողոքարկել այդ գործողությունները։ Իսկ եթե այդ ժամանակ խոչընդոտներ կունենան, թող դիմեն մեր օգնությանը, եւ անպայման կաջակցենք»։

Պատգամավորը  համաձայն չէ, թե այդ օպերացիայի արդյունքում իշխանությունն արժանացել է հանրության քննադատություններին․ «Ովքե՞ր են քննադատում, լավ, էլի, արդեն համարում են, որ այդ գործողություններն իրավաչափ չե՞ն, աչքս լույս, էլի»։ Ինքը՝ Ուլիխանյանը, այդ տպավորությունը չունի․ «Ես այսօր առավոտյան եկա ԱԺ, իմացա, որ աղմուկ է, հետեւեցի եւ տեսա, որ միայն Ֆեյսբուքում է աղմուկ, քաղաքացիների շրջանում աղմուկ չկա։ Պետք չի այս իրադարձությունների շուրջ այսպիսի աղմուկ բարձրացնել, եկեք մի քիչ աշխատենք»։

Մինչդեռ կարծիք կա, որ իշխանությունները բարձրացրին այս աղմուկը՝ «գրիչային» ծիծաղելի խոսակցություններից շեղելու համար։ «Գիտեք, ցանկացած կարծիք կհնչի, բայց պետք չի անդրադառնալ նման խոսակցություններին։ Եթե Դուք ինձ հարցեր չտայիք, հավատացեք՝ իմ ուշադրությունը չէր հրավիրվի այս հարցի վրա, եթե ՀՀ-ում կա մեկ միլիոն պրոբլեմ, ապա դա այդ մեկ միլիոնի մեջ չի մտնում։ Այ, այդքան չնչին խնդիր է»։ 

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը հիշեց, որ Վանաձորում զինված խմբեր կային, հանցագործություններ էին կատարում, երբ ոստիկաններին ասում էին՝ ինչո՞ւ չեք ձերբակալում, պատասխանում էին, թե մենք ձերբակալում ենք, դատարանն ազատում է, որովհետեւ հիմքեր չենք կարողանում գտնել։ «Քաղաքում այդ մարդիկ ման էին գալիս ազատ, մինչեւ սպանվեցին մեկ այլ անձի ձեռքով: Երեկվա դեպքերում էլ որեւէ ակնհայտ կասկածանքի հիմք չկար, եւ անձինք ենթարկվում են, շոուի շրջանակում, բերման՝ ոստիկանության կողմից»: Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով, ցանկացած գործողություն պետք է համաչափ լինի կասկածին, հակառակ դեպքում մտահոգություններ են առաջանում։ «Եթե բոլորիս մոտ խնդիր է առաջացել, ապա նշանակում է, որ ոստիկանությունը ճիշտ չի աշխատում եւ պետք է վերանայի իր գործելաոճը»: 

ԲՀԿ-ական Արման Աբովյանն էլ ասաց, որ ցանկացած գործողություն պետք է հիմնավորված լինի. «Հանրությունը երեկ բազմաթիվ հարցադրումներ առաջ քաշեց, ինչու այդ ամենն արվեց՝ ասֆալտին փռելով եւ մասկի շոուներով»։