Ագորա, որտե՞ղ ես

Ագորա, որտե՞ղ ես

Ամեն անգամ, երբ Նիկոլը մարդկանց դիմում է «սիրելի ժողովուրդ» ձևով, խնդալս գալիս է: Չգիտեմ, մարդիկ հասկանում են, թե ոչ, որ ինքը սուտ է խոսում: Սիրելի լինելը նշանակում է, որ հանուն կոնկրետ այդ անձի (կամ անձանց) խոսողը պատրաստ է ինքնազոհության: Եվ այդ պատճառով էլ մեկ անձին սիրելի կարող են լինել ընդամենը մեկ-երկու տասնյակ մարդ՝ ծնողներ (տատ-պապ), ամուսին, զավակներ, թոռներ (ծոռներ) և մեկ-երկու հարազատ ընկեր: Իսկ ժողովուրդը կարող է լինել հարգելի կամ ոչ հարգելի: Բայց քանի որ ՀՀ վարչապետի պաշտոնին կառչած անձի համար կարևորը ոչ թե անկեղծությունն է, այլ մարդկանց մանիպուլյացնելը, ապա համարյա բոլորը նրա համար «սիրելի» են: Սկզբում «սիրելի» էին մարդկային այն զանգվածները, որ նրան իշխանության բերեցին: Խայտառակ պարտությունից հետո «սիրելի» էին մնացել իր կողմից ձևավորվող «Հեղափոխության պահապաններ» կոչված հրոսակախմբերը: 2021 թվականի հունիսյան ընտրության քարոզարշավին «սիրելի» էին նրա հանդիպումներին ներկա մարդիկ, որոնք էլ ձայն տվեցին նրան: Այժմ դժվար է ասել, թե որքան մարդ է մնացել «սիրելի». երևի այն 28 տոկոսը, որ դեռևս, այս կամ այն չափով, վստահում է նրան: Բայց դա չի խանգարում, որպեսզի բոլորին էլ դիմի «սիրելի ժողովուրդ» ձևով:

Ինչևէ, իր «սիրելի ժողովրդին» 2018-ի գարնանն ու ամռանը Նիկոլը խոստանում էր անմիջական ժողովրդավարություն: Հանրապետության հրապարակն էլ պետք է լիներ դրա իրականացման վայրը՝ ագորան: Հիշեցնեմ՝ Հին Հունաստանի պոլիսներում (քաղաք-պետություններում) ագորան ժողովրդական ժողովն էր, ինչպես նաև դրա անցկացման վայրը՝ քաղաքի կենտրոնի առևտրական հրապարակը: Նիկոլի կողմից նման խոստում տալու պատճառը նախկինների հաստատած ժողովրդավարության իմիտացիան էր: Ինչն արժանանում էր գիտակից բոլոր այն անձանց բողոքին, ովքեր ցանկանում էին ապրել իրական, և ոչ թե իմիտացիոն ժողովրդավարության պայմաններում: Եվ դրանցից ամենաակտիվը հենց ընդդիմադիր Փաշինյանն էր՝ ընդդիմադիր օրաթերթի խմբագիրը, 2007 թվականի աշնանից ընդդիմադիր Տեր-Պետրոսյանի հետևորդը, 2012 թվականից ԱԺ ընդդիմադիր պատգամավորը: Ասվածը նշանակում է, որ իշխանության գալով՝ ինքը պետք է վերացներ իմիտացիոն բոլոր դրսևորումները՝ դրանք փոխարինելով իրական ժողովրդավարությամբ: 

Զարմանալիորեն, սկզբում այդպես էլ արվեց. օրինակ՝ Ազգային ժողովի այգին պատնեշող դարպասները հանվեցին: Կատարվեցին մի շարք այլ քայլեր, որոնք մարդկանց թվացին իրական բարեփոխումներ: Հետո պետք է պարզվեր, որ դրանց իրականացումը թոզ փչոցի էր կամ էլ եթե լուրջ էր, ապա հետողորմյա արվելիք բան: Իսկ շատ ավելի լուրջ խնդիրներն այդպես էլ մնացին անփոփոխ: Ինքնահռչակված «ժողովրդավարության բաստիոնում», օրինակ, անփոփոխ մնացին նախկիններից ժառանգված ընտրացուցակները: 2008 թվականի նախագահական ընտրության արդյունքները չընդունած տեր-պետրոսյանական ընդդիմությունը խոսում էր մինչև 250 հազար «մեռած հոգիների» առկայության մասին: Ոչինչ չարվեց նաև Ընտրական օրենսգիրքն իրականում բարեփոխելու ուղղությամբ: Իրականում, քանի որ սեփական իշխանության շահերին համապատասխան որոշ աննշան փոփոխություններ, այնուամենայնիվ, կատարվեցին: Հայաստանյան «ժողովրդավարության հիմնադիրը ոչինչ չարեց նաև Հանրաքվեի մասին օրենքն իրական ժողովրդավարության սկզբունքներին համապատասխանեցնելու ուղղությամբ:

Նշված օրենքով, օրինակ, «ՀայաՔվե» նախաձեռնությունը պետք է հավաքի 50 հազար ստորագրություն, որպեսզի իր հեղինակած օրենսդրական փոփոխությունները ներկայացնի ԱԺ քննարկմանը: Իսկ եթե դրանք անհաջողության մատնվեն ԱԺ-ում, ապա պետք է հավաքի 300 հազար ստորագրություն, որպեսզի դրանք ավտոմատ դրվեն հանրաքվեի: Ֆեյսբուքյան օգտատերերից Հրայր Կամենդատյանը համեմատականներ է տարել հանրաքվեի համար անհրաժեշտ ստորագրությունների քանակների առումով: Պարզվում է, որ օտարների կողմից «ժողովրդավարության փայլուն աստղ» բնութագրված երկրում հանրաքվեի դրվելու համար պահանջվող ստորագրությունների քանակը կազմում է բնակչության թվաքանակի 10,71%-ը (խոսքը 300 հազարի մասին է): Մինչդեռ սովորական ժողովրդավարական (արևմտյան) երկրներում այն կազմում է 0.1%-ից  մինչև 2.0% (կլորացված): Հասկանալի է, որ դա Նիկոլին ժառանգություն է մնացել նախկիններից: Բայց չէ որ Նիկոլն ինքն իրեն համարում է հայաստանյան ժողովրդավարության հիմնադիրը: Ուրեմն պետք է փոփոխության ենթարկեր անմիջական ժողովրդավարության (ագորայի) համար պահանջվող ցուցանիշը:

Փորձեմ օգնել Նիկոլին հանրաքվեի առումով ագորայի հաստատման ուղղությամբ: Ինչը ենթադրում է Հանրաքվեի մասին օրենքի փոփոխություն նախքան «ՀայաՔվե»-ի գործընթացի ավարտը: Գործող Ընտրական օրենսգրքով ԱԺ անցողիկ շեմ է համարվում ընտրությունը մասնակցածների 5 տոկոս շեմը հաղթահարելը: 2021 թ.-ի հունիսի 20-ի Ազգային ժողովի ընտրությանը մասնակցել է 1,278,656 ընտրող, դրա 5 տոկոսը կազմում է 64,070: Հավաքելով ընտրական շեմը հաղթահարելու համար անհրաժեշտ քանակի ստորագրություն (այն կկազմեր ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 2.5%-ը)՝ նախաձեռնող խումբը պետք է իրավունք ունենա հարցը դնելու հանրաքվեի: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախաձեռնող խումը կունենար դրա իրավունքը, եթե որևէ կուսակցության անվան ներքո մուտք գործեր ԱԺ: Իսկ ԱԺ-ում առկա փոքրամասնությունն էլ պետք է ունենար դրա իրավունքը օրենսդրական նախաձեռնությունը երեք անգամ մեծամասնության կողմից մերժվելու դեպքում: Դա ցույց կտար, թե ընտրողների շրջանում ինչ չափի հավանություն ունի տվյալ օրենսդրությունը: Ինչը, միաժամանակ, կհաստատեր իրական ժողովրդավարության առկայության հանգամանքը:

Իհարկե, «ՀայաՔվե»-ի գործընթացը վտանգ է ներկայացնում Նիկոլի իշխանության համար: Եվ բոլոր հնարավոր միջոցներով իշխանությունը փորձում է խոչընդոտել դրա ընթացքը: Ուր մնաց, թե փորձեր անհրաժեշտ բարեփոխումներով թեթևացներ դրա իրականացումը: Եվ ես այնքան միամիտ չեմ, որպեսզի ենթադրեմ, թե հենց վաղը կգումարվի ԱԺ արտահերթ նիստ և կընդունվի ներկայացված առաջարկը: Բայց նաև գիտակցում եմ, որ դա չանելը հերթական վկայությունն է լինելու, որ Հայաստանի Հանրապետությունում տիրում է ոչ թե ժողովրդավարություն, այլ դրա անվան ներքո մեկ անձի իշխանություն: Ինչը ձգտում է վերածվել ամբողջական բռնատիրության: