Փաշինյանը մեզ վրա «տղա է բերում» Արևմուտքին ու Ալիևին, ընդդիմությունը՝ Պուտինին․ հայկական դիլեմա

Փաշինյանը մեզ վրա «տղա է բերում» Արևմուտքին ու Ալիևին, ընդդիմությունը՝ Պուտինին․ հայկական դիլեմա

Սևուսպիտակի, ներկաների և նախկիների մշտնջենական հակադրումներին ավելացել է նոր ու, թերևս, ավելի վտանգավոր առիթ․ ՀՀ ներկայիս իշխանությունների ընդգծված հակառուսական դիրքորոշումն ու արկածախնդիր «սիրախաղը» Արևմուտքի ու միասնական Եվրոպայի հետ։
Պաշտոնական Երևանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հաճախակիացած ակնարկները, արևմտյան ուժերին հավատարմության երդումներն ավելի են խորացրել հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամը։

Մոսկվան բացահայտորեն քննադատում է ՀՀ իշխանություններին՝ վերջինիս հայտարարություններն ու քայլերը համարելով վիրավորական ու հայ ժողովրդին շահերին հակասող։ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը նույնիսկ բացատրություն պահանջեց Հայաստանի ղեկավարությունից՝ նախազգուշացնելով երկու երկրների հարաբերությունները վերանայելու մասին։ Ավելի վաղ ՌԴ գլխավոր դիվանագետը բազմիցս ասել է, թե Արևմուտքը փորձում է հաստատվել Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Հայաստանում, Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու նպատակով։

Եվ, ահա, այս համատեքստում ուշագրավ է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հարավկովկասյան աշխատանքային ուղևորությունը․ Բաքվից պաշտոնյան մեկնել էր Վրաստան, այնտեղից էլ ժամանեց Հայաստան։ Մինչև այդ, Թբիլիսում կայացած մամուլի ասուլիսում Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը խոստովանեց, որ Կովկասում մի քանի կարևոր գործընկերներ ունի, որոնց ամենառանձնահատուկը Վրաստանն է, հաշվի առնելով հանգամանքը, որ այդ երկիրը ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել։

Զուգահեռաբար, ԵՄ-ն խոստանում է էական աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ Փաշինյանական թիմից ստանալով կառույցին անդամակցելու մասին ազդակներ։ Այս ամբողջ խճանկարում պակաս հատկանշական չէ, որ Փաշինյանը ուղիղ տեքստով Հայաստանի հավաքական ընդդիմությանը մեղադրում է «հինգերրորդ շարասյուն» լինելու մեջ՝ իր հակառակորդներին անվանելով Կրեմլի «կցորդ» կամ «արբանյակ»։ Նա նաև Հայաստանի գյուղերն Ադրբեջանին վերադարձնելու թեմայով դիսկուրսի շրջանակում որոշակի «շանտաժի» է դիմում` ժողովրդին ասելով, որ հակառակ դեպքում «Ադրբեջանը պատերազմ կսկսի Հայաստանի դեմ», այն էլ՝ Թուրքիայի աջակցությամբ։

Ինչ վերաբերում է հայաստանյան, այդ թվում՝ խորհրդարանական ընդդիմությանը, բազմաթիվ անգամ տեսակետներ են հրապարակ նետվել առ այն, որ պետք չէ «նեղացնել» բարեկամ ու դաշնակից Ռուսաստանին՝ տարերքի մեջ ընկած նետվելով Արևմուտքի «գիրկը»։ 

Փաշինյանի քաղաքական ախոյանները պնդում են՝ նույն Արևմուտքը, այդ թվում՝ Ֆրանսիան, մյուսները, ի զորու չեն պաշտպանելու Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, որքան էլ պաշտպանական ոլորտում պայմանագրեր կնքվեն և ռազմական ու ֆինանսական աջակցություն տրամադրվի։ Այլ կերպ ասած՝ ազգիս ընդդիմությունն էլ «հաթաթա» է տալիս Կրեմլով, մեծ հաշվով՝ Պուտինով, որքան էլ այդ հայտարարություններով ճշմարտության առողջ հատիկ կա։

Ի դեպ, օրերս Մեծ Բրիտանիայի փոխնախարար Հիպին հայտարարեց, որ Լոնդոնը ողջունում է Երևանի որոշումը՝ սառեցնել անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Նրա խոսքով՝ Միացյալ Թագավորությունը պատրաստ է պաշտպանել Հայաստանին Ռուսաստանից եկող սպառնալիքների դեպքում։

ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն, օրինակ, «Հրապարակի» հետ զրույցում նշել է, թե ՌԴ-ն դավաճանության համար կպատժի ՀՀ իշխանություններին, բայց դրանից կտուժի ժողովուրդը։ 

Ռազմական փորձառու գործչի պնդմամբ, չնայած Ռուսաստանից և ՀԱՊԿ-ից ունեցած դժգոհություններին, այդուհանդերձ ՀԱՊԿ-ն, լավ, թե՝ վատ, պաշտպանական վահան է Հայաստանի համար։ Տեր-Գրիգորյանցը նաև զգուշացնում է․ «Ճիշտ է, ՀԱՊԿ-ն ու նաեւ Ռուսաստանը թույլ են տվել սխալներ, որոնք դժգոհություն են առաջացրել Հայաստանում, բայց այդ հարցերը պետք է դիվանագիտական լեզվով քննարկել,  հակառակը ձեռնտու է մեր թշնամուն։ Այդ հայտարարություններով Փաշինյանն օգնում է  Թուրքիային եւ Ադրբեջանին՝ պատրաստվել նոր ագրեսիայի։ Եթե Փաշինյանը որոշի Հայաստանը դուրս բերել ՀԱՊԿ-ից, Հայաստանն ուղղակի կզրկվի անվտանգությունից»։

Երկու ճամբարների մոտեցումները հնարավորինս հստակ են ու միանշանակ, իսկ թե որն է ողջամիտ ելքը՝ պարզ չէ, քանի դեռ Ալիևը շարունակում է սպառնալ Հայաստանին, այդ թվում՝ Փաշինյանի շուրթերով, իսկ ընդդիմությունը իշխանությունների վրա «տղա է բերում» Պուտինին, որն օրեր անց հինգերորդ ժամկետով կստանձնի Ռուսաստանի նախագահությունը․․․