«Հրապարակ». Մայիսի 2-ը հռչակել բերման ենթարկվածի օր

«Հրապարակ». Մայիսի 2-ը հռչակել բերման ենթարկվածի օր

Փաշինյանի կառավարությունը պետք է մայիսի 2-ը հռչակի բերման ենթարկվածների օր: Թե չէ՝ հավասարակշռություն է խախտվում քաղաքացու օր ունենք, իսկ բերման ենթարկված քաղաքացու՝ ոչ: Այն, ինչ կատարվում էր երեկ, վերջին 20 տարվա ընթացքում տեսել էինք մի քանի անգամ:  

Անգամ ցուցարարներին հաց տանող մի մեքենայի վարորդի իջեցրին 

Առավոտից ոստիկանական բաժանմունքները լեփ-լեցուն էին: Տպավորություն էր, թե ոստիկաններն ուզում են պարզել՝ կկարողանա՞ն բոլոր ցուցարարներին տեղավորել բաժանմունքներում, թե՞ ոչ: Բերվում էին հիմնականում երիտասարդ տղաներ, 3 ժամ պահվում բաժանմունքում, ապա ազատ էին արձակվում: Մի մասը կրկին վերադառնում էր փողոց: Մարդկանց բռնում էին անհնազանդության ակցիաներին մասնակցելու, փողոց փակելու, «Առանց  թուրքի Հայաստան» գոռալու համար: Անգամ ցուցարարներին հաց տանող մի մեքենայի վարորդի առավոտյան հանեցին ղեկից ու բերանքսիվայր մտցրին մեքենա: «Արա, հաց եմ տանում»,- գոռում էր նա: 

Բերման էին ենթարկվում պատգամավորներ, ինչպես «Հայաստան» դաշինքից Աշոտ Սիմոնյանը, Արամ Վարդեւանյանը: Վերջինիս ուժով խցկել էին մեքենան, բայց երբ նա ոստիկանին սպառնացել էր, որ պատասխանատվության կկանչի պատգամավորին բերման ենթարկելու համար, եկել էր պետը, պատգամավորին կրկին ուժով հանել էին մեքենայից ու բաց  թողել: ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանին ոստիկաններն այնպես էին ծեծել Խանջյան փողոցում, որ նա գլխի վնասվածքներ ու կողոսկրի կոտրվածք էր ստացել:

Ակցիայի ժամանակ բերման ենթարկվեց, ապա ձերբակալվեց ՀՅԴ երիտասարդական միության անդամ Գերասիմ Վարդանյանը: Նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դեռեւս 2020թ. նոյեմբերի 9-ի դեպքերի ժամանակ հարուցված դեպքով: Ակտիվ երիտասարդին մի անգամ արդեն կալանավորել ու բաց էին թողել եւ ահա այսօր, հավանաբար, հրահանգավորված ձեւով, վերհիշեցին այս գործը, ինչն ակնհայտ քաղաքական հետապնդում է: 

Միջազգային կառույցներ, իրավապաշտպաններ, դեսպանատներ, ո՞ւր եք

Առավոտյան 11-ին 200-ից ավելի բերման ենթարկված էր հաշվել Դիմադրության շարժման ղեկավարներից պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: «Ինչքան կարան, թող բերման ենթարկեն, բոլորին չեն ձերբակալի»,- ասում էր նա բարձրախոսով՝ զգուշացնելով, որ որոշ օլիգարխների կողմից ֆինանսավորվող ու ուղղորդվող՝ իրենց լկտի պահող անձինք կան: «Էս դիմակավոր խուլիգաններին ինչո՞ւ եք բերել ստեղ»,- բղավելով հարցնում էր ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանը թմբլիկ ոստիկանին, որն անտեսում էր հարցը՝ կնոջից պահանջելով «իրեն ձեռքով չկպնել»: 

«Նրանք գործում են ամենախուլիգանական վարքաձեւով»,- ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանն այսպես գնահատեց «տարօրինակ» սեւ ու կարմիր բերետավորներին: Նա անձրեւի տակ իմպրովիզացրած մամուլի ասուլիսում պատմեց, որ ոստիկանական բաժանմունքների ներսում Դիմադրության շարժման մասնակիցները «Զարթիր, լաո» երգել են սովորեցնում ոստիկաններին: Նույն իմպրովիզ-ասուլիսում պատգամավոր Արթուր Ղազինյանը բնորոշեց. «Իշխող կուսակցությունն օգտագործում է ոստիկաններին որպես վարձկան ուժ»: 

«Հրապարակի» աշխատակից, հրապարակախոս Էդիկ Անդրեասյանին Վարդանանց-Երվանդ Քոչար խաչմերուկից քաշքշելով մտցրել էին ավտոբուս ու տարել եւս երեք տասնյակ մարդկանց հետ: «Կենտրոնում, Մալաթիայում բոլոր բաժիններում տեղ չկա։ Անուն-ազգանունները խառնել են, գրել՝ կորցրել են, թե ով որտեղ է նստած»,- ասում է նա: Բախումների ընթացքում Yerkir.am-ի լրագրող Լիա Սարգսյանն է ուշագնաց եղել: Հրել ու հարվածել էին AntiFake.am-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանին, իսկ Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում mediahub.am-ի աշխատողների վրա իրեն նկարելու համար հարձակվել էր ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը: Նա ոտքով հարվածել էր օպերատորին, իսկ վերջինս հակադարձել էր, թե «ինձ մենակ էշերն են քացի տալիս»: Փաստաբան Վահան Հովհաննիսյանը հաղորդում է ներկայացրել այս դեպքի մասին, եւ որեւէ իրավապաշտպան ՀԿ, միջազգային կառույց կամ դեսպանատուն լրագրողների իրավունքները չպաշտպանեց: Միայն Ժուռնալիստների միությունը դատապարտող հայտարարություն տարածեց՝ հիշեցնելով, որ ոստիկանները պետք է լինեն համազգեստով՝ հստակ տեսանելի անհատականացնող տվյալներով, քաղաքացին պետք է կարողանա ճանաչել կամ նույնականացնել իրեն մոտեցած կամ իրեն բերման ենթարկող ոստիկանության ծառայողին: «Հրապարակի» լրագրող Մերի Մանուկյանն ու օպերատորն էին տուժել, լրագրողը ողջ օրը կաղալով էր քայլում:

Քաղաքացիները հարցնում էին ոստիկաններին. «Ո՞ւմ եք պաշտպանում՝ թուրքերի՞ն, եկեք մեր կողքը կանգնեք»: Նրանք օդ էին նայում, իբր՝ չեն լսում:  Ոստիկանները ցուցարարների հետ վարվում էին դաժանաբար՝ ձեռքերը հետ պահված, վնասազերծված վիճակում էլ շարունակում էին հարվածել ցուցարարներին: «Ոստիկանը մերն է» կարգախոսի կողքին լսվում էր նաեւ՝ «Ոստիկանն իմը չի»: 

«Վստահության ճգնաժամ ունեցող իշխանությունը ոստիկանությանը դարձնում է ռեպրեսիվ գործիք». Սուրենյանց

Երեկվա տեսածն ու լսածն ամփոփելու համար դիմեցինք քաղաքագետ-պատմաբան, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցին, որը 30 տարի է՝ հետեւում է հայաստանյան ներքաղաքական պայքարի փուլերին: «Բոլորիս համար պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը հեղափոխական արժեքների վրա թքած ունի, ու որ այս ոստիկանությունն այն նույն ոստիկանությունն է, որը նախկին 20 տարիներին գործել է: Ոչինչ չի փոխվել: Իրենք կարողանում են ռեպրեսիվ մեթոդներով օրվա իշխանության օրակարգը սպասարկել: Ցանկացած իշխանություն, ի վերջո, ունենալով վստահության ճգնաժամ, ոստիկանությանը դարձնում է ռեպրեսիվ գործիք»,- համոզված է քաղաքագետը:

Ըստ նրա՝ բոլոր զանգվածային ակցիաներն իրար նման են՝ արտաքին ձեւով, անգամ կարգախոսներով, եւ այստեղ նույնիսկ կարեւոր չէ՝ արդար պահանջներո՞վ ես դուրս եկել փողոց, թե՞ չէ: «Կարեւոր է մեկ այլ հանգամանք՝ կարողանո՞ւմ ես ունենալ այնպիսի օրակարգ, որը կարողանա կոնսոլիդացնել հանրությանը, սրանով է պայմանավորված՝ դու փողոցում կհաղթե՞ս, թե՞ չէ: Մեզ մոտ ընդդիմությանը դեռեւս չի հաջողվել ապահովել հասարակական նոր խմբերի ընդգրկումն իրենց գործընթացին: Եթե այդ հասարակական նոր խմբերը չկան, ոստիկանությունն ինչքան ասես, ռեպրեսիվ մեթոդ է կիրառելու, որովհետեւ դա իր համար համարվում է ստանդարտ իրավիճակ»: Հակաթրքականությունը, ըստ քաղաքագետի, չի կարող կոնսոլիդացնող գործոն լինել: «Դա բնորոշ է համայնքներին, սփյուռքին, բայց չի կարող պետության համար կոնսոլիդացնող գաղափար լինել թեկուզ թշնամի պետության հանդեպ, մանավանդ, եթե խոսքը ներքաղաքական գործընթացի մասին է: Հասարակությունը պետք է համոզված լինի, որ եթե Փաշինյանի իշխանությունը գնա, գալու է մի հատ ուրիշ իշխանություն, որն ավելի արդյունավետ լուծումներ ունի արտաքին վտանգները չեզոքացնելու հարցում: Մեր ընդդիմությունը, արդարացիորեն քննադատելով Փաշինյանի քաղաքականությունը, զրո բովանդակային այլընտրանք է առաջարկում՝ ի՞նչ է անելու ինքը, եթե գա իշխանության: Էս ժողովուրդը միայն Սերժ Սարգսյանին մերժելու հիմքով մի արկածախնդրի բերել է իշխանության ու նույն գետն ընդամենը 4 տարի հետո չի մտնելու»: