Գուսանն ասաց՝ Սերո, որ մեռնեմ, ինձ կթաղես ա՜յ ընդեղ․․․

Գուսանն ասաց՝ Սերո, որ մեռնեմ, ինձ կթաղես ա՜յ ընդեղ․․․

Այսօր Գուսան Աշոտի ծննդյան օրն է։ Նրա հետ կապված շատ հուշեր ունեմ, բայց այս անգամ ներկայացնում եմ արձակագիր էդուարդ  Զոհրաբյանի պատմածը։ Էդիկի հետ միասին աշխատել ենք Գորիսի   «Զանգեզուր» թերթում։

Գուսան Աշոտը մտերիմ էր Սերո Խանզադյանի հետ։ Ուրիշ բան որ չլիներ, երկուսն էլ գորիսեցի էին։ Գուսանը մի օր Սերոյին ասում է․ 

«-Սերո, որ մեռնեմ, ինձ կթաղես ա՜յ էն բարձունքում,-Գուսանը ձեռքը մեկնեց Թոզ կապի բարձունքը, ուր օրեցօր մեծանում էր քաղաքի նոր գերեզմանատունը:
-Դու մեռիր, Աշոտ, մենք տեղդ կգտնենք,-կատակեց Սերոն:

Գուսանը, քիչ է ասել՝ նեղացավ, նա պարզապես խռովեց ու խոժոռվեց, ուզեց հեռանալ: Սերոն ամուր գրկեց նրան ու լիաթոք ծիծաղեց.
-Աշոտ ջան, ախր ի՞նչ ես անմիտ-անմիտ խոսում… Դու մահ չունես, դու անմահ ես, հավերժ ես… Մահացողը ես եմ, Սևադան է, Էդիկն է, էն պատի տակ կանգնածներն են… Քո մահը քեզանից փախել է՝ քո հանճարից սարսափած…
Գուսանի մթնած դեմքը պայծառացավ, լայն ժպտաց ու թփթփացրեց Խանզադյանի թիկունքին… »

Գուսան Աշոտին ամփոփեցին իր ուզած տեղում՝ Թոզկապում, իր ուզած բարձունքի վրա։ Այն ժամանակ դա Գորիսի նոր գերեզմանատունն էր։ Երբ Գուսանին ամփոփեցին, համարյա գերեզմաններ չկային։ Ինքն էր ու իր թագավորությունը։ Հիմա այդ գերեզմանատունը մի մեծ քաղաք է դառել։ Մայրս, որ անչափ սիրում էր Գուսանի երգերը, գուսանի մարմինն ամփոփելուց  հետո մրմնջաց. «Տեսնես, ո՞վ կպառկի Գուսանի շրջակայքում, երանի՜ նրան»: Կատակի տվի՝ մեռա՞ծ էլ է երգելու, նա բարկացավ՝ մեծերին մեռնել չկա: Հիմա մորս երազանքն իրականացված է ու Աստծո կամոք նա ապրում է Գուսան Աշոտի հարեւանությամբ, ու հիմա ես էլ եմ հավատում, որ նա լսում է Գուսանի խոսքերը.

Զա̈նգէզուրի չöլ -չöլէրը ծաղկալ էն,
Յարիս օբան հէն ա կանաչ սարումը,
Էլ ծո̈ւն չի կյա̈մ, մէծ ըռօնին թախկալ ա,
Մարթուց քյէփը շատ լա̈վ ա̈ էս տարումը։