Հնարավո՞ր է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան ինչ որ պահի` հանուն խաղաղության, համաձայնության գնան

Հնարավո՞ր է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան ինչ որ պահի` հանուն խաղաղության, համաձայնության գնան

«Հրապարակը» զրուցել է քաղաքագետ  Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ։

-Պուտինի մտածած բլից-կրիգը՝ արագընթաց պատերազմը եւ արագ հաղթանակը չստացվեց։ Պարզ է, որ սխալ հարշվարկ էր արվել եւ Ռուսաստանի ռազմական հզորության մասին պատկերացումներն էլ բավականին ուռճացված էին։ Ձեր կարծիքով՝ ո՞րն էր ճիշտ Ուկրաինայի կողմից․ առճակատման գնալն ու արյունաքամ անող պատերազմի գնալը, թե՞ Զելենսկին պետք է ավելի կոմպրոմիսային լիներ եւ համաձայնության եզրեր գտներ Պուտինի հետ ու կանխեր պատերազմը։

- Ռուս-ուկրաինական պատերազմին նախորդող շրջանում այլևս ոչինչ չէր մնում, քան պայքարել սեփական անկախության և սեփական տարածքների համար։ Այլ հարց է, որ ուկրաինական կողմն ինքն է իրեն հասցրել այն իրավիճակին, որ երկիրը կանգնել է կործանարար պատերազմի շեմին։ Այդ պատերազմը ուկրաինական կողմի՝ տարիներ շարունակ իրականացվող պրովոկացիոն քաղաքականության արդյունքն է։ Այսինքն, դա եղել է Ուկրաինայի ընտրությունը, և եթե դա էր իրենց ընտրությունը, ուրեմն արդեն պատերազմի նախաշեմին իրենց իսկապես որևէ այլ բան չէր մնում, քան պատերազմ սկսելը։ Եթե կա պատերազմ, ցանկացած երկիր պետք է փորձի մինչև վերջին ուժը, վերջին փամփուշտը պաշտպանել իր անկախությունը, իր տարածքային ամբողջականությունը, ինչն էլ հիմա անում է Ուկրաինան։ Այսինքն, երևում է, որ տարիներ շարունակ իրենք պատրաստվել են հենց այդ սցենարին։ Թե ինչ խնդիր են փորձում լուծել, սա արդեն այլ հարց է։ Կամ արդյո՞ք խնդիրը լուծողը հենց ուկրաինացիներն են, թե իրենց ինչ-որ բան թելադրող այլ քաղաքական կենտրոնները։ Բայց փաստն այն է, որ Ուկրաինայի ընտրությունն էր սա, և իրենք էլ իրենց ընտրության մեջ մինչ այս պահը հաստատակամ են։

- Այ, ասում եք իրենց ընտրությունն էր՝  պատերազմը։ Ընտրել պատերազմը ու պատրաստ լինել դրա հետագա զարգացումներին, տարբեր բաներ են։ Չէ որ Ուկրաինան չէր կարող 7 ամիս ինքնուրույն պատերազմ վարել, կսպառվեին բոլոր ռեսուրսները։

 - Այո, եթե Ուկրաինան չունենար աջակցություն, այսպիսի դիմադրություն չէր կարող ցույց տար։ Այսինքն, ինչ-որ մի պահի կսպառվեր նրա դիմադրողական ռեսուրսը և Ուկրաինան կպարտվեր այդ պատերազմը։ Բայց հիմա տեսնում ենք, որ կա այդ աջակցությունը, և քանի դեռ կա այդ աջակցությունը, իրենք մինչև վերջ կռիվ են տալու, ինչը տրամաբանական է, կարծում եմ։

- Ճիշտ է Ուկրաինան հերոսաբար պայքարում է, բայց դիմացը ձմեռ է եւ Ռուսաստանը հույս ունի, որ էներգակիրների հետ կապված ճգնաժամով հաղթելու է Ուկրաինային ու Արևմուտքին։ Ինչքանով է սա իրատեսական։

- Այն, որ ձմռանը բարդանալու է Արևմուտքի իրավիճակը, սա միանշանակ է։ Բայց իրենք էլ են հասկանում, որ բարդանալու է, այսինքն, այս պարագայում պետք է ենթադրել, որ Արևմուտքի  հաշվարկն այն է, որ հիմա ինչ-որ ժամանակ դիմադրություն ունենան, բայց երկարաժամկետ տեսակետից նոր աշխարհակարգում ունենան ավելի ազդեցիկ դեր և ավելի մեծ հնարավորություններ։ Պարզ է, որ այստեղ Ուկրաինան զոհաբերվում է, ինչպես նաև Եվրոպայի բարեկեցությունն է զոհաբերվում։ Այսինքն, այդ նպատակի հետևում կանգնած են Միացյալ Նահանգները, ինչը շատ հավանական է, ի դեպ։ Կարող եմ ասել, որ այդ զոհողությունները, մեղմ ասած, գլխավոր շահառուին այդքան էլ չի հետաքրքրելու։ Ուզում եմ ասել, որ լուրջ կորուստներ ունի նաև Ռուսաստանը՝ և մարդկային տեսակետից, և տնտեսական առումով, ըստ էության, իզոլացված վիճակում է գտնվում։ Այսինքն, մենք տեսել ենք, որ քաղաքական  և աշխարհաքաղաքական շահերը սպասարկելիս մեծ տերությունները սովորաբար նման բաների վրա քիչ են ուշադրություն դարձնում և ավելի երկարաժամկետ խնդիրներ են հետապնդում։ Կարծում եմ, որ ուկրաինական պատերազմը այդ դեպքն է։

-Երկարող պատերազմն ու տնտեսական վնասները, որ կրում է Եվրոպան, կարո՞ղ է առաջիկայում ստիպել, որ եվրոպացիները սկսեն ընդվզել այս պատերազմի երկարելու դեմ եւ իրենց իշխանություններին ստիպեն հաշտության գնալ Ռուսաստանի հետ։

-Այո, դա հավանական սցենար է և Ռուսաստանը այդ ուղղությամբ աշխատում է։ Այսինքն աշխատում է, որպեսզի հանրային ճնշման միջոցով պարտադրել իր հակառակորդներին Եվրոպայում զենքերը վայր դնել կամ դադարեցնել այդ պատերազմը։ Բայց ես չգիտեմ՝ որքանով է մեծ դրա հավանականությունը, որովհետև մեծ հաշվով հանրային կարծիքը Արևմուտքում Ուկրաինայի կողմն է։ Այո, իրենց սեփական դժվարությունները խնդիր են, խնդրահարույց են եվրոպացիների համար, բայց հանրային կարծիքը, բոլոր հետազոտութոյւնները ցույց են տալիս, որ աջակցությունը Ուկրաինայի կողմն է։ Այսինքն, այդ հակառուսականությունը հիմա բավական խորը արմատներ ունի Եվրոպայում, և կարծում եմ եվրոպական երկրների իշխանությունները փորձելու են այդ իրավիճակից դեռևս օգտվել։

- Ռուսաստանն այսօր լքում են հին ու նոր հայտնի մշակութային գործիչներ, մարդիկ, ովքեր դեմ են ռուս-ուկրաինական պատերազմին։ Եթե Ռուսաստանին հաջողի հաղթանակ արձանագրել այս պատերազմում, կների՞ արդյոք Ռուսաստանը երկիրը լքած մարդկանց։

- Սրանք, իհարկե, դժվար հարցեր են, իրենց ներքին որոշումը պետք է լինի։ Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ արդարությունը պահանջում է, որպեսզի չներեն նման մոտեցումը։ Եթե կա պատերազմ, եթե զոհվում են քո երկրի զինվորները և տուժում է բնակչությունը, այդ թվում նաև այդ պատերազմից, և ներսում ահա այդպիսի քարոզչություն է սկսվում, դա, իհարկե, հինգերորդ շարասյան նշաններ են, այլ ոչ թե զուտ անհամաձայնության։ Կարելի էր այդ անհամաձայնությունը շատ այլ ձևերով հայտնել, կամ փորձել ինչ-որ հանրային մակարդակով լուծումներ գտնել, նաև ուկրաինացիներին համոզելու, որ այդ պատերազմի շարունակությունը անհեռանկարային և կործանարար է երկուսի համար։

-Հնարավո՞ր է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան ինչ որ պահի որոշեն կիսել ուկրաինական տարածքները եւ հանուն խաղաղության զիջեն դիրքերը ու համաձայնության գնան։

- Գիտեք, այս էլիտաների պարագայում չէ, չկա նման հնարավորություն։ Ինչ-որ մի տեղ պետք է իշխանափոխություն լինի, որ կարողանան, նորից երկխոսություն սկսեն։ Հիմա այնքան կարմիր գծեր են հատված, որ նման պայմանավորվածությունների հնարավորություն չկա։ Այլ  հարց է, որ Ուկրաինան սպառվի, այլևս տեսնի, որ կարող է ամբողջը կորցնել և դրա վախից համաձայնվի, որ ինչ-որ մասը հանձնի։ Բայց դա արդեն պարտադրված որոշում կլինի, այլ ոչ թե՝ համաձայնություն։