Փակեք այդ էջը՝ դուք չեք կարող առաջիկա 10 տարին կառուցել 2020 թվականի իրադարձությունների վրա

Փակեք այդ էջը՝ դուք չեք կարող առաջիկա 10 տարին կառուցել 2020 թվականի իրադարձությունների վրա

ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը հանգրվանել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղպայմանագրի» ցուցակի երկրորդ տասնյակում՝ 14-րդն է։ Զրուցել ենք Արսենյանի հետ։

- Ինչո՞ւ նախընտրեցիք իշխանության թիմը՝ այն էլ պատերազմից, այս մեծ աղետից հետո։

- Ես քաղաքական նույն թիմի հետ եմ մասնակցում ընտրություններին, որովհետեւ այդ քաղաքական թիմին բացահայտ, հրապարակային աջակցություն եմ ցուցաբերել իրենց իշխանության գալու օրվանից։

- Պատերազմը Ձեր կյանքում ոչինչ չի՞ փոխել։

- Մեր կյանքում պատերազմը փոխել է հետեւյալը, որ եղել է պատերազմ։ Մեր կյանքում եղել են համաճարակ, տնտեսական ճգնաժամ, եղել է նաեւ սոցիալական ճգնաժամ, երբ հասարակության նկատմամբ ատելության, կեղտի ու մարդկային ստորության դռները բացվեցին, եւ հարձակում գործվեց հայ հասարակության վրա՝ ողջ ուժով, նոյեմբերի 9-ից հետո։

- Ո՞ւմ կողմից։

- Ակնհայտ է՝ ում կողմից։

- Ատելության մթնոլորտ ձեւավորելու հարցում առաջատարը գործող իշխանություններն են, սա կփաստեն շատերը։

- Ատելության մթնոլորտի եւ այն իրադարձությունների վերաբերյալ, որոնք տեղի ունեցան Հայաստանում, իշխանությունները ոչ մի կապ չունեն։ Եթե քննադատության փոխարեն իրականացվում է մարդու անձի, ընտանիքի անդամի, կնոջ, երեխայի, ծնողի նկատմամբ ստորացուցիչ մոտեցում, դա իմ համար բացարձակապես անընդունելի է, ինչը որ փորձեց անել ընդդիմությունը՝ փորձելով ձեզ բացատրել, թե մենք հիմա ձեզ կփրկենք։

- Եթե անգամ այդպես է, չմոռանանք, թե ովքեր են այդ մթնոլորտը ձեւավորելու ռահվիրաները՝ պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում, եւ շարունակում են նաեւ այսօր։

- Դուք ինձնից եք հարցազրույց վերցնում, ընդունեք իմ տարբերակը, իմ տեսակետը, ընկալումը։ Ես կրկնում եմ՝ իշխանության գալու առաջին օրվանից պաշտպանել եմ այս քաղաքական ուժին, ընդ որում՝ քննադատությամբ, իրենց անարդյունավետ գործունեության, չարածի կամ վատ արածի համար, սակայն գտնում եմ, որ եկել է մի պահ, երբ մենք բոլորս՝ այն մարդիկ, ովքեր մտածում են Հայաստանի եւ ՀՀ քաղաքացիների ապագայի մասին, ուս-ուսի պետք է տանք ու անցնենք մեր քարքարոտ ու փշոտ ճանապարհը, որը կոչվում է երկրի ու հասարակության հետպատերազմյան վերականգնում։ Մենք ոչ մեկին թույլ չենք տա, որ փլի մեր հասարակությունը, մեր տունը, մեր հայրենիքը, որովհետեւ մենք մեր հայրենիքի պատասխանատուներն ենք։

- Ձեզ՝ ապագա խոստացողներիդ, շարքային քաղաքացիները հակադարձում են, որ ձեզ հետ անգամ ներկա չկա, ներկան հայ-ադրբեջանական խարխուլ սահմանն է, նոր գերիները, նոր տարածքների զիջումը․․․

- Որպեսզի մենք հասկանանք՝ կա՞ արդյոք  ճանապարհ՝ ներկա եւ ապագա քաղաքական այն թիմի հետ, որի հետ ես գնում եմ ընտրության, դրա համար իրականացվում է ընտրություն։ Ընտրությունը մարդկանց հավաքական կամքի արտահայտությունն է, երբ ընտրության արդյունքները կամփոփենք, կմտածենք, թե ինչ է մտածում եւ ինչպիսի որոշումներ է կայացնում մեր բնակչությունը։

- Պարոն Արսենյան, մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանին սիրողներն ու վստահողներն առանձնապես աչքի չեն ընկնում ինտելեկտով, այնպիսի հայտարարություններ են անում, որոնք մարդու ուղեղում չեն տեղավորվում, բայց Դուք․․․ ինչպե՞ս եք ապագան պատկերացնում մի իշխանության հետ, որը պատշաճ վերաբերմունքի չի արժանացնում անգամ պատերազմում ընկածներին․ 7 ամիս պարկերում, նկուղում պահվող մասունքների նկարը, վստահ եմ, տեսել եք․․․

- Այն, ինչ Դուք ասում եք, ֆաշիզմի կոմպոնենտներից մեկն է, 21-րդ դարում ապրող լրագրողին չի սազում կրկնել ֆաշիզմի դրույթները, որովհետեւ միայն ֆաշիստական համակարգերն են կրթական ցենզ մտցնում ու դրա առկայության դեպքում հնարավորություն տալիս մարդկանց ձեւավորել իշխանություն՝ ընտրության միջոցով։ Մենք ֆաշիստական ժողովուրդ չենք, մենք մարդատյացների հավաքական չենք, հայ ժողովուրդ ենք, որի մեծամասնությունը կձեւավորի իր իշխանությունը։

- Մարդասիրության դրսեւորո՞ւմ է իմ հիշատակած տեսարանը, որի պատասխանատուն այս իշխանությունն է։

- Հիմա ինձնից ինտերվյո՞ւ եք վերցնում, թե՞ բան համոզում․․․ Դուք ինձ համոզում եք մի բան, որի վերաբերյալ միայն կադրեր ենք տեսել։ Հիմա ուզում եք ես բացատրեմ զոհված զինվորների աճյունների պահպանման տեխնոլոգիա՞ն, ես դրա մասնագետը չեմ։

- Բայց ֆաշիզմի մասնագետ եք, ասացեք, խնդրեմ, երբ Փաշինյանը երկու օր առաջ կոչ էր անում քաղաքացիներին հունիսի 20-ը վրեժի օր դարձնել, դա ֆաշիզմի դրսեւորո՞ւմ է, թե՞ ոչ։

- Եթե ուզում եք ֆաշիզմի դրսեւորումն իմանաք, ֆաշիզմն ունի 14 հատ առանձնահատկություն, ես հղումով աշխատություն կուղարկեմ, որտեղ մանրամասն, ռենտգենով նկարագրված է՝ ինչ է ֆաշիզմը։

- Կարծում եմ՝ ֆաշիզմի առանձնահատկություններով խոր հետաքրքրություն կցուցաբերեն այն թիմում, որտեղ հանգրվանել եք, իրենք են ամեն օր նման դրսեւորումներ ունենում, ես կոնկրետ հայտարարություն նշեցի։

- Ես կխնդրեմ, որ Դուք Արսենյանի կարծիքը հարցնեք, ոչ թե․․․ Վաղը կարող է հարցնես՝ հայտնի երգչուհի Ռիհաննան այսպիսի շարժում արեց, ես ասում եմ՝ Արսենյանը դրա հետ կապ չունի։

- Եթե գաք իշխանության, ինչպիսի՞ ապագա եք խոստանում։

- Կասկածո՞ւմ եք, որ կգանք։

- Երեւի միայն ձեզ են նախապես հայտնի ընտրությունների արդյունքները։ Ինչո՞ւ պիտի քաղաքացիներն այս իշխանությանը ձայն տան։

- Որովհետեւ սա իրենց իշխանությունն է, որովհետեւ այս իշխանությունն իրենց չի թալանում, որովհետեւ էս իշխանությունն իրենց երեխեքի ապագան չի ծախում, իրենց կրթությունը չի վերածում տգիտության, որովհետեւ այս իշխանությունը յախշիների իշխանություն չի, բանդաների իշխանություն չի, մարդիկ կարո՞ղ է սա չեն տեսնում ու չեն հասկանում, ես էլ էն մարդկանցից մեկն եմ, ով ծերից ծեր է տեսնում էդ ամեն ինչը, ոտից գլուխ, ռենտգենի նման՝ ով ինչ էր ու ոնց էր ու ինչ է դառել, ու հիմա ինչի են ուզում էլի հետ գան։ 

- Իշխանությունը երեխաների ապագան չի ծախի, բայց քանի՞ հազար երիտասարդի ապագա խորտակեց, պաշտոնական թվով մոտ հինգ հազար երիտասարդ սպանեց։

- Իշխանությունները չեն սպանել, ադրբեջանցիներն են սպանել։

- Իսկ լսե՞լ եք, որ Փաշինյանն ասում էր՝ պատերազմը շուտ չդադարեցրի, որ ինձ դավաճան չասեն, այսինքն՝ տղաներին մահվան բերան էր ուղարկում, որ իրեն դավաճան չասեին։

- Ձեր հարցերն իմ դուրը չեն գալիս, ու ես պատվերի միտում եմ նկատում։

- ՀՀ գիտակից քաղաքացիների պատվերն եմ կատարում։

- Զանգել ես ինձ՝ քարոզ անես, որ չմասնակցե՞մ, մասնակցելու եմ, հերներն էլ անիծելու եմ դրանց ու ցույց եմ տալու՝ ովքեր են իրենք։ Մենք ուզում ենք, որ Հայաստանի համար լավ լինի, իրենք ուզում են, որ իրենց համար լավ լինի, հասկացա՞ք։ Բոլորի հանցագործությունները դրվելու են ժողովրդի առաջ։

- Մենք տեսանք, թե ինչ եք անում, որ երկրի համար լավ լինի․․․ տեսել ենք, թե Հայաստանի եւ Արցախի հետ այս իշխանություններն ինչպես վարվեցին, ուզենալը մի բան է, կարողանալը՝ մի բան։

- Մենք արդեն մտանք բժշկության մեջ, ընդեղ մի հատված կա, չէ՞, սեքսոպաթոլոգներն են դրանով զբաղվում, ախպեր, ասում է՝ շատ եմ ուզում, բայց չեմ կարողանում։ Մենք պետական կառավարումից ենք խոսում։

- Ինչի՞, չե՞ք լսել, որ այս իշխանություններին մեղադրում են ոչ մի բան չկարողանալու, «իմպոտենտության» մեջ։

- Ձեռները քարի տա՞կ է, բա չէի՞ն կարում մի երկու հատ վիագրա առնեին, տային հարազատ իշխանությանը, ասեին՝ կարողացի։

- Ձեր սիրելի իշխանությունն է, Դուք առնեիք՝ տայիք։

- Այ, հիմա մասնակցում ենք, մենք մինչեւ օրս ո՛չ մաս ենք եղել իշխանության, ո՛չ բան։ Շարադրել ենք մեր կարծիքը, ասել ենք՝ սա ճիշտ է, սա՝ սխալ, ժողովուրդ ջան, փորձ չունեք՝ հարցրեք փորձառուներին։ Հիմա հրավիրել են, մասնակցում ենք, էն ժամանակ ասում էիք՝ վատ է, որ չկան փորձառուներ, հիմա հրավիրել են, ասում եք՝ վատ է։
Բավական է, փոխանակ իմ տեսլականի մասին հարցնես, պիտի Փաշինյանի ոսկորներն աղայիր՝ ինքը սենց, ինքը ընենց, անցեք էդ էջը, առաջ շարժվեք, պատմության այդ էջն արդեն տեղի է ունեցել, դուք չեք կարող առաջիկա տասը տարին կառուցել 20 թվականի իրադարձությունների վրա։ Չի լինում էդպես, հետ եք մնալու։

- Հրանտ Մաթեւոսյանն ասում էր՝ մարդն անասունից հիշողությամբ է տարբերվում․․․ ուզում եք ո՛չ հիշենք, ո՛չ պատասխանատվություն լինի։

- Եթե խաբար չես՝ իմացիր, մարդն անասունից տարբերվում է աբստրակտ մտածելակերպով։