40 F-35 Հունաստանին, 40 F-16 Թուրքիային եւ 30-օրյա ժամկետ

40 F-35 Հունաստանին, 40 F-16 Թուրքիային եւ 30-օրյա ժամկետ

Ռուսները մի արտահայտություն ունեն՝ «мальчик на побегушках», ինչը նշանակում է այս ու այն կողմ վազվզող տղայիկ։ Անցյալ շաբաթ Թուրքիայի իշխանության վազվզոցը՝ սկզբում մի-երկու օր Անկարայում, հետո շնչակտուր՝ Անկարա-Նյու Յորք չվերթով դեպի ԱՄՆ, հետո Նյու-Յորքից նույն օրը ինքնակոտոր լինելով՝ Վաշինգտոն, այլ տպավորություն չեն թողնում, քան «мальчик на побегушках» արտահայտությունը։ Եվ ինչո՞ւ են այդպես վազվզել․․․ որպեսզի Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտի Թուրքիայի կողմից վավերացվող արձանագրությունը մինչեւ ուրբաթ երեկո հանձնեն ԱՄՆ պետդեպին, քանի որ ԱՄՆ պետդեպարտամենտն է ՆԱՏՕ-ի համաձայնագրերի, արձանագրությունների, փաստաթղթերի պաշտոնական ավանդապահը (depositary): 

Չասենք Թուրքիան, ասենք նախագահ Էրդողանը, իրեն վստահաբար ապուշի տեղ է դրել այդպես վազվզելով, քանի որ մինչ այս՝ 2022-ի գարնանից սկսած Էրդողանը աջուձախ դատարակախոսում, մեծախոսում էր, թե կարող է Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին արգելափակել։ Էրդողանին երեւի թվում էր՝ Թուրքիան իրենից մի այնպիսի գործոն է ներկայացնում, որ ՆԱՏՕ-ում Թուրքիայի հետ պետք է հաշվի նստեն, մտածեն՝ ինչպես գոհացնեն։ Նման դեպքերի համար են ասում՝ հավը երազում կորեկ է տեսնում․․․  

Եվ ինչե՜ր էր շաղակրատում Էրդողանը ամբողջ մեկեւկես տարի․․․ է´լ համարյա շաբաթական ռեժիմով Շվեդիայից քրդերի արտահանձնում պահանջել, է´լ Ստոկհոլմում Ղուրան այրելուց հետո երդվել, որ Շվեդիայի մուտքը ՆԱՏՕ կարգելափակի, իր խրտվիլակը Ստոկհոլմում գլխիվայր կախելուց հետո էլ երդումները սաստկացնել, որ Շվեդիան երբեք ՆԱՏՕ չի մտնի, Թուրքիան այս կանի, Թուրքիան այն կանի․․․ Մի ամբողջ տարի այդպես դատարակախոսելուց, երդում-պատառ լինելուց, եւ բնականաբար ոչնչի չհասնելուց հետո 2023-ի ամռանը, ՆԱՏՕ-ի վիլնյուսյան գագաթնաժողովում Էրդողանը գետնաքարշության աստիճան համեստացավ եւ հայտարարեց, որ ոչ այս, ոչ այն՝ Շվեդիայի անդամակցության դեմ Թուրքիայի առարկությունները հանում է։ ՆԱՏՕ-ի մեծացող ճնշման ներքո, թե ԱՄՆ շեշտակի ապտակից սեփական առանցքի շուրջ այդպես 180 աստիճան պտտվելուց եւ ամբողջ մեկ տարվա դայլայլոցների ճիշտ հակառակը երգելուց հետո Էրդողանը ձեռքի հետ էլ սկսեց «մեզ փետուրներ պետք չեն» հոգեվիճակում զառանցել, թե Շվեդիայի անդամակցության դեմ առարկությունները հանելու դիմաց զորօրինակ ԵՄ անդամակցություն է պահանջում․․․։

Պարզ էր, որ ԵՄ անդամակցության թեման Թուրքիայի համար բացարձակապես փակ է, եթե, իհարկե, երբեւէ իրապես բաց է եղել, պարզ էր, որ Շվեդիան ոչ մի քուրդ էլ Թուրքիային չի հանձնի (գուցե քրդերը որեւէ պաշտպանության արժանի չեն, բայց Էրդողանն էլ արժանի չէ ինքնահաստատման թեմա ստանալու), պարզ էր, որ ինչպես «կատվի վազքը մինչեւ մարագն է», այնպես էլ Թուրքիայի գլուխ ցավեցնելը մինչեւ ՆԱՏՕ-ից դուրս շպրտվելու սպառնալիքին բախվելն է։ Թուրքիային միշտ, երբ հարկավոր է եւ ինչպես հարկավոր է ՆԱՏՕ-ում կհամեստացնեն եւ տեղը կստեցնեն, քանի որ Թուրքիան չինտեգրվող, օտար մարմին է քաղաքկիրթ ու քրիստոնյա երկրների այդ ակումբում, որտեղից վաղ կամ ուշ պետք է հեռացվի։ Արդեն մի քանի տարի Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու կոչերը դաշինքի անդամ երկրներում, այդ թվում ԱՄՆ-ում ավելի ու ավելի հաճախ եւ բարձր են հնչում՝ ներառյալ Կապիտոլ Հիլում։ 

Ի սկզբանե պարզ էր, որ Էրդողանը Շվեդիայի անդամակցության դեմ առարկություններն ի վերջո, ականջները կախ հանելու է՝ ոչինչ էլ չստանալով, ընդամենը ՆԱՏՕ-ից դուրս չհեռացվելու հեռանկարի դիմաց։ Բայց այ թե Շվեդիայի մուտքը ՆԱՏՕ չարգելափակելու համար Թուրքիան ինչ հարված կստանա Ռուսաստանից, դա դեռ պետք է տեսնել։ Իհարկե, ռուսները հրապարակավ կհայտարարեն, թե ՆԱՏՕ-ի ընդլայնումը, նոր անդամներ ընդունելը կամ դրան ընդդիմանալը դաշինքի անդամների ներքին գործն է, բայց Պետրոս Մեծի՝ դեպի Եվրոպա բացած պատուհանի՝ 300 տարի անց շրխկոցով փակվելը Ռուսաստանի դեմքին, երբ Շվեդիան եւ Ֆինլանդիան հարյուրամյակների չեզոքությունը թողնելով անդամակցեցին հակառուսական ռազմական դաշինքին եւ Բալթիկ ծովը վերածեցին ՆԱՏՕ-ի փակ ծովի, այնպիսի տեղաշարժ չէ, որի հետ Ռուսաստանը դյուրությամբ համակերպվի ու մեկից վրեժ չլուծի։ Թուրքիան կատարվածի համար կհատուցի, քանի որ ինքնակոչ, Ռուսաստանի հորդորով, թե  Ռուսաստանի սպառնալիքով Ֆինլանդիայի եւ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցություն թույլ չտալու առաքելություն էր իր վրա վերցրել եւ այն շառաչուն տապալեց։ 

Այդքանով էլ միանգամայն հետաքրքիր է, թե Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները այսուհետ ինչպես կդասավորվեն, բայց ներկա պահին, երբ ողջ աշխարհի առջեւ Էրդողանը ձեռնունայն եւ ականջները խոնարհած վավերացրեց Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու արձանագրությունը, թվում է՝ Էրդողանի ու իր վարչակազմի ներկա խնդիրը ներքին լսարանին աղմկարարությամբ զբաղեցնելն ու համոզելն է, թե Թուրքիան էլ ինչ-որ բան ստացել է։ Իրականում Թուրքիան ստացել է միայն խոստում, որ ԱՄՆ-ի իրեն առաջիկա տարիների ընթացքում 40 F-16 կործանիչներ կվաճառի, եթե առաջիկա 30 օրում Կոնգրեսից այդ գործարքի դեմ առարկություններ չստացվեն։ Ընդսմին այդ 40 F-16-երը Թուրքիան ստանալու է, քանի որ Հունաստանը ստանում է նույն քանակությամբ, բայց ավելի նորարար ու արդյունվետ  F-35 կործանիչներ։ 

Նախագահ Ջո Բայդենը դեռ  անցյալ տարի, ՆԱՏՕ-ի վիլնյուսյան գագաթնաժողովի նախօրեին հայտարարել էր, որ իրեն իմաստալից է թվում միաժամանակ Թուրքիային F-16 եւ Հունաստանին F-35 վաճառելը, քանի որ երկու դեպքում էր վաճառվող սպառազինությունը վերջնահաշվում ՆԱՏՕ-ի արսենալում է հայտնվում, եւ եթե Թուրքիային կործանիչ վաճառելով նաեւ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ի կազմ ընդգրկելու խնդիրն է լուծվում,  դա եռակի հզորացնում է ՆԱՏՕ-ն։ Բայց այդ երեք հարցի փոխկապակցումը ԱՄՆ-ի կողմից դեռ դիտարկման փուլում է։

Այժմ կես տարի անց, նայելով նրան, թե Անկարան ինչպես նույն շաբաթվա ընթացքում՝ 2024-ի հունվարի 23-ին երկրի խորհրդարանում վավերացրեց ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը, հունվարի 25-ին նախագահ Էրդողանը այն ստորագրեց, 26-ին վազելով, նավարկելով, թռչկոտելով երկու ծով, մեկ օվկիանոս անցնելով արձանագրությունը հասցրեցին Նյու-Յորք, այնտեղից էլ շնչակտուր՝ Վաշինգտոն, որպեսզի պահ տան Պետդեպարտամենտին, ենթադրում ես, որ նման ծիծաղաշարժ վազվզոցի համար մի բացատրություն պետք է լինի։ Հավանաբար Անկարան այդպես վազվզել է, որպեսզի Պետդեպարտամենտից Կոնգրես ուղարկվի զենքի վաճառքի միաժամանակ երկու գործարքների մասին ծանուցում՝ Հունաստանին վաճառվող F-35 կործանիչների եւ Թուրքիային վաճառվող F-16-երի, երեւի հուսալով որ այդ սոուսի տակ, կարող են Կոնգրեսի առարկություններից խուսափել, ինչից տարիներ շարունակ չեն կարողացել։ Ընդսմին ամռանը, երբ Պետդեպը ոչ պաշտոնապես էր Կոնգրեսին ծանուցել Հունաստանին եւ Թուրքիային կործանիչների հնարավոր վաճառքի մասին, Կոնգրեսի հանձնաժողովներից մեկի նախագահը հայտարարել էր, թե Թուրքիային կարելի է տալ F-16, միայն այն դեպքում եթե Հունաստանին տրվի F-35, որովհետեւ Հունաստանը պետք է սպառազինության հստակ առավելություն ունենա Թուրքիայի հանդեպ։ Հետո Թուրքիայից աղմկել էին եւ այդ հանձնաժողովի նախագահի խոսքը նրա խոսնակը մեկնաբանել էր։ 
    Այս անգամ Թուրքիան կստանա Կոնգրեսի համաձայնությունը F-16-երի վաճառքին, թե ոչ՝ կերեւա մեկ ամսից, քանի որ Կոնգրեսում Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի՝ Արտաքին հարաբերությունների  հանձնաժողովները 30-օրյա ժամկետ ունեն առարկություններ ներկայացնելու համար։ Եթե առարկություններ չլինեն, գործարքը կարող է կնքվել, բայց թե դրանից հետո քանի տարում F-16-երը կհասնեն Թուր քիա, երբ առաջին կործանիչը Թուրքիայի հողի վրա կիջնի եւ այդ ժամանակ որտեղ կլինի Էրդողանը, կամ երբ կժամանի վերջին՝ 40-րդ կործանիչը ու այդ ժամանակ որ անդունդում կլինի Թուրքիան, որի տնտեսությունը լճանում եւ ազգային արժույթը անպատկերացնելի տեմպերով արժեզրկվում է՝ այդ անփառունակ ընթացքում զիջելով միայն արգենտինյան պեսոյին, դեռ պետք է տեսնել։ 40 կործանիչի մատակարարումը տարիներ կտեւի, եթե, իհարկե, սկսվի եւ հետո՝ մի պատճառով ու պահի հանկարծ չընդհատվի։