Ավտովթարից մեկ տարի անց զինծառայողի նկատմամբ գործ են հարուցել, խոշոր գումար են պահանջում

Ավտովթարից մեկ տարի անց զինծառայողի նկատմամբ գործ են հարուցել, խոշոր գումար են պահանջում

Գյումրեցի ժամկետային զինծառայող Ռազմիկ Ենգոյանը ծառայում է Վայքի զորամասերից  մեկում։ Զինծառայողի հայրը՝ Երվանդ Ենգոյանը, hraparak.am-ին վստահեցրեց, որ ծառայության այս մեկ ու կես տարվա ընթացքում որդին թե զորամասից եւ առհասարակ բանակային կյանքից դժգոհություններ չի հայտնել։ Միակ դիպվածը, որ գրանցվեց, ուղիղ մեկ տարի առաջ որդու մասնակցությամբ ավտովթարն էր։Ռազմիկը բանակ է զորակոչվել վարորդական իրավունքը ձեռքին, բանակում կրկին քննություն է հանձնել եւ նրան են  վստահել  զինվորներին դիրքից  զորամաս եւ զորամասից դիրք հերթափոխի  համար նախատեսված կամազներից մեկը։ 2022թ-ի հունիսի 7-ին հերթական հերթափոխի ժամանակ, երբ մեքենայում 11 զինծառայող է եղել, Վայքի Մալիշկա գյուղի ավտոճանապարհին, մեքենայի ղեկին գտնվող Ռազմիկ Ենգոյանը կորցրել է կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից եւ մեքենան կողաշրջվել է։ Բարեբախտաբար, զիննծառայողներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնացել, միայն թեթև մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություններ։ 

Սակայն դեպքից ուղիղ մեկ տարի անց ,անակնկալ կերպով հայտնվել է քննիչն ու զինծառայողին տեղեկացրել, որ գործ է հարուցված, եւ զինծառայողը մեծ գումար է պարտք։

«Էն ժամանակ, երբ դեպքը եղավ, տղաս ցուցմունք էր տվել ռազմական ոստիկանությունում, ասացին, որ ժամկետային զինծառայողը պատասխանատվություն չի կրում, բացի այդ , Ռազմիկի մեղքը ապացուցված չէր։  Իրենք կալոնայով էդ օրը Հոկտեմբերյան են գնալուց եղել, պատմում են, որ հետևից մի մարդատար փոքր մեքենա, արագությունը գերազանցելով, մտել է մեքենայի տակ։ Երեխեն զգացել է, որ դա մտնում է մեքենայի բակի տակը, փորձել է խուսափել, էդտեղ ճանապարհը հարթ էր, գրունտը փափուկ ավազ էր, ես ինքս եղել եմ  տեղում։ Հետաքրքիրն էն է, որ իրենց մեքենան շրջվելուց հետո, էդ սպիտակ մեքենան անհետացել է, մենակ գիտեմ, որ պատմել են, թե տղայիս հենց ավտոնեքենայից օգնել է դուրս գալ էդ մեքենայի վարորդը, որից հետո հեռացել է դեպքի վայրից։ Ինչևէ, դեպքից մեկ տարի անց, երբ ավտովթարի մասնակից բոլոր զինծառայողներն արդեն զորացրվել են, անցած շաբաթ տղայիս մոտ է գնում քննիչը, հայտնում, որ օրենք է փոխվել, գործը քաղաքացիական դատարանն է քննում , փորձագետը մեքենայի վնասի չափն է որոշել, 2մլն․ 850 հզր դրամի սահմաններում գումար են ուզում, ու տղաս պիտի վճարի, եթե ոչ՝ գործը դատարան է մտնում, իրեն կամ կդատեն, կամ հարկադիրով կգանձեն։ Նշեմ, որ ավտովթարի մասնակից վերջին զինծառայողը ը քննիչի այցից 2 օր առաջ էր զորացրվել, այսինքն՝ գործով այլևս վկաներ չկան։ Սպասեցին՝ բոլորը զորացրվեցին, նոր հիշեցին եւ քաղաքացիական դատարանում գործ հարուցեցին։ Հիմա՝ ի՞նչն է ինձ ամենից շատ մտահոգել ։ Ճի՞շտ է, ես թոշակառու մարդ եմ, բայց իմ երեխու համար գիշեր-ցերեկ էլ կաշխատեմ, էդ գումարը կտամ, մենակ թե իմ երեխեն ողջ-առողջ վերադառնա, բայց  ինձ իմ երեխու հոգեվիճակն է հետաքրքրում։ Քննիչը նախանցած ուրբաթ՝ երեկոյան' ժամը տաս անց կեսի  սահմաններում, գնում է զորամաս, կանչում են երեխուն՝ առանց աֆիցերի ներկայության, ու ասում ՝ էսքան փող պիտի տաս։ Տղաս էլ շատ լավ իմանալով իր ընտանիքի նյութական վիճակի մասին, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ մտածմունքների մեջ է ընկնում։ Բա ո՞ր իմ տղան մի քիչ հոգեպես թույլ լիներ ու գնար ինքնավնասման կամ այլ քայլի, քի՞չ են էդպիսի դեպքեր եղել »,- hraparak.am-ին պատմեց զինծառայողի հայրը՝ Երվանդ Ենգոյանը՝ շարունակելով․ «Վրան անփույթ վարորդի հոդված են դրել, շտաբի պետն ասել է՝ եկեք,  ստուգեք, կտեսնեք՝ ինչպիսի՞ վարորդ է ։ Իրեն անգամ չեն հարցաքննել, միակ բանը ռազմական ոստիկանությունում տրված բացատրագիրն է, անհասկանալի է, թե գործը ոնց հասավ քաղաքացիական դատարան, մեկ տարի հետո ինչու՞ որոշեցին երեխու վրա գործ հարուցել, իրեն էն ժամանակ դեռ շտաբի պետն էլ ասել էր, որ դրական բնութագիր է տվել, զգուշացրել էր որդուս, որ նայի՝ հանկարծ քննիչի ճնշման տակ սխալ ցուցմունք չտաս։ Հարց է առաջանում՝ իսկ գործին մասնակից որևէ մեկը քննվե՞լ է, թե՞ ոչ։ Ես հիմա ուզում եմ, որ որդիս իր  անձնական փաստաբանն  ունենա, քննիչին դիմել է տղաս, թե փաստաբանս ցանկանում է գործին ծանոթանալ, գիտե՞ք՝ ի՞նչ է պատասխանել․  «Թե՝ նախաքննական շրջանը չի ավարտվել, փաստաբանդ էլ շատ բան է ուզում․․․․»։

Գործի հետ կապված մանրամասներ ճշտելու նպատակով եւ պարզաբանում ստանալու համար  hraparak.am-ը կապ հաստատեց նաև Ռազմիկ Ենգոյանի գործով քննիչ Աշոտ Բաղրամյանի հետ։ Վերջինիս ամենից շատ հետաքրքրեց, թե որտեղից մեզ իր հեռախոսահամարը, հետո ասաց, թե նախաքննական գաղտնիք է, ինքը որևէ տեղեկություն հայտնելու իրավունք չունի, եւ առհասարակ պետք չէ իրեն անհանգստացնել,  լրացուցիչ ինֆորմացիա ստանալու համար դիմենք միայն  ոստիկանության մամուլի քարտուղարություն։