ՄԱԿ ԱԽ-ից չափազանցված ակնկալիքներ չգեներացնենք 

ՄԱԿ ԱԽ-ից չափազանցված ակնկալիքներ չգեներացնենք 

ՀՀ Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Հանրայինի» եթերում երեկ խոսում էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Արցախի իրավիճակի եւ Լաչինի միջանցքի առնչությամբ Հայաստանի ներկայացրած դիմումի եւ ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստի մասին։ Մարուքյանը նշեց, որ Հայաստանի ակնկալիքն այն է, որ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը համապատասխան քննարկումների արդյունքում ընդունի համապատասխան որոշումներ։ Վերջինս նաեւ ներկայացրեց մի քանի օրինակ, թե ՄԱԿ ԱԽ-ն ինչ որոշումներ կարող է կայացնել: Օրինակ, կարող է որոշում լինել, որ ՄԱԿ-ի հումանիտար աջակցության գրասենյակի միջոցով հումանիտար օգնություն տրամադրվի, կամ` փաստահավաք խումբ ուղարկվի: Եւ վերջին հաշվով Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ որոշման կատարման վերաբերյալ բանաձև լինի, որ Ադրբեջանին ևս մեկ անգամ պարտադրի ի կատար ածել դատարանի որոշումը։ Մարուքյանը նկատեց, որ ՄԱԿ ԱԽ զինանոցը շատ ընդարձակ է։ Սակայն, ինչպես ինքն է նկատել, մենք էլ արձանագրենք, որ «մեծ զինանոց» ունենալով հանդերձ, առանցքային հարց է այն, թե այդ զինանոցի որ «զինատեսակը» կկիրառի ՄԱԿ Անվտանգության խորհուրդը, կամ կկիրառվի՞ ինչ որ «զինատեսակ», թե ոչ եւ առհասարակ` ինչ հետեւություններ կարվեն քննարկումների արդյունքում։ 

Իսկ հետեւություններ անելը օգտակար կլինի թե առհասարակ, թե Հայաստանի իշխանությունների համար։ Խնդիրն այն չէ, թե Հայաստանն ինչու է դիմել ՄԱԿ ԱԽ։ Դա պաշտոնական Երեւանի իրավունքն է, եւ բոլոր պետություններն ունեն այդ իրավունքը։ Խնդիրը նաեւ այն չէ, թե արդյոք այդ դիմելը «անհուսության ճի՞չ» է իրենից ներկայացնում, թե այլ բան։ Խնդիրն այն է, որ Հայաստանի գործող իշխանությունները դեռ այժմվանից պետք է համապատասխան աշխատանք տանեն ներքին լսարանի հետ, որպեսզի ՄԱԿ ԱԽ-ից չափազանցված ակնկալիքներ չլինեն։

Ի վերջո, ներկա իրավիճակում, երբ նույնիսկ ՄԱԿ ԱԽ-ն է վերածվել Արեւելք-Արեւմուտք առճակատման հարթակի եւ Արցախյան հարցը կամ առհասարակ՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարցը սկսել է ընկալվել այդ Արեւելք-Արեւմուտք առճակատման համատեքստում` որպես Հարավային Կովկասում գերիշխանության հասնելու միջոց, անհրաժեշտ է սթափ գնահատել իրականությունը եւ այնպես անել, որ ներքին լսարանը հետո չկանգնի հիասթափության առաջ, եթե, օրինակ, ՄԱԿ ԱԽ-ն որոշի իր «զինանոցից» ինչ որ անատամ ու միանգամայն անօգուտ «զինատեսակ» կիրառել մեր հետ կապված։