Սա նման է 1937 թվականին, ժողովրդավարությունը նահանջում է

Սա նման է 1937 թվականին, ժողովրդավարությունը նահանջում է

Հայաստանում ժողովրդավարությունն ու խոսքի ազատությունն օր օրի գահավիժում են և որքան էլ ՔՊ-ականները` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հայտարարեն, որ Հայաստանը «Ժողովրդավարության բաստիոն» է, թե՛ միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունները, թե՛ հայաստանյան քաղհասարակությունը արձանագրում են, որ Հայաստանում տեղի են ունենում դեպքեր, որոնք փաստում են` Հայաստանում ժողովրդավարությունը նահանջ է ապրում, ավելին այսօր տեղի ունեցողը հիշեցնում է հեռավոր 1937 թվականը:

Չորեքշաբթի օրը ոստիկանները նռնակներ նետեցին խաղաղ ակցիա իրականացնող ցուցարարների վրա, որոնց շարքերում կային նաև անչափահասներ, իսկ այսօր էլ տեղեկացանք, իրավապահները խուզարկում են GG տաքսի ծառայության գրասենյակը` այն պատճառով, որ ընկերության հիմնադիր-տնօրեն Խաչատուր Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ իր աջակցությունն է հայտնում Բագրատ Սրբազանին եւ նրա գլխավորած շարժմանը։

Փաստաբան Սերգեյ Հարությունյանն էլ մեզ հետ զրույցում նշել է, որ GG տաքսի ծառայության աշատանքը շարունակելն անհնար կլինի, քանի որ առանց դատարանի որոշման առգրավում են գրասենյակի համակարգիչները: Նշենք նաև, որ արևմտամետ հորջորջող, բայց միջնադարի մտածողություն ունցող որոշ գործիչներ էլ, որոնք Փաշինյանի համար գրպանային ընդդիմություն են դարձել, ֆլեշմոբ են սկսել GG-ի դեմ, իբրև պատժում են սեփականատիրոջը, իրենց գաղափարները չկիսելու համար: Սա վառ ապացույցն է այն բանի, որ այս մարդիկ անչափելի հեռու են արևմտյան արժեքներից և անգամ չեմ կարողանում հանդուրժել քաղաքացու սահմանադրական իրավունքները, ազատ խոսքը:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը «Հրապարակի» հետ զրույցում ասաց.

«Սա նման է 37 թվականին, ենթադրում եմ, որ կարող են այլ շատ փոքր նվազագույն հիմքեր էլ գտած լինել, հակառակ դեպքում սա պարզապես կարող ենք դիտարկել որպես անմեղսունակություն: Թեպետ այս հետապնդումը սկսել է այն բանից հետո, երբ ընկերության հիմնադիրը գրառում է արել, աջակցություն հայտնել` Փաշինյանի համար ոչ ցանկալի անձին: Այսինքն` մարդիկ պետք է լուռ ու խոնարհ, հնազանդ, անլեզու հայվանների նման ապրեն, առանց կարծիք արտահայտելու: Մինչ գրառում անելը ոչ մի խնդիր չէին տեսնում՝ GG ընկերության գործունեության մեջ, սակայն հենց այս իշխանության շահերին դեմ գնացին, անմիջապես հիշեցին բոլոր բացերը: Ցավոք, սա ոչ առաջին դեպքն է, ոչ էլ վերջին: Տարբեր մարդկանց վրա քրեական գործեր են հարուցվում` ըստ նպատակահարմարության, մարդիկ կալանավորվում են` ըստ նպատակահարմարության, դրա վառ օրինակներից մեկը Վանաձորի համայնքապետ Մամիկոն Ասլանյանի գործն է: Ու էլի կան նման գործեր», - նշեց նա:

Կարապետյանցի համար անհասկանալի է` ինչպե՞ս են որոշ շրջանակներ առաջնորդվում նեղ անձնական շահերով, մի երևույթի համար առաջ դատապարտում էին, սակայն այսօր նույն բանի համար արդարացնում են գործող իշխանությանը. «Այստեղ արևմտամետ լինելն էլ այնքան էական չէ, այստեղ ամենակարևորն այն է, որ այդ մարդիկ նախքան 2018 թվականը մի քանի անգամ մեղմ գործողությունները դատապարտում էին, սակայն այսօր արդարացնում են իշխանությանը: Ինչպե՞ս կարելի է այդպես, որովհետև մեկին համակրո՞ւմ ես, իսկ մյուսին չէ՞, դա ի՞նչ մոտեցում է, պետք է օբյեկտիվ լինել», - եզրափակեց իրավապաշտպանը։