«Հրապարակ». Բաքուն շատ է վախենում, որ մենք մեր մեջքը կուղղենք

«Հրապարակ». Բաքուն շատ է վախենում, որ մենք մեր մեջքը կուղղենք

«Հրապարակի» զրուցակիցն է ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանը:

- Բաքուն հայտարարել է, որ Ֆրանսիայի կողմից Հայաստանին տրամադրվող զենքերը նպաստում են լարվածության օջախների աճին ու Հայաստանին դրդում են ագրեսիայի: Նման հիստերիկ դրսեւորումների մեղավորը գուցե մե՞նք ենք, չէ՞ որ մենք երբեք չենք բարձրաձայնում, որ Ադրբեջանը կատաղի զինվում է, եւ չենք հասկացնում, որ ցանկացած պետություն իր ինքնապաշտպանությունը կազմակերպելու իրավունք ունի:

- Նախ սկսենք նրանից, որ այս պահին գոնե Բաքվի պատկերացումներում ինքն ու Հայաստանի Հանրապետությունը հավասար կողմեր չեն։ Բաքուն ելնում է այն կանխավարկածից, որ ինքը հաղթել է արցախյան երրորդ՝ մեզ համար ողբերգական պատերազմում, 2023 թ. սեպտեմբերին հայաթափել է Արցախն ու Ղարաբաղի խնդիրը, այսպես կոչված՝ լուծել է: Մոտավորապես այնպես, ինչպես առաջին ու երկրորդ համաշխարհային պատերազմների վերջում Գերմանիային թելադրեցին: Հիմա Բաքուն, ունենալով ռազմական, քաղաքական, տնտեսական, սոցիալական, ընդհուպ` հոգեբանական առավելություն, այդ դիրքերից է հանդես գալիս: Կենցաղային օրինակով․ երբ թաղում մի տղայի մեկն անընդհատ հայհոյում է, իսկ նա ձայն չի հանում՝ այդ վիճակն է: Հիմա այդ նույն Բաքուն ցինիկաբար հրետանային միջոցներ է ձեռք բերում, օրինակ, Սլովենիայից… լայն ռազմատեխնիկական համագործակցություն Իսրայելի հետ, այսինքն, իրեն կարելի է՝ մեզ չի կարելի: Այս ամենը միջազգային բոլոր գրված-չգրված օրենքներին դեմ է, որովհետեւ, նախ, ամեն պետության ներքին գործն է՝ զինվել-չզինվելը, եւ Ադրբեջանը, որն անընդհատ մինչեւ ատամները զինվում է եւ աչքի է ընկնում հայատյաց, ագրեսիվ պահվածքով, նման բան մեզ չպետք է ասի: Այս հայտարարությամբ ուզում է ցույց տալ, որ, տեսեք` հայերը զինվում են, դրա համար եմ ես էլ զինվում: Ավելորդ է ասել, որ սա մեր երկրի թե՛ ներքին, թե՛ հատկապես արտաքին անհաջող քաղաքականության արդյունքն է: Մենք բանը հասցրել ենք նրան, որ մեզ նման բան են ասում․ մեր իրականությունն այդ է: 2 պետությունների հարաբերություններում բալանսը խախտված է, մեր կողմը չի ուզում այդ բալանսը վերականգնել` հոգեբանական, ռազմական, սոցիալական: Մյուս կողմն էլ չի ուզում ոչինչ զիջել, այլ ձգտում է վերջնական տեքստ տալ այդ ամեն ինչին` չէ՞ որ, ի վերջո, Հայաստանի Հանրապետությունը կապիտուլացված չէ, ինչպես առաջին համաշխարհայինի վերջում Գերմանիան, երբ հաղթող ուժերը նրան պայմաններ թելադրեցին: Այո, մենք Արցախը կորցրինք, Արցախը հայաթափվեց, բայց մենք պարտված չենք: Ու իրենք շատ են վախենում, որ մենք մեր մեջքը կուղղենք, ու շատ լավ գիտեն, թե իրենց հայատյաց քաղաքականությունն ու Ալիեւի դիկտատորական ռեժիմն ապագայում ինչ պրոբլեմ են ստեղծում Բաքվի համար:

- Այսինքն՝ Ալիեւը վախե՞ր ունի:

- Հաագայի միջազգային դատարանի որոշումը կա՝ հայերի մասով, հազար ու մի հարց: Չեմ ասում, որ Արեւմուտքն արդարության մեռած է, բայց ինչ-որ տեղ, որտեղ Ալիեւն իրենց քիմքին հաճելի չի դառնա, ասենք, Պուտինի հետ շատ սերտ շփվելու պարագայում, կարող են այս ամենը մեջտեղ բերել եւ հաշիվ պահանջել: Իրենք նյարդային են, վախենում են, հաղթել են, բայց գիտեն, որ այդ հաղթանակը վերջնական չէ, եւ իրենց պետությունը, ընդհանուր առմամբ, խոցելի է: Ալիեւի դիկտատորական ռեժիմը մոտենում է աշխարհի առաջադեմ դիկտատորական, օդիոզ ռեժիմներին, կամաց-կամաց այդ տեսքն է ստանում: Հայերին հայրենազրկեց, բռնագաղթեցրեց, միջազգային որոշումների վրա ուշադրություն չդարձրեց, այս պահին էլ կանգնել՝ Ֆրանսիայի պես պետությանն է հաթաթա տալիս, Նոր Կալեդոնիայում էլ փորձում է Ֆրանսիայի համար խնդիրներ ստեղծել: Դա իրենց գործը չէ, ինչպես ամեն ընտանիքի ներքին գործն է:

- Հաշվի առնելով այդ իրավիճակը, ռազմական ոլորտում նմանատիպ համագործակցություններն ինչո՞ւ գաղտնի չեն պահվում:

- Ռազմական գործի մեջ գաղտնիք պահելն իր ե՛ւ պլյուսներն ունի, ե՛ւ մինուսները: Գաղտնի չենք պահում, մինուսն այդ աղմուկն է, չնայած իրականում դա մինուս չեմ համարում։ Պլյուսն էլ այն է, որ թշնամին տեսնում է, որ զինվում ես, ու քեզ վրա հարձակվելուց մի քիչ երկար կմտածի: Նման բաներ հայտարարելը ռազմական առումով կանխում է որոշակի գործողություններ, դեռ չասած, որ ավելի ռեալ եթե նայենք, մեր իշխանությունները ներքաղաքական խնդիրներ են լուծում, որ, տեսեք, ժողովուրդ, մենք լավն ենք, բանակն ենք զինում, չասեք՝ մենք հող հանձնող ենք եւ այլն: Գաղտնիի մինուսն այն է, որ թշնամին չի իմանում, մտածում է՝ դու թույլ ես, եւ կարող է քեզ վրա հարձակվել, բայց պլյուսն էլ այն է, որ կարծելով, թե թույլ ես, կհարձակվի, կրկնակի ուժեղ պատասխան կստանա:

- Մարիա Զախարովան անդրադարձել է Ֆրանսիայից CAEZAR հաուբիցների մատակարարման պայմանագրին, հայտարարել, որ դրանով Ֆրանսիան էսկալացիա է հրահրում, եւ այդտեղ հայկական շահի մասին խոսք չկա: Այս հայտարարությունը հայկական շահի՞ց է բխում:

- Բնական է, որ Զախարովան առաջին հերթին արտահայտում է Ռուսաստանի շահերը եւ նույնիսկ երկրորդ-երրորդ հերթում էլ Հայաստանի շահերը չի արտահայտում: Ռուսաստանն Ուկրաինայում ունենալով շատ լուրջ խնդիրներ՝ Հարավային Կովկասից դուրս է մղվում տարբեր ոլորտներից, այդ թվում՝ նաեւ ռազմական, որտեղ 200 տարուց ավելի ավանդաբար զգացել է իրեն ինչպես ձուկը՝ ջրում, ինչպես զադնի դվոռ` սեփական տան հետնամասը, որտեղ ոչ ոք մուտք չունի: Հիմա իր սեփական տարածքում եկել է իր թշնամին եւ հրետանային միջոցներ է վաճառում, ընդ որում՝ վաճառում է Ուկրաինայում իր դեմ կռվող այն միջոցները, որի հետ ինքը պրոբլեմ ունի: Ուրիշ խնդիր էլ է առաջանում` չէ՞ որ հայերը, զգալով ֆրանսիական զենքի համը, կարող են դրան անցնել, իսկ զենքի շուկան շատ պահպանողական է: Իրենց հարգող, հսկայական ռեսուրսներ ունեցող երկրները մինչեւ իրենց զենքի համակարգը փոխում են, տասնամյակներ է անցնում: 30 տարի մենք նստած էինք ռուսական զենք-զինամթերքի վրա, արդյունքում պրոբլեմ ունեցանք դրա ե՛ւ քանակի, ե՛ւ որակի հետ: Հիմա, ենթադրենք, CAEZAR-ները չենք բերում, ուզում ենք ռուսական 182 միլիմետրանոց հաուբիցներ, D30 կամ D20, ո՞վ է դրանք մեզ տալու․ ոչ մեկը, որովհետեւ դրանց շատ սուր պակաս Ռուսաստանն ինքն ունի: Հիմա ի՞նչ է Զախարովան ակնկալում՝ որ սպասենք, մինչեւ իրենք այնքան արտադրեն, որ իրենց պահանջները բավարարվեն, ու դրանից հետո, կոպիտ ասած, լայեղ անեն Հայաստանին մի բան տան կամ չտա՞ն: Բա որ Հայաստանը մեռնի մինչ այդ: Այսինքն՝ ազնիվ չեն Զախարովայի պրետենզիաները մեր նկատմամբ: