Ինձ մեղադրում են անսկզբունքայնության մեջ. Արմեն Փամբուխչյան

Ինձ մեղադրում են անսկզբունքայնության մեջ. Արմեն Փամբուխչյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նախկին տրանսպորտի և կապի փոխնախարար Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է ՝ 

«Այս պատմությունը մի քանի անգամ տարբեր առիթներով գրել եմ, բայց մեկ անգամ ևս այսօրվա իրողության մեջ անհրաժեշտ եմ գտնում սրա մասին խոսելը:

Պատերազմի տարիներին ես ու հայրս ծառ չէինք կտրում տունը տաքացնելու համար, այլ հավաքում էինք կտրված ծառերի ճյուղերն ու մնացորդները, ես միշտ հարցնում էի հորս, թե ինչու՞ ենք ամեն օր ճյուղեր հավաքելու գալիս, երբ կարող ենք մենք էլ ծառ կտրել ու մի տևական ժամանակ ապահովենք մեր 115 քմ տան 12 քմ հատվածի (այժմ ծնողներիս ննջասենյակը) տաքացնելը, որտեղ ապրում էինք չորս հոգով, հայրս ասում էր, որ քանի դեռ ճյուղեր հավաքելու տարբերակն ունենք ծառ չենք կտրի:

7-8 տարեկան երեխայի համար մի կողմից անհասկանալի էր մեծ տան մեջ այդ փոքր սենյակում ապրելը, իսկ մյուս կողմից հասկանալի՝ ծառի ու բնության արժեքը:

Տարիների ընթացքում՝ քաղաքական հասունությանս զուգահեռ, անսահման սեր ունենալով բնության հանդեպ, ես միշտ բալանսավորել և հասկացել եմ, որ կան կարիքներ, որոնց լուծման մեխանիզմը բնությանն ինչ որ չափի վնաս հասցնելով է լուծվում, եթե այդ կորուստն անդառնալի չէ և ես ցանկացած բնապահպանական ակցիայի մոտեցել եմ այդ երկու հանգամանքի համադրության մեջ:

Այսօր մի շարք աղջիկներ և տղաներ, որոնք ենթադրբար տաքացել են իրենց հայրերի կտրած ծառերով, որոնց ճյուղերն եմ ես հավաքել, ինձ մեղադրում են անսկզբունքայնության մեջ, այն պարագայում, որ ես երբեք, երբե՜ք չեմ ասել այս կամ այն սարը հանք չի դառնալու, ոչ էլ՝ հակառակը, վերևում գրած բացատրությանս շրջանակում:

Ահա այսպիսին է մեր առօրյան, ֆեյսբուքյան թռենդային մի ստվար մասի վերաբերմունքն ու մոտեցումը»։