Երբ փրկությունը շփոթում են հաղթանակի հետ

Երբ փրկությունը շփոթում են հաղթանակի հետ

Ամենասկզբից ասեմ, որ Արեւելքում Ռուսաստանի «փրկչական առաքելության» մանտրայի հետեւորդ չեմ, բայց իրականությունից, ինչպես ասում են, չես փախչի: Մեր այսօրվա քիչ թե շատ հավաքականությունը դեպի Կովկաս ռուսական էքսպանսիայի արդյունք է: Անառարկելիորեն: Օտար աղբյուրներին հղելու կարիք չկա: Բավական է ուշադիր կարդալ Աբովյանի «Վերք Հայաստանին» եւ կհամոզվենք, որ 19-րդ դարասկզբի Երեւանում մենք ոչ միայն փոքրամասնություն, այլեւ արդեն չհանդուրժվող, նույնիսկ արհամարհված էինք: 1897թ. համակայսերական մարդահամարի տվյալներով, մինչդեռ, Երեւանում հայ բնակչությունն արդեն գերակշռում էր պարսկա-թուրքականին:

Հուշերի «Կյանքի բովից» գրքում Շիրվանզադեն վկայում է, որ «Մշակի» խմբագիր Գրիգոր Արծրունին կովկասահայ բուրժուազիայի կապիտալը դեպի բուն Հայաստան ուղղելու, մանավանդ լեռնահանքային արդյունաբերություն զարգացնելու ծրագիր էր մտմտում՝ եղբոր՝ բնագետ Անդրեասի մասնագիտական խորհրդատվությամբ: Ոչինչ չի ստացվել: Մանթաշովի, Առաֆելովի, Լիանոզովի, մյուսների համար ավելի հրապուրիչ էր նավթային Բաքուն, բանկային-բորսայական Թիֆլիսը: Երեւանը գավառական քաղաք էր մինչեւ անցյալ դարի 50-ական թվականները, եւ Հայաստանի նույնիսկ խորհրդային պետականությունը հանդուրժվում էր մի տեսակ որպես փոխհատուցում 1915-21 թվականների ապոկալիպսիսի կամ, գուցե, միջազգային ինչ-որ պայմանավորվածությունների շնորհիվ՝ թող մասնագետ պատմաբանները պարզեն:

Խնդիրն իրականության հետ մեր գոնե ենթադրական հաշտությունն է:Սիմոն Վրացյանը «Հայաստանի Հանրապետություն» գրքում վկայում է, որ Բաթումի պայմանագիրն ստորագրելուց հետո թուրքերն առաջ շարժվեցին զինադադարի գծից, գրավեցին Ալեքսանդրապոլ-Ջուլֆա երկաթգիծը եւ կանգ առան Երեւանից յոթ կիլոմետր հեռավորության վրա՝ թնդանոթներն ուղղելով Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնին: Տեսակետ կա, որ հայերի նկատմամբ Օսմանյան կառավարությունը վեճ է ունեցել՝ վերջնականապես բնաջնջե՞լ, թե՞ վրացիների եւ ադրբեջանցիների հետ հավասար իրավունք շնորհել՝ ստեղծեն իրենց պետությունը: Հաղթել է երկրորդ մոտեցումը:

Թուրքիայի հիմնական նպատակն էր Հայաստանի վրայով անցնել-հռչակել Ադրբեջան: Թուրքերը տիրել են Ալեքսանդրապոլ-Թիֆլիս, Ալեքսանդրապոլ-Ջուլֆա երկաթգծերին եւ հայերին թողել 10 000 քառակուսի վերստ տարածքով երկիր: Մնացածը բանաստեղծություն է, եւ ժամանակի մեր ընկալումը՝ ֆոլկլորային: Եթե կովկասահայ բուրժուազիան մի քիչ հեռատես եւ հայրենասեր լիներ, կունենայինք ավելի նպաստավոր իրավիճակ: Գերմանիան նույն ժամանակ Վրաստանի անկախության երաշխավոր դարձավ, որովհետեւ վրացիները նրանց տվեցին երկրի ընդերքն արդյունահանելու ազատ իրավունքը: Ալեքսանդրապոլ-Թիֆլիս, Ալեքսանդրապոլ-Ջուլֆա երկաթգծերի քաղաքական գինը մի Արարատյան հանրապետություն էր, որի տարածքը պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո գրեթե վեց անգամ մեծացավ եւ մեկուկես  տարի անց կիսով կրճատվեց: Այդպես լինում է, երբ փրկությունը եւ քաղաքական կոնյունկտուրան շփոթում են հերոսության եւ հաղթանակի հետ:

Հայտնի միտք է, որ պատմությունը թեականություն չի հանդուրժում: Պատմությունը ստույգ է՝ որքան էլ այն գունազարդելու կամ սեւացնելու ճիգ գործադրվի: Ստույգ է, որ Կարսի պայմանագրի չեղարկման դեպքում վերականգնվելու է 1921թ. դեկտեմբերի 2-ի ստատուս-քվոն: Ստույգ է, որ 1991-94 թվականների պատերազմի էությունը ոչ թե պատմական պահանջատիրությունը, այլ ինքնապաշտպանությունն էր: Ստույգ է, որ կարող էինք մեկ անգամ էլ եւ արդեն վերջնականապես ձախողվել ու էլի հայրենազրկվել, եթե ժամանակի իշխանությունը պրագմատիկ չգործեր: Ստույգ է նաեւ, որ այդ գծից շեղումն է խաթարել մեր ազգային-պետական ընթացքը: Եւ գրեթե նույնքան ստույգ է, որ փրկությունը հաղթանակի հետ վերստին շփոթելու իրավունք ոչ ոք չունի: Լինի անհատ, խմբակ, թե քաղաքական ուժ: