Իշխանությունը․․․ ժողովրդական ասացվածքներում

Իշխանությունը․․․ ժողովրդական ասացվածքներում

2․ՇՈՒՆԸ ՏԻՐՈՋԸ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ

Ինչ ասել կուզի, հինավուրց այս ասացվածքով ենթադրվում է անկառավարելի, քաոսային իրավիճակ, երբ նույնիսկ շունն է դուրս գալիս վերահսկողութունից այնքան, որ այլևս չի ենթարկվում տիրոջը՝ նրան չի «ճանաչում»։ Այլ կերպ ասած՝ չի ճանաչում տիրոջ լեգիտիմ իրավունքը՝ իրեն հրամաններ ու հրահանգներ տալու, դրանց կատարումը վերահսկելու և հարկ եղած դեպքում նաև որոշ դաստիարակչական միջոցներ (ասենք՝ քոթակի կարգի) ձեռնարկելու առումով։  
Այս իրավիճակը մեզ ծանոթ է հատկապես վերջին ամիսներին, երբ համավարակի դեմ հերոսական պայքարի (= պատերազմի) ելած իշխանության վերին էշելոններում խառն են այնքան, որ չեն կարողացել  ճակատամարտից առաջ նույնիսկ նորմալ դերաբաշխում անել, որի պատճառով էլ պատերազմական իրավիճակից ենթադրվող մ ու ն ե տ ի կ ի պաշտոնը, օրինակ, մեկ նախարարն է «յուրացնում», մեկ՝ պարետը, մեկ՝ վարչապետը, մեկ-մեկ էլ՝ մունետիկի մունետիկը՝ վարչապետի խոսնակը։ Կարելի է արձանագրել, որ այդ շուն-շանորդի մունետիկի պաշտոնը իսկապես չի ճանաչում տիրոջը՝ չգիտի՝ ո՛ւմ «ծառան» է ի վերջո։

Բայց այս ասացվածքն էլ, ինչպես ենթադրվել էր այս խորագրի առաջին հրապարակման մեջ, մեր օրերում այլ բովանդակային զարգացումներ է ստանում։ 

Ներողություն խնդրելով ՀՀ վարչապետի կիսաստվածային կերպարին ու մանավանդ նրա Առաքելական սուրբ Գործունեությանը ամենօրյա ռեժիմով (անկախ այն բանից՝ շաբաթ-կիրակի է, թե ոչ)  մատաղ լինող բիոզանգվածից և այդ զանգվածին խիստ փոխաբերաբար «շուն» անվանելով (շեշտադրելով, անշուշտ, այս աստվածահաճո կենդանու անմռունչ հավատարմությունը տերերին), պետք է արձանագրենք, որ դեպքերը զարգանում են այնպիսի արագությամբ և չնախատեսված սցենարներով, որ վերոնշյալ «շունն» էլ սկսել է․․․ չճանաչել իր տիրոջը։ Չճանաչել ասելով ամենևին նկատի չունեմ, թե «շունը» հրաժարվում է ճանաչել տիրոջը, քա՛վ լիցի, այլ՝ որ նա․․․ չի՜ կարողանում ճանաչել՝ այնքա՛ն փոխված է տերը։ Կարելի է ասել՝ առաջվա տիրոջից ո՛չ համ ու հոտն է մնացել (անտեր մնա կորոնավիրուսը, նույնիսկ՝ ասիմպտոմ), ո՛չ էլ, մինչև իսկ, շորերը։  Կոստյում-շալվարն էլ հագին՝ լրիվ նմանվել է մերժված էն մարդամեկին․ դե, «շուն», արի ճանաչի։