Այս ի՞նչ լռություն է. մենք իրավունք ունենք պատասխան պահանջելու

Այս ի՞նչ լռություն է. մենք իրավունք ունենք պատասխան պահանջելու

Պարզ ժամանակագրությունն ու չոր փաստերը վկայում են, որ ՔՊ իշխանության արտաքին քաղաքական միակ անսասան ուղեգիծն առ ադրբեջան՝ զիջումներ և հանձնումներ հանուն խաղաղության, որի տրամաբանական հետևանքը Արցախի լիակատար ցեղասպան հայաթափումն էր, ոչ միայն ՀՀ-ին չեն մոտեցնում խաղաղությանը, այլ հանգեցնում են նորանոր ճնշումների և ռազմական հարձակումների։

Որքան շատ է Նիկոլ Փաշինյանը խոսում և ամեն հարթակում ստորագրում ադրբեջանի տարածքային ամբողջականության իր անվերապահ ճանաչման մասին հայտարարություններ՝ 86,6 հազար քառակուսի կմ սահմաններով, այնքան ավելի ենք հեռանում 29,8 հազար քառակուսի կմ-ի նրա երազած Հայաստանից հանուն որի զոհաբերվեց Գորիս-Կապան միջպետական ճանապարհը, Գեղարքունիքի, Սյունիքի, ու Վայոց Ձորի ռազմավարական տարածքներն ու բնակավայրերը, լճերն ու լեռները, արոտավայրերն ու գյուղատնտեսական, արդյունաբերական   ենթակառուցվածքները, ի վերջո՝ ամբողջ Արցախի Հանրապետությունը, միայն անշեղ ավելանում են մեր զոհերն ու կորուստները։

Ադրբեջանից անընդմեջ սպառնալիքներ են՝ իրենց օկուպացված տարածքների ազատագրման մասին, ԱՄՆ պետքարտուղարությունը Բլինքենի մակարդակով մտահոգված է առաջիկա շաբաթներին հարավային ուղղությամբ Հայաստանի վրա ադրբեջանի հավանական հարձակման մասին իրենց տեղեկատվությամբ, ինչ-ինչ քայլեր է կատարում, բայց նիկոլյան Հայաստանում քաղաքապետի ընտրության ցուցքեր են՝ ուրարտական ժամանակների ծաղրանմանությամբ, խաղաղության օրակարգից չշեղվելու զգայական հավաստիացումներով։ Բայց իբրև ՀՀ քաղաքացիներ, ժողովուրդ, որին սահմանադրությամբ պատկանում է իշխանությունը՝ մենք ի վերջո իրավունք ունենք պատասխան պահանջելու ՀՀ վարչապետից, ՀՀ պաշտպանության նախարարից, ԳՇ պետից, ԱԱԾ պետից, արտաքին քաղաքական գերատեսչությունից, Աժ-ից՝ ի՞նչ պաշտպանական ծրագրեր են իրագործել, Բլինքենից ավելի մտահոգվա՞ծ են ՀՀ տարածք ռազմական ներխուժման մոտալուտ վտանգից, ի՞նչ հակազդեցություն են պատրաստում, թե՞ նորից կոչ կանեն Սարդարապատի, ապա՝ անձնատվության թուղթ կստորագրեն, զինված ուժերին էլ հրաման կտան հեռանալու, զինամթերքն ու դիրքերն էլ կմնան թշնամու տրամադրության տակ։

Այս ի՞նչ լռություն է, ու խնդիրը բնավ խուճապից խուսափելը չէ։ Խուճապը միայն անորոշությունից ու անպատրաստ լինելուց է, պաշտպանված և իրազեկ մարդիկ խուճապի չեն տրվում, հակազդում են։

Նարինե Դիլբարյանի ֆեյսբուքյան էջից