Պուտինի հետ հնարավոր չի ոչ մի բանակցություն վարել կամ պայմանավորվել. Վասիլչուկ

Պուտինի հետ հնարավոր չի ոչ մի բանակցություն վարել կամ պայմանավորվել. Վասիլչուկ

Ուկրաինայի նախագահ Զելենսկու կողմից զորքերի հրամանատար Զալուժնիին պաշտոնանկ անելուց հետո ուկրաինական հասարակությունը շունչը պահած հետևում է ռազմական գործողություններին, թե դրանք ինչ ընթացք կունենան։ Հիշեցնենք, որ Ուկրաինայի ԶՈՒ նորանշանակ գլխավոր հրամանատարն է գեներալ-գնդապետ Օլեքսանդր Սիրսկին։

Կիևի քաղաքային խորհրդի պատգամավոր, Ուկրաինայի ԶՈՒ սպա Վադիմ Վասիլչուկը «Հրապարակի» հետ զրույցում տեղեկացրեց, որ ուկրաինական հասարակությունը բավականին հանգիստ է ընդունել Զալուժնու հեռացումը զբաղեցրած պաշտոնից։

«Հիմա ծանր իրավիճակ է արևելքում, շատ ծանր է իրավիճակը Ավդեևկայում։ Փոփոխությունը լայնամասշտաբ է, ոչ միայն Զալուժնիի փոխարեն Սիրսկիին նշանակելու մասով է եղել փոփոխություն, այլև տարբեր ստորաբաժանումներում ու ուղղություններում գեներալների զբաղեցրած պաշտոններում։ Ստեղծվելու են դրոններով զբաղվող նոր ստորաբաժանումներ, կարծում եմ, դրանք լինելու են նոր ստորաբաժանումներ ուկրաինական զորքում։ Հիմա հասարակությունը այս իրավիճակին նայում է հետևյալ դիրքորոշմամբ՝ արդյոք այս նոր թիմը կկարողանա՞ հասնել ու ցույց տալ արդյունքներ, որն իրենցից ակնկալում է գերագույն գլխավոր հրամանատարը»,-ասաց ուկրաինացի սպան։

Վերջինս նշեց, որ պաշտոնից հեռացման հենց հաջորդ օրը Զելենսկու կողմից Զալուժնիին պարգևատրելը լարվածությունը հանեց։ Փաստացի, ռազմական ղեկավարության մի թիմն ամբողջությամբ փոխարինել են մեկ այլ թիմով՝ եզակի բացառություններով։ Նորանշանակ գեներալների մեծամասնությունը պատերազմական փորձառություն ունի և նույնիսկ զինվորականները սպասում են դրական արդյունքներ։ «Այդ գեներալները բավականին լավ վարկանիշ ունեն։ Հարցեր են եղել գեներալի մասով, ով գլխավորում են տարածքային պաշտպանության ստորաբաժանումը, սակայն պարզաբանում է տարածվել, դրա մասով նոր մեկնաբանություններ չեն եղել»,-ասաց Վադիմ Վասիլչուկը։

Գեներալ Սիրսկին հայտարարել  է, որ Ուկրաինան հիմա պաշտպանական մարտերի է անցել ու պատճառներից մեկն այն է, որ զինամթերքը չի բավականացնում և այն քանակը, որն անհրաժեշտ է ուկրաինական կողմին, ցավոք բավարար չէ: 

«Մեր գործընկերները դեռևս չեն կարողացել մեզ տրամադրել բավականաչափ զինամթերք, այս մասով հիմա կա նման խնդիր, բայց մասամբ դա կոմպենսացվում է անօդաչուների քանակով, որն օգտագործում ենք առաջնագծի երկայնքով և թշնամուն կորուստներ ենք պատճառում»,-ասաց Կիևի պատգամավորը։

«Հրապարակի» հարցին, թե ինչպե՞ս է ազդել Ուկրաինայի զենքի մատակարարումների վրա իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտը, վերջինս ասաց, որ դա որևէ կերպ չի ազդել, որովհետև, օրինակ, ԱՄՆ-ից տրամադրվող աջակցությունը դանդաղել է ներամերիկյան ընտրությունների և դեմոկրատների ու հանրապետականենրի միջև մրցակցության հետևանքով։ Սակայն, այս երկու կուսակցությունների ներքին պայքարը որևէ կերպ չի արտահայտվում Իսրայելում ռազմական գործողությունների վրա և հենց նրանք միմյանց հետ ունեցած խնդիրները լուծեն, ապա մատակարարումները նորից կվերսկսվեն։

«Եվրոպան արեց ամեն հնարավորը և կարողացավ աջակցել մեզ հիմա և ես համոզված եմ, որ առանձին եվրոպական երկրներ շարունակելու են դա անել»։

Անդրադառնալով ՌԴ նախագահ Պուտինի` ամերիկացի հեռուստամեկնաբան Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցին, ասաց, որ նա ցանկացած հարցազրույց օգտագործում է փաստացի պատերազմը շարունակելու և սեփական տեսլականը տարածելու համար, թե ինչու պետք է պատերազմ լինի եւ այդ հարցազրույցը բացառություն չէր։

«Շատ լավ երևում է, որ Պուտինը ստում է հերթական անգամ, երբ կարծես երեք օր անց, լավ չեմ հիշում, իր հայրենիքում անդրադառնալով Կառլսոնի հետ հարցազրույցին, ասաց, որ այնքան էլ հաջող հարցազրույց չէր և դրանից հետո հայտարարեց, որ Ուկրաինայի դեմ պատերազմը պետք էր ավելի շուտ սկսել։ Որպես մարդ, ով հայտարարում է, որ պատրաստ է բանակցությունների գնալ, ով խաղաղություն է ուզում, հաջորդ հարցազրույցում ոչ միայն հակասում է ինքն իրեն, այլև ասում է, որ ինքը ցանկացել է պատերազմել Ուկրաինայի դեմ և ափսոսում է, որ ավելի շուտ չի սկսել այդ պատերազմը։ Դա հերթական անգամ խոսում է այն մասին, որ Պուտինի հետ հնարավոր չի ոչ մի բանակցություն վարել կամ որևէ բան պայմանավորվել։ Նա ստում է, որպեսզի պատերազմը շարունակի, որպեսզի ոչնչացնի Ուկրաինան որպես պետություն և որպեսզի ուկրաինացի ժողովուրդը վերջնականապես ցեղասպանության ենթարկվի»,-ասաց Վասիլչուկը։